Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԻՆՔՍ ԻՄ ՀԱՐՑԵՐԸ ԿԼՈՒԾԵՄ»

Օգոստոս 25,2004 00:00

Սպառնում
է ոստիկանների կողմից խոշտանգված
Գրիշա Վիրաբյանը
ՀԺԿ անդամ 44-ամյա Գրիշա Վիրաբյանը մայիսի 23-ին Արտաշատի ոստիկանությունում ծեծի ենթարկվելու արդյունքում ծանր մարմնական վնասվածք էր կրել եւ ենթարկվել վիրահատության, բայց այսօր նա՛ է մեղադրվում քրեական հանցագործության մեջ, որը սպառնում է 5՟10 տարի ազատազրկում: Մինչդեռ ընդդիմությունն ու մասնավորապես՝ նրա հարազատ կուսակցությունն այդ առնչությամբ առանձնապես մեծ աղմուկ չեն բարձրացնում: Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ Գ. Վիրաբյանն այս պահին անգամ հրաժարվել է պաշտպան ունենալ՝ զուտ ֆինանսական պատճառներով:

«Գործն ամբողջովին քաղաքական է, բայց ցանկանում են քրեականացնել՝ ոստիկանների կատարած հանցագործությունը մեղմացնելու, պարտակելու համար»: Գ. Վիրաբյանի ասելով, իր դեմ հարուցված քրգործը լիքն է կեղծ ու շինծու ցուցմունքներով, որոնք քրգործի տեսքով դատարան հասցնելու համար համալրել են նաեւ կեղծ, այդ թվում՝ բժշկական, տեղեկանքներով, որոնք կարող են հիմնավորել այդ ցուցմունքները: Գ. Վիրաբյանը փորձեց հիմնավորել իր այս գնահատականը՝ մատնանշելով քրգործում առկա տեղեկանքներից մի քանիսը. «Խոսքը նախ Արտաշատի ոստիկանության ներկայացրած կեղծ տեղեկանքի մասին է, որով, իբր, մայիսի 23-ին, ժամը 17:05-ին, հերթապահ բաժին ահազանգ է եղել անհայտ քաղաքացու կողմից այն մասին, թե, իբր, ես ապրիլի 12-ին զենքով մասնակցել եմ հանրահավաքի եւ բերման ենթարկելու պահին էլ զենք եմ կրել»:

Թեեւ ցուցմունքները հակասական են եղել, այդուհանդերձ, այդ պահին քննիչը չի էլ փորձել հարցադրումների միջոցով ճշտել, թե դրանցից ո՞րն է համապատասխանում իրականությանը: Գ. Վիրաբյանի ասելով, առերեսումից հետո արդեն առանց իրեն քննիչը կանչել է ճիշտ ցուցմունք տվող ոստիկանին եւ ուղղորդող հարցերի միջոցով ցուցմունքներ կորզել՝ դրանք համապատասխանեցնելով Գ. Վիրաբյանի դեմ տված սուտ ցուցմունքին:

«Բացի այդ, քրգործում չկա 20 թերթանոց իմ հիվանդության պատմությունը, ինչը եւս կեղծիք եւ իրական մեղավորներին պարտակելու ակնհայտ միտում է»,- ասաց Գ. Վիրաբյանը: Ընդհանրապես, նրա գնահատմամբ՝ իր դեմ հարուցված քրգործն իր փնթի ու շինծու լինելով դասական օրինակ է այն բանի, թե ինչպես չի կարելի մարդու դեմ «գործ սարքել»:

Գ. Վիրաբյանը մեր զրույցի ժամանակ անգամ չցանկացավ տալ այն 4 ոստիկանի անունը, ովքեր իրեն դաժանաբար ծեծել էին: Նա իր այդ քայլն այսպես բացատրեց. «Ընդհանրապես ոստիկանությունը այս իշխանության մարմնավորումն է՝ եւ դատախազությունը, եւ դատարանները, եւ ոստիկանությունը: Ես այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե ոստիկանությունն ինքնագլուխ է: Ինձ քաղաքական դրդապատճառներով են տարել ոստիկանության բաժին, եւ կատարվել է այն, ինչ կատարվել է: Դրա տակից դուրս գալու համար հիմա նրանք անընդհատ աշխատում են ամենատարբեր լծակներ օգտագործել: Ձեւակերպել են, թե իբր ինձ խուզարկել են, այն դեպքում, երբ ես այդ խուզարկողներին չեմ էլ տեսել, չգիտեմ էլ՝ ովքեր են: Գործում անուն-ազգանուններ եմ կարդում, որոնց չեմ ճանաչում ու երեւի նրանք գան դատարան ու ինձ չճանաչեն էլ, եթե թերթերից ծանոթ չլինեն»:

Գ. Վիրաբյանը նաեւ մի հայտարարություն արեց, որի իմաստն, իր ասելով, ինքը խորապես գիտակցում է. «Եթե այդ օրն ինձ զենքով էլ տարած լինեին, դարձյալ քաղաքական դրդապատճառներ էին լինելու, որովհետեւ այդ պահը հասունացել է այն աստիճան, որ ես պատրաստ եմ զենքով դուրս գալ էս իշխանության դեմ, հատկապես՝ իմ հետ կատարվածից հետո: Իմ նկատմամբ այդ ամենը կազմակերպեց Արտաշատի ոստիկանապետի տեղակալ Արմեն Գարբուզյանը, որին 10 օրվա ընթացքում տեղափոխեցին Չարենցավանի ոստիկանապետի տեղակալ»: Թե ինչու հատկապես Ա. Գարբուզյանը՝ Գ. Վիրաբյանն իր բացատրությունն ունի. «Որովհետեւ ինքն ինձ հետ վաղուց անձնական խնդիրներ ուներ: Ես ՀՀ վարչապետի աշխատակազմում աշխատած ժամանակ Ա. Գարբուզյանի կողմից կաշառք վերցնելու դեպք էի բռնել, իսկ Արտաշատի նախկին ոստիկանապետ Մակարյանը կաշառքը ետ էր վերադարձրել ումից վերցրել էին: Բա սա քրեական գո՞րծ է: Սա զուտ քաղաքական է: Ես հիմա էլ թերթով եմ հայտարարում. էդ 4 ոստիկանների համար ամենաանվտանգ տեղը մեկուսարանում նստելն է: Նրանք իրենց պատիժը պետք է ստանան: Ես առայժմ ուզում եմ, որ այդ պատիժն օրենքով սահմանվի: Հակառակ դեպքում իմ հարցերը ես ինքս կլուծեմ, եթե անգամ ինձ նստեցնեն, նույնիսկ՝ 10 տարի հետո: Այդ մարդիկ ներում չունեն, իսկ ես ոչնչի առաջ չեմ կանգնի»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել