Այսօր մեր թերթում պիտի լուսանկարչական ռեպորտաժ հրապարակվեր, թե
ինչպես են նորահարուստները, Երեւանում կանաչ տարածությունները վերացման եզրին
հասցնելուց հետո, այժմ էլ Ծաղկաձոր փոխանցել իրենց ավերիչ գործելակերպը:
Սակայն պարզվեց, որ նրանք այնտեղ են փոխանցել նաեւ իրենց պահնորդների միջոցով
լրագրողների հետ հաշվեհարդար տեսնելու գործելակերպը:
Ոչնչացված
լուսանկար թիվ 1՝
Ծառուկյանի «չինական պարիսպը»
Ծաղկաձորի անտառում
Ալրաղացի Լյովայի պահնորդի «սխրանքը»
…Լուսանկարչական ռեպորտաժն ավարտելուց հետո, մինչ Ծաղկաձորից կվերադառնայինք Երեւան, որոշեցինք Գրողների ստեղծագործական տուն մտնել՝ ճանապարհից առաջ հանգստանալու ու մի բաժակ սուրճ ըմպելու: Այստեղ մեզ հասավ սեւազգեստ պահակը, որը, երբ լուսանկարում էինք ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանի տունը, քաշել էր «Ֆոտոլուրի» լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանի ձեռքից՝ «Արա, մի՛ նկարի» ասելով: Նրա ետեւից Գրողների տուն մտան եւս 3-4 հոգի, որոնցից առավել բորբոքվածը (կարելի կլիներ նրան անվանել սափրագլուխ, սակայն գլխի թրաշը մի քիչ եկել էր) մոտեցավ մեզ ու սկսեց գոռալ. «Արա, դուք ո՞վ եք», հետո խլեց «Ֆոտոլուրի» 3 հազար դոլար արժողությամբ օբյեկտիվը ու սպառնաց, թե ջարդուփշուր կանի այն: Մխիթարի 2 հազար դոլարանոց լուսանկարչական ապարատն իմ պայուսակում էր. կրքերը հանդարտեցնելու համար լուսանկարիչն այն խնդրեց ինձնից, որ ուղղակի ջնջի այդ մի կադրը եւ չվտանգի մնացած նկարահանումների ճակատագիրը: Սակայն վերաճած-սափրագլուխը բնավ մտադիր չէր հանդարտվել ու սկսեց Մխիթար Խաչատրյանի թեւերից ձգելով քաշել դուրս, ու իզուր էին նրան խոչընդոտելու փորձերս: Ընդ որում՝ չէր քաշվում միջնասրահում բազմաթիվ վկաների առատությունից. հայհոյանքներ էր շաղ տալիս ու հարվածում լուսանկարչի գլխին: Վկաները կանայք, երեխաներ եւ տարեց մարդիկ էին՝ մտավորականներ (կատարվածին ականատես էր, ասենք, Գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը), որոնց բնավ չէր սազի ծեծկռտուքի մեջ ներքաշվելը: Ուստի ընդամենը փոքրիկ միջամտություն եղավ, որ ընդունվի Մխիթարի առաջարկը եւ «բանավեճը» վարեն ոչ թե դրսում, այլ Գրողների տան տնօրենի՝ Մովսես Մանուկյանի առանձնասենյակում: Թե ինչ եղավ արդեն այստեղ՝ պատմում է Մխիթար Խաչատրյանը. «Նա գոռում էր. «Չգիտե՞ս՝ ուր ես մտել: Քեզ հիմնատակ կկորցնենք, քո ժուռնալիստ…»: Պահանջում էր, որ լուսանկարչական սարքից հանեմ ժապավենը՝ սպառնալով այլապես կոտրել այն: Բացատրում եմ, որ սա ժապավեն չունի, չիպով է գործում»: Նկատենք, որ մեր «օլիգարխիկներին» վաղուց հարկ էր իրենց սափրագլուխներին տեղյակ պահել, թե ինչ է թվային ֆոտոխցիկը, թե չէ այս էլ որերորդ անգամ նրանք լրագրողներից ապարդյուն պահանջում են՝ «պլյոնկա՛» ու կատաղում, որ չի կատարվում իրենց պահանջը:
Մինչ նրանց կրթության այս բացը տնօրենի առանձնասենյակում փորձում էր լրացնել «Ֆոտոլուրի» թղթակիցը, որին էլի կոպտորեն քաշքշել էին, սպառնալիքներ տեղացել ե՛ւ նրա, ե՛ւ Մովսես Մանուկյանի հասցեին, դրսում սեւազգեստ պահակն էլ իմ առջեւ էր աքլորանում, թե՝ տեսա՞ք, ինչ եղավ, բա որ ձեզ հայերեն ասում էի՝ ուրիշի տունը մի նկարեք, է՞ս էիք ուզում: Ես էլ նրան էի փորձում հայերեն բացատրել, որ այն, ինչ այժմ անում են ինքն ու իր ընկերները, ուղղակի քրեական հանցագործություններ են՝ խուլիգանություն եւ լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտում: Այս անպտուղ երկխոսությունն արագ ավարտվեց, քանի որ տնօրենի առանձնասենյակից դուրս եկան Մխիթարն ու նրա վրա հարձակվողները, որոնցից ամենաագրեսիվն ակնհայտորեն բավարարված էր՝ նրան հաջողվել էր վերցնել նկարահանած բոլոր կադրերը պատկերող չիպը («Ֆոտոլուրի» թղթակիցը սա համարել էր չարյաց փոքրագույն տարբերակը՝ լուսանկարչական թանկարժեք սարքավորումները կոտրելու իրական սպառնալիքն աչքի առջեւ ունենալով): Նախկին սափրագլուխը հանդարտվել էր այնքան, որ Ազատ Եղիազարյանից անգամ ներողություն խնդրեց՝ պատճառված անհանգստության դիմաց: Սակայն նկատելով մեր մեքենայի վարորդին, որ տեղացիներից մեկն էր, էլի կատաղեց ու սկսեց այժմ էլ նրան դուրս տանելու փորձեր անել ու քաշքշել: Մխիթարը, որի վիզն ու ձեռքերը քերծված էին, այնուամենայնիվ, դեռ նրանց ետեւից գնալով առաջարկում էր, թե չիպը բավական թանկ է, լավ կանեն վերադարձնեն՝ ինքը կջնջի իրենց տարածքում նկարած մի կադրը:
…Թերեւս ժամանակն է, ի վերջո, ներկայացնել, թե ինչից ծագեց այս ահավոր կռիվը մեծ:
Էս սարն իմն է, էս ծառն իմն է
Ոստիկանության պետի տեղակալ, «6»-րդ վարչության նախկին պետ Արմեն Երիցյանի, նրան դրկից՝ մաքսատան աշխատակից Կարեն Ջանոյանի ու ոմն Սեֆիյանի տները ընդամենը մի քանիսն են այն առանձնատներից, որոնք արագ թափով կառուցվում են Ծաղկաձորում՝ կամաց-կամաց նոսրացնելով անտառը: Եվ խլելով ամբողջ չիպը՝ պահնորդները փաստորեն անգնահատելի ծառայություն մատուցեցին մնացած բոլոր գործիչներին էլ, որ, Երեւանից հետո, այժմ էլ Ծաղկաձորն են դարձրել իրենց հավակնությունների թիրախը:
Թվարկենք մի քանի այլ անուններ, որոնց՝ անտառի հետ արած ձեռնածությունները դառնալու էին մեր ձախողված ռեպորտաժի նյութը: Մենք մտադիր էինք լուսանկարներով ներկայացնել, թե ինչպես է ԱԺ պատգամավոր, «Մուլտի» գրուպ ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանը անտառի միջով մի հսկայական պարիսպ անցկացրել՝ գծելով իր հսկայական կալվածքի սահմանները: Նա նախապես գնել էր Տերեշկովայի անվան ճամբարը, որի տարածքը, ըստ տեղաբնակների՝ շուրջ 1 հեկտար էր: Իսկ այժմ Ծառուկյանի սեփականը դարձած անտառը շուրջ 20 հեկտար է կազմում, եւ այդ կալվածքի շրջանակում թափով իրականացվում է շինարարություն:
Ընդհանրապես՝ մինչեւ մարզաբազա ձգվող ճանապարհի աջ ու ձախ կողմերը բաժան-բաժան են արվել, ու այստեղ այլեւս գրեթե չի մնացել ոչ սեփական հողատարածք: Այստեղ իր ամառանոցն է ձեռք բերել, ասենք, Մաքսային պետական կոմիտեի ղեկավար Արմեն Ավետիսյանը: Ալրաղացի Լյովը՝ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը, իր առանձնատունը կառուցել է դեպի ճոպանուղի ընկած հատվածում՝ անտառի մեջ, բայց այնուամենայնիվ ճանապարհից արգելափակվել է մի հսկայական պարիսպով: Ակադեմիայի պանսիոնատը գնել են Երեւանի «Սայաթ-Նովա» սրճարանի տերերը (ոմանք ինչպես այս սրճարանի, այնպես էլ այդ պանսիոնատի իրական տերը համարում են ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին): Գնել են, վերակառուցում են՝ փառք ու պատիվ կտայինք նրանց, եթե մի «բայց» չլիներ՝ էլի նաեւ անտառից խլված տարածքի հաշվին են իրականացնում շինարարություն:
Ծառերը վերացնելով՝ հսկայական ճանապարհներ են բացվում, անտառի մեջ ձգվող որոշ ճանապարհներ արդեն իսկ ասֆալտապատվել են՝ հնարավորություն ստեղծելով, որ դրանց կողքերին ծլեն նոր «օբյեկտներ»:
Ասենք՝ նման հեռանկար է կանխատեսվում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի
սեփականությունը համարվող մի պանսիոնատ տանող նորակառույց ճանապարհի համար:
Ծաղկաձորի մատույցներում գտնվող մանկական նախկին առողջարանի տեղում պանսիոնատ
կառուցելով՝ մարզպետը չգոհացավ գործող հին ճանապարհով ու, կես կիլոմետր տարածք
շահելու համար, նոր ճանապարհ կառուցեց, բնականաբար՝ անտառի միջով:
Ոչնչացված
լուսանկար թիվ 2՝
Այստեղով Քոչարյանն է անցել
Մի առանձին լուսանկարի նյութ էր անտառի միջով բացված այն 9 մետրանոց ճանապարհը,
որ բացվել է հատուկ Ռոբերտ Քոչարյանի պատվին: Նա սովորություն ունի ձմեռներն
այդ ստորոտին «Բուրան» քշել, եւ, ահա, որպեսզի մեր «լեգիտիմ» նախագահի սլացքին
եւ ոչ մի ճյուղ չխոչընդոտի՝ տրակտորով դրել ու ճանապարհ են հարթել: Մինչդեռ
այստեղ բնությունը դեռ նոր-նոր էր ուշքի գալիս էներգետիկ ճգնաժամի հետեւանք
ծառահատումներից հետո. դեռ նոր-նոր թփուտներ էին առաջացել, որ որոշ ժամանակ
անց դառնալու էին անտառ: Բայց ահա դրել ու տրակտորով… Ասում են, սպորտկոմիտեի
նախագահ Իշխան Զաքարյանն է այսպիսով փորձել հաճոյանալ պրն Քոչարյանին:
Հռետորական հարցեր
Ոչնչացված լուսանկար թիվ
3՝ Կոտայքի մարզպետը 0,5 կմ ճանապարհի համար բուսականություն է ոչնչացնում
Նշեմ, որ միայն լուսանկարահանելով մեր գործն ավարտված չէինք համարելու. փորձելու էինք տեղական իշխանավորներից պարզել, թե իրո՞ք հողհատկացումներն արվել են հենց այն անձանց, որոնց էլ Ծաղկաձորի բնակիչները համարում են այդ առանձնատների սեփականատերերը: Փորձելու էինք նաեւ ստանալ հետեւյալ որոշ հարցադրումների պատասխանները: Արդյոք թույլատրելի՞ են անտառում պարսպապատումները՝ հաշվի առնելով, որ այն մեկ ամբողջական օրգանիզմ է: Արդյոք անտառի սեփականատերեր դարձածները որոշակի պարտավորություններ ունենալո՞ւ են եւ, ասենք, նրանց պայման առաջադրվելո՞ւ է, որ կտրված ամեն մի ծառի դիմաց տնկեն 3-ը: Եվ եթե այո՝ ո՞վ եւ ինչպե՞ս է վերահսկելու, որ կատարվի այդ պայմանը: Բացի այդ՝ քանի որ հասարակ ծաղկաձորցիներն ու քաղաքի հյուրերն էլ են ցանկանում անտառում զբոսնել՝ արդյոք կարելի՞ էր նման «սեփականաշնորհման» դիմել հանրային շահերի ոտնահարմամբ: Եվ վերջապես՝ ամենակարեւոր հարցերը. ի՞նչ պարտադիր էր, որ հենց 300-ամյա բուսականության մեջ կառուցվեին այդ առանձնատները, արդյոք չպիտի՞ արգելվի քաղաքաշինությունն անտառում: Եվ արդյոք այս ամենի հետեւանքով Ծաղկաձորը չի՞ կորցնի իր առողջարանային գրավչությունն ու իմաստը, եթե անտառը լցվի շինություններով:
…Գործված հարձակումից հետո, անկեղծ ասած, տրամադրություն չմնաց որեւէ հարց ուղղելու Ծաղկաձորի իշխանավորներին: Եվ, ի վերջո, կարծես մեր հարցադրումները պատասխան ստացան էլ. եթե այս ամենն օրինական լիներ՝ անտառի սեփականատերերի պահնորդներն այդպես հիվանդագին չէին արձագանքի արձանագրելու փորձերին, թե ինչպես են նրանք վարվում իրենցը դարձած հատվածի հետ: Լրագրողի հետ հաշվեհարդարով նրանք նաեւ արդեն իսկ ցույց տվեցին, թե ինչ կլինի նրանց հետ, ովքեր կփորձեն ներխուժել հանկարծակի իրենց սեփականը դարձած՝ մշտապես հանրային եղած անտառ:
Թե չէ, հրեն՝ կացինս սրած
«Ինձ ոչ ոք չի զգուշացրել, թե սեփական տարածք ես մտել, մի լուսանկարի,- ասաց Մխիթար Խաչատրյանը, երբ Երեւան վերադառնալիս նրան պատմում էի սեւազգեստ պահակի «դաստիարակիչ» զրույցի մասին, թե իրավունք չունեինք ուրիշի սեփական տունը նկարել:- Ես շատ լավ հասկանում եմ, թե սեփականը ո՛րն է, հանրայինը ո՛րն է: Բայց կրկնում եմ՝ ինձ ոչ ոք չէր ասել, թե դա սեփական է. նա միայն ասում էր, թե «չեմ ուզում, չեմ թողում, որ ստեղից նկարես, հայերեն չե՞ս հասկանում»: Ընդամենն այսքանն է եղել, ու ես միայն մի կադր էի նկարել այնտեղ»:
Հետո մեզ հաջողվեց պարզել, որ այդ պահակը օգնության էր կանչել Ալրաղացի Լյովի տունը հսկող պահնորդներից մեկին, որ ասում են՝ նախկինում թիկնապահ է եղել, իսկ այժմ երկրորդական մի աշխատակից է, ինչպես ծաղկաձորցիներն էին ասում՝ «տռտռիկ քշող»: Ու այս արարքով «տռտռիկ քշողը» թերեւս փորձել էր աչքի ընկնել, ապացուցել տիրոջը հավատարմությունը: Նաեւ լուրեր հասան «Ֆոտոլուրի» չիպի հետագա ճակատագրի մասին. այն անմիջապես հասցրել էին Երեւանի Նալբանդյան փողոցի վրա գտնվող հաստատություն ու ուսումնասիրում էին, թե հատկապես ինչ էինք լուսանկարել: Նշենք նաեւ, որ մենք մեկնաբանությունների համար պաշտոնապես դիմեցինք նաեւ ոստիկանություն, խնդրեցինք, որ Արմեն Երիցյանը հերքի կամ հաստատի իր պահնորդների առնչակցությունն այս միջադեպին, սակայն մինչեւ օրվա ավարտն այդպես էլ չհետեւեց որեւէ արձագանք: Մնում է եզրակացնել, որ լռությունը համաձայնության նշան է:
…Հարձակվողների հեռանալուց հետո Գրողների տան տնօրենի առանձնասենյակում ճնշող լռություն էր՝ ոմանք քիչ անց խոստովանեցին, թե ուղղակի չգիտեն, թե ինչ անել անզորության զգացումից: Սակայն հետո մեզ, իսկ գուցե նաեւ ինքն իրեն գոտեպնդելու համար Մովսես Մանուկյանն ասաց. «Այնուամենայնիվ, սա մեր երկիրն է, նրանց երկիրը չէ»: Պատասխանեցի, թե կասկածում եմ: Հրաշալի գիտեի, որ անգամ եթե չձախողվեր լուսանկարչական ռեպորտաժը՝ էլի մի քար անգամ չէր պակասելու Ծաղկաձորի անտառներում հայտնված պարիսպներից: Նաեւ հրաշալի գիտեմ, որ եթե անգամ իրավապահ մարմիններին դիմենք ու առաջարկենք այս հրապարակումը դիտել որպես հիմք՝ հարձակվողներին խուլիգանության եւ լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ խոչընդոտելու համար, նախադեպերը հաշվի առնելով՝ արդյունքն էլի նվազագույն է լինելու: Ուստի գուցե անգամ չարժե կասկածել. սա նրանց՝ լկտի ապօրինություններ գործողների ու բռնացողների երկիրն է:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Այնուամենայնիվ հետաքրքիր է՝ մի՞թե այս պահնորդները
կամ նրանց տերերը կարող են թեկուզ փոքրիկ հույս ունենալ, թե այսքանով այս
պատմությունն ավարտվելու է եւ այլեւս ոչ մեկը փորձ չի անի խցկվել իրենց «սեփական»
անտառը ու բոլորը թքած կունենան, թե ինչ վայրենությամբ են նրանք վարվում
բնության հետ: Ստիպված եմ նրանց հիասթափեցնել. լրագրողի վրա բռնություն գործադրելով՝
այս պատմությունը բնավ չի ավարտվում, ընդհակառակը՝ սկսվում է: