Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյումրիի Բիենալեն ավարտվեց

Օգոստոս 24,2004 00:00

Գյումրիի Բիենալեն ավարտվեց Մշակույթի նախարարության եւ Գյումրիի տեղական իշխանությունների անտարբեր հայացքների տակ Երեկ Գյումրիում ավարտվեց ժամանակակից արվեստի հերթական Բիենալեն: Ի տարբերություն նախորդի, այս անգամ դեսպաններ ու նրանց ուղեկցող հայ պաշտոնյաներից որեւէ մեկը չէին ժամանել, փոխարենը մասնակցում էին ավելի քան 60 արվեստագետներ՝ 18 երկրներից: Կազմակերպիչներ Վազգեն Պահլավունի – Թադեւոսյանի եւ Ազատ Սարգսյանի ասելով՝ իրենց նպատակը «ավելորդ շուխուռ հանելը» ու բացման արարողության վրա անիմաստ գումարներ ծախսելը չէ, այլ բարձրարժեք, արդիական արվեստը ու «էսօրվա լեզվով մտածող արվեստագետներին» Գյումրի բերելն է: Իսկ Գյումրվա պայմաններում նման գործ կազմակերպելն այնքան էլ հեշտ չէ. կազմակերպիչները դժգոհ էին, որ չկա ոչ համայնքի ղեկավարության, ոչ էլ մշակույթի նախարարության օժանդակությունը: Նրանց կարծիքով, ստեղծվել է մի աննորմալ վիճակ. Հայաստանում կա բարձրարժեք արվեստ ու համատարած անտարբերություն, որը եւ «նորը չըմբռնելու եւ համառորեն չընդունելու հետեւանքն է»: Նախարար Հովիկ Հովեյանը հավատարիմ մնալով իր երդմանը՝ երեք ամիս ոչ մեկի հետ ոչ մի բառ չի փոխանակել, կազմակերպիչներին չի ընդունել, տեղական իշխանությունների «շունչն էլ այս ընթացքում կարծես փչել էր»: Մինչդեռ, արվեստագետների վկայությամբ, Հայաստանում գտնվող դեսպանները այս գործում ավելի շահագրգիռ են եւ իրենց երկրի արվեստը պրոպագանդելու թեթեւ առիթն անգամ բաց չեն թողնում: Կազմակերպիչներն ամեն անգամ մոլորվում են, թե որտե՞ղ ցուցադրեն հսկա հավաքածուն: Աշխատանքները կոորդինացնելու համար նրանց նույնիսկ մի գրասենյակ չի հատկացվում: Վազգեն Պահլավունի172Թադեւոսյանը՝ նշելով, որ աշխարհի շատ եւ շատ կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնում ամեն ձեւով օգնելու, եթե իհարկե զգան, որ Գյումրին պատրաստ է համագործակցության: Ըստ Վազգեն Պահլավունու՝ Բիենալեն ամեն անգամ կազմակերպվում է իրենց ընկերության ու հեղինակության հաշվին, սակայն Գյումրին «վտանգավոր զոնա է». եթե ճանապարհին արվեստի որեւէ թանկարժեք գործ փչանա, իրենք հաստատ տհաճ պատմությունների մեջ կընկնեն: Փաստորեն՝ Բիենալեն բյուջե չունի արվեստի նմուշների անվտանգությունը նվազագույն չափով երաշխավորելու համար: Չնայած այս ամենին եւ գյումրեցիների հասցեին հնչող բազմաթիվ քննադատություններին, թե նրանք ունեն կարծրացած մտածելակերպ, ավելին՝ «ռաբիսը» խեղդել է քաղաքը, նրանց մասնակցությունը բավականին մեծ էր հայ-լեհական համատեղ համերգներին: Ի դեպ, Պոզնանից եկած լեհական «Լաուտարներ» խմբի անդամները մի քանի օրվա ընթացքում Գյումրիում դուդուկ-զուռնա նվագել էին սովորել ու գյումրեցի երաժիշտների հետ միասին երեք անգամ «շշմելու» համերգներ տվել: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել