«ԱրմենՏելում» Հայաստանի կառավարության ներկայացուցիչը գտնում է, որ այդպես են վարվել OTE-ն եւ Հունաստանի կառավարությունը:
Պարզվում է, «ԱրմենՏելը» մինչ օրս չունի բիզնես-պլան: Ընդ որում, պետք չէ սա շփոթել ներդրումային պարտավորությունները սահմանող ծրագրի հետ, որն, ըստ էության, թիվ 60 լիցենզիան է: Այս մասին տեղեկացանք «ԱրմենՏելում» Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Սերժ Սարգսյանից: Ընկերության գործադիր ղեկավարությունը սա պատճառաբանել է հետագա գործունեության պայմանների, ինչպես նաեւ հնարավոր եկամուտների անորոշությամբ (օրինակ, տնօրենների համար պարզ չի եղել, թե արդյոք իրենց իրավունք կընձեռվի՞ 8 դրամով րոպեավճար կիրառել, որի պարագայում պարզ կլիներ եկամուտների չափը: Այժմ, օրինակ, մտածում են բիզնես-պլանը կազմել եւ ըստ 4, եւ ըստ 8 դրամ րոպեավճարների):
Առանց ընկերության գործունեության հիմքը կազմող այդ փաստաթղթի, մեր երկրի հեռահաղորդակցության օպերատորը, փաստորեն, աշխատում է արդեն վեց տարի, զարմանալի չէ՝ որ մեզ բոլորիս հայտնի արդյունավետությամբ: Այս պայմաններում, ըստ երեւույթին, անսպասելի չպետք է համարել այն, որ ընկերությունը մինչեւ նոր ղեկավարության նշանակվելը խոշոր պարտավորություններ է կուտակել, որոնցից միայն մի մասն է հաջողվել մարել վերջին մի քանի ամսվա ընթացքում: Այս առումով, ըստ պարոն Սարգսյանի. «ԱրմենՏելի» ներկայիս ղեկավարությունը բավականին բարդ ժառանգություն է ստացել իր նախորդից»: Այժմ ընկերության ֆինանսական վիճակը, ըստ կառավարության ներկայացուցչի, թեթեւացել է: Սակայն դա տեղի չի ունեցել, ասենք, հմուտ մենեջմենթի հետեւանքով: Այս տարի ընկերությունը լուրջ (օրինակ, խոշոր հանգույցների կառուցում) ներդրումներ չի կատարել եւ իր եկամուտները հիմնականում ուղղել է պարտքերի մարմանը:
Ընդ որում՝ էական է, որ դրանք չպատճառաբանված ու չհիմնավորված պարտք-պարտավորություններ են: Մեր զրուցակցի գնահատմամբ, «այդ պարտքերը գոյացել են հիմնականում ապրանքների մատակարարումներից: Ապրանքանյութային արժեքները մատակարարվել էին ապրանքային վարկի տեսքով: Եվ «ԱրմենՏելն» այնպիսի մի ֆինանսական վիճակում էր, երբ ընթացիկ պարտքերը գերազանցում էին ակտիվները»: Սա ընկերության բնականոն գործունեության հետեւանքով չի տեղի ունեցել. կառավարության ներկայացուցչի պնդմամբ, սարքավորումները արհեստականորեն բարձրացված (ուռճացված) գներով էին մատակարարվում հունական տարբեր ֆիրմաներից, «որտեղ OTE-ն բաժնեմաս ունի (OTE-ի հիմնական բաժնետերը Հունաստանի կառավարությունն է եղել, որը միաժամանակ նաեւ «ԱրմենՏելի» հիմնական բաժնետերն է-Ա. Ու.): Փաստորեն, OTE ֆիրմայի միջոցով էքսպանսիա էր տեղի ունենում՝ իր սեփական արտադրանքը կրկնակի, եռակի գներով «ԱրմենՏելին» վաճառելով»: Պարոն Սարգսյանը սա պայմանավորում է երկու հանգամանքով. նախ, ներդրումների մեծ ծավալ ցույց տալու համար, որովհետեւ «ԱրմենՏելի» առջեւ դրված պարտավորությունները որոշակի դեպքերում սահմանված էին գումարային արտահայտությամբ: Եվ երկրորդ, որպեսզի «ԱրմենՏելի» հաշվին գերշահույթ ապահովեին:
Մեր հարցին ի պատասխան, կառավարության ներկայացուցիչը չբացառեց, որ տեսականորեն հնարավոր է, որ այդ գործարքները վերանայվեն, վերահաշվարկներ կատարվեն:
«Առավոտի» հարցին, թե ինչով էր զբաղված կառավարության ներկայացուցիչն այն ժամանակ, երբ այդ գործարքները կնքվում ու իրականացվում էին, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «դա կառավարության խնդիրը չէ: Դա ընկերության գործադիր մարմնի խնդիրն էր: Բայց մի քանի անգամ տնօրենների խորհրդի նիստերում բարձրացրել եմ այդ հարցերը: Մասնավորապես, որ պետք է դադարեցվեն արհեստականորեն բարձրացված գներով սարքավորումների գնումները հունական տարբեր ֆիրմաներից, որոնցում OTE-ն բաժնեմաս ունի»:
«ԱրմենՏելի» շուրջ տեղի ունեցող ուշագրավ այլ իրադարձությունների մասին՝ մեր առաջիկա համարներից մեկում:
ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ