Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնագործ խմբերի փառատոնն ավարտվեց

Օգոստոս 24,2004 00:00

Ինքնագործ խմբերի փառատոնն ավարտվեց Օգոստոսի 14-23-ը Հայաստանում անցկացվեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային առաջին փառատոնը։ Միջոցառումը կայացավ մի շարք կազմակերպչական վրիպումներով։ Այսպես, փառատոնի բացման օրը Ազգային օպերային թատրոնում հայ արվեստի վարպետների համերգը դիտելու եզակի հնարավորությունից զրկվեցին հյուրերից շատերը, դահլիճում նույնիսկ կանգնելու տեղ չլինելու պատճառով, թեպետ ունեին հրավիրատոմսեր։ Այս առիթով «Առավոտի» հարցին՝ հարմար չէ՞ր փառատոնի բացման արարողությունն անցկացնել մարզահամերգային համալիրում, կազմակերպիչներից մեկը իր անունը չբացահայտելու պայմանով ասաց. «Իհարկե՝ այո։ Բայց այսօր համալիրում սարքավորումներ, տեխնիկա, մի խոսքով՝ ոչինչ չի մնացել, ոչ մի բան չի աշխատում։ Կարճ ասած, եթե համալիը չմտնի Լինսի հիմնադրամի կողմից նորոգվող կառույցների ցանկ, ապա վերջնականապես այն կկորցնենք»։ Օգոստոսի 18-ին «Հայ գրի եւ գրակա նության» օրը ծրագրված այցելությունը Մատենադարան՝ պարզապես չկայացավ։ Մի քանի հարյուր հյուրերի սպասող Մատենադարանի աշխատակիցները ընդունեցին ընդամենը երկու տասնյակ սփյուռքահայերի։ Նույն օրը Շառլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված Հայաստանում եւ Սփյուռքում հրատարակված հայ գրքի բացօթյա ցուցահանդես-վաճառքին կարելի էր հանդիպել պարզապես անցորդների, գումարած հատուկենտ գրքասերներն ու ներկայացված գրքերի հեղինակները։ Կիրակի օրը նույն տեղում ժողովրդական երգ ու պարը նույնպես հանդիսատես չուներ՝ հավանաբար, նաեւ ցերեկվա տապի պատճառով: Սակայն մեզ հետ զրույցում մշակույթի գործիչները ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնեցին փառատոնից։ Երվանդ Ղազանչյան- Թատերական գործիչների միության նախագահ. «Այս փառատոնին պետք չէ նայել որպես մշակույթի խոշոր երեւույթ։ Հիշում եմ, երբ անցյալ դարի 70-ականների սկզբին ռումինացի արվեստաբան Մարսել Պետրիշորը Հայաստան կատարած իր այցելության ժամանակ նկատեց, որ այն ամենը, ինչ կա Հայաստանում, իր հիմքում ունի մի հոգեւոր նախասկիզբ, այսինքն՝ մշակույթի փաստ կամ քաղաքակրթության որեւէ ուշագրավ երեւույթ։ Եվ այդ փաստերի ու երեւույթների մեջ ամենահատկանշականը նա տեսավ համակենտրոնացման հակումի մեջ, որ ձեռք է բերում խորհրդանշական իմաստ։ Համակենտրոնացման բուռն հակումի այդ ներքին ուժականությունն այնքան տեսանելի ու խորհրդանշական բացահայտվում է Սփյուռքի ու Հայաստանի մշակույթի փոխադարձ պայմանավորվածության, նրանց միասնության մեջ, որ նկատելի է անգամ օտարին։ Դա պարզապես անհրաժեշտ է Սփյուռքի մեր հայրենակիցներին»։ Սերգեյ Սարաջյան- Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր. «Միայն հայ ժողովրդին խորհրդանշող «սփյուռք» բառն իր ողբերգական էության բացահայտման մեջ արդեն դրսեւորում է մի բազմաբովանդակ հոգեւոր-մշակութային աշխարհ։ Փառատոնը անհրաժեշտ է դիտել իբրեւ մեր ազգային մշակույթի զորավոր հատվածը՝ աշխարհում հայապահպանման խնդրի լուծման գլխավոր նախապայման։ Վստահ եմ, հաջորդ համահայկականը կլինի մեր ազգի պրոֆեսիոնալ մշակույթին անդրադարձ»։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել