Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

Օգոստոս 25,2004 00:00

Էջմիածնի բնակիչները դժգոհ են հանրապետական քաղաքապետից

Երկուշաբթի Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի առաջին ատյանի դատարանում լսվում էր Էջմիածնի քաղաքապետարանի «Կրթության միացյալ տնօրինության» նախկին տնօրեն Սուսաննա Հարությունյանի հայցն ընդդեմ քաղաքապետ Հրաչ Աբգարյանի: Պահանջը աշխատանքի վերականգնվելն է: Ս. Հարությունյանը սույն թվականի հուլիսի 30-ին քաղաքապետի հրամանով ազատվել է աշխատանքից: Ազատման հիմքը 2003 թվականի նոյեմբերի 12-ին ստացած նկատողությունն է՝ աշխատանքի ներկայանալու մատյանում այդ օրը չստորագրելու համար, ինչպես նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կատարած ստուգումների արդյունքներով կազմված ակտը՝ հարկային պարտավորությունները չկատարելու մասին: Ի դեպ, ժամանակի ընթացքում այս հրամանում ուղղումներ են մտցվել. նախ՝ այլ հրամանով տվյալ հրամանը չեղյալ է հայտարարվել, հետո՝ հաջորդ հրամանով ազատումը ձեւակերպվել է ավագանու նիստի որոշման հիման վրա՝ «Կրթության միացյալ տնօրինության» հիմնադիր քաղաքապետի կարգադրություններին չենթարկվելու, վերադաս-ենթակա հարաբերություններում էթիկայի նորմերը խախտելու համար: Պատասխանողի ներկայացուցիչ, քաղաքապետարանի իրավաբանական բաժնի ղեկավար Գագիկ Նահապետյանը, իրենց շահերի պաշտպան փաստաբանի օգնությամբ, դատարանին ներկայացրեց հայցադիմումի վերաբերյալ իրենց առարկությունները՝ վկայակոչելով մի շարք ֆինանսական ու կարգապահական խախտումներ, որոնք սակայն հիմնական հայցի հետ կապ չունեին:

Թե էթիկայի հատկապես ո՞ր նորմերն էր խախտել տիկին Հարությունյանը՝ պատասխանողի ներկայացուցիչները դժվարացան հստակեցնել: Հետաքրքիր էր ազատման ճշգրտված հրամանի առիթով դատարանի դահլիճում ծավալված երկխոսությունը: Ս. Հարությունյանը փորձեց պատասխանողից ճշտել, թե ինչո՞ւ իրեն չեն հրավիրել ավագանու նիստին, մանավանդ որ պետք է իրեն աշխատանքից ազատելու հարցը վճռվեր: «Քարտուղարը չի կարողացել ձեզ հետ կապվել»՝ եղավ պատասխանը: Հայցվորը հետաքրքրվեց նաեւ, թե մեկ օր բացակայելու համար այդ ո՞ր օրենքով են աշխատանքից ազատում: Պարզվեց, որ բացակայությունները «բազմաթիվ» են եղել: Իսկ թե ինչպե՞ս է պատահել, որ այլ բացակա օրերի վերաբերյալ մատյանում նշումներ չկան, այս հարցը պատասխանողը թողեց անպատասխան: «Մեկ օր պարբերաբար բացակայե՞լ է», պատասխանողին հեգնեց դատավոր Տիգրան Պետրոսյանը: Վերջինս առաջարկեց հաշտության համաձայնագիր կնքել՝ աշխատանքից հեռացնելը փոխարինելով սեփական դիմումի համաձայն հեռանալով: Հայցվորը պնդեց, որ ինքը կհեռանա սեփական դիմումի համաձայն միայն վերականգնվելուց հետո: Այսքանով դատն ընդմիջվեց մինչեւ սեպտեմբերի 2-ը:

Պարզվում է՝ այս պահին իր հերթական արձակուրդը վայելող քաղաքապետից ընդհանրապես դժգոհ են ոչ միայն ստորադասները: Էջմիածնի բնակիչ Մարինե Մուրադյանը մեզ իր մտահոգությունները փոխանցեց. «Աբգարյանին ընտրեցինք, որ մի բան աներ քաղաքի համար, բայց… Ընտրություններից հետո մեկ ամիս ընդամենը քաղաքի փողոցներում լույս եղավ: Քաղաքն աղբի մեջ կորած է: Սուսաննային մեկ օր չներկայանալու համար հեռացնում են, բայց քանի-քանիսն են ստորագրում ու ոչ մի անգամ տեղում չեն: Ի՞նչ է նշանակում գրադարանները, մանկապարտեզները փակել ու վաճառելը, գավառագիտական թանգարանը միակն է՝ վաճառե՞ն: Ուրեմն անգրագետ ցեղ ենք, էդ ցեղին պետք է վերացնել»: Էջմիածինցիները բողոքում էին նաեւ ճանապարհների անմխիթար վիճակից: «Քաղաքապե՞տ ենք ընտրել, թե՞ մեր գլխին պատուհաս»,- հուսահատ ասաց արդեն երեք ամիս թոշակ չստացած մի թոշակառու: Մեր դիտարկմանը, որ, ըստ պաշտոնյաների հավաստիացման, թոշակների խնդիրը կարծես լուծվել է, կինը պատասխանեց, որ իրեն անընդհատ ասում են, թե փողը Երեւանից դեռ տեղ չի հասել:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել