ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ՇՔԱԽՄԲՈՎ ԺԱՄԱՆԵՑ ԱԹԵՆՔ Իսկ ըմբիշները կշռվեցին Երեկ Երեւանից հատուկ չվերթով Աթենք՝ ամառային 28-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաք ժամանեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա հետ են նախարար Հովիկ Աբրահամյանը, գործարար Գագիկ Ծառուկյանը, Երեւանի Կենտրոնի համայնքապետ Գագիկ Բեգլարյանը։ Նույն ինքնաթիռով Աթենք է ժամանել ազատ ոճի ըմբշամարտի մեր ազգային հավաքականը։ Նախագահն այսօր կհետեւի բռնցքամարտիկ Ալեքսան Նալբանդյանի, հունահռոմեական ոճի մեր ըմբիշների մրցելույթներին, վաղը Օլիմպիական ավանում կայցելի մեր մարզիկներին։ Հնարավոր է նրա հանդիպումը ՄՕԿ-ի ղեկավարության հետ։ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ժամանելով Աթենք՝ տեղավորվեց Օլիմպիական ավանում եւ երեկոյան, Երեւանի ժամանակով ժամը 18-ին, տեղի ունեցավ նրանց կշռումը եւ վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքներն այսպիսին են՝ 66 կգ քաշային Վաղինակ Գալստյանը առաջին խմբում կմրցի ՌԴ ներկայացուցիչ Մաքսիմ Սեմյոնովի հետ, ապա՝ շվեդ Ջեյմս Սամուելսոնի հետ: 54 կգ քաշային Լեւոն Գեղամյանի մրցակիցներն են Վյաչեսլավ Մակարանկան՝ Բելառուս եւ Անդրեա Միկուլին՝ Իտալիա: 120 կգ քաշային կարգում Հայկազ Գալստյանը կմրցի ֆրանսիացի Դյանմիկ Սերդեպանյակի, ապա՝ վենեսուելացի Ռաֆայել Պարենոյի հետ: Այս՝ հունահռոմեական ոճի մարզաձեւում բազմաթիվ են տարբեր երկրներ ներկայացնող հայ մարզիկները: Այսպես, 66 կգ քաշային կարգում Ուկրաինան ներկայացնում է Արմեն Վարդանյանը, 84 կգ քաշային կարգում Շվեդիայի դրոշի տակ հանդես կգա Արա Աբրահամյանը, իսկ 55 կգ քաշային կարգում Հունաստանի հավաքականից հանդես կգա Արտյոմ Կյուրեղյանը: Վաղը տեղի կունենա մյուս երեք քաշային կարգերի վիճակահանությունը: Հայաստանն այդ քաշային կարգերում ներկայացուցիչներ չունի, սակայն 74 կգ քաշային կարգում Վարդերեսյան-Լուկաշեւը ՌԴ հավաքականից է հանդես գալու, իսկ 60 կգ քաշային կարգում՝ Արմեն Նազարյանը, որն Ատլանտայում առաջին օլիմպիական ոսկե մեդալը նվաճեց Հայաստանի հավաքականի, իսկ Սիդնեյում՝ երկրորդ օլիմպիական ոսկուն արժանացավ Բուլղարիայի հավաքականի կազմում, այս անգամ մասնակցելու է դարձյալ Բուլղարիայի դրոշի տակ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ Աթենք