Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՆ ԷԼ «ՄԵԿ ԱԶԳ» ՈՒՆԻ

Օգոստոս 24,2004 00:00

ԱՄԵՐԻԿԱՆ ԷԼ «ՄԵԿ ԱԶԳ» ՈՒՆԻ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին մասնակցում էր նաեւ Վանուշ Խանամիրյանի անվան պարի դպրոցը՝ Լոս Անջելեսից: Պարախմբի գեղարվեստական ղեկավար եւ դպրոցի տնօրեն Սամվել Նազարյանը տեղեկացրեց, որ արդեն եղել են Գառնիում, Սեւանում, Սարդարապատում, Խոր Վիրապում եւ այլուր: Պարախմբի անդամների 80%-ը ծնվել է ԱՄՆ-ում եւ Հայաստան է այցելում առաջին անգամ: Հիշեցնենք, որ 1992-ին ստեղծված Վ. Խանամիրյանի անվան պարի դպրոցի հիմնադիր եւ տնօրեն Սամվել Նազարյանը այն անվանակոչելով Վ. Խանամիրյանի անունով, այդպիսով ցանկացել է մեծարել իր ուսուցչին եւ բալետմայստերին: Ս. Նազարյանը եւ պարուսույց Զառա Կուլակչյանը երկար տարիներ պարել են Հայաստանի պարի պետական անսամբլում՝ Վ. Խանամիրյանի ղեկավարությամբ: Պարախմբում կան նաեւ այլազգի երեխաներ: Ըստ պրն Նազարյանի, շատերն են ցանկանում սովորել իրենց դպրոցում, սակայն ուսուցման լեզուն հայերենն է, ինչի պատճառով ոչ բոլորը կարող են հաղորդակից լինել հայ պարին: «Ցավոք, հայ երեխաները ընտանիքներում եւ շրջապատում հաղորդակցվում են անգլերեն, դրա համար էլ մեր դպրոցում միտումնավոր դասերը հայերեն ենք անցկացնում: Նույնիսկ պատժում եմ այն երեխաներին, ովքեր պարապմունքներին անգլերեն են խոսում: Մեր լավագույն պարողներից մեկը՝ Օլգա Կրամարովան ռուս է, բայց վաղուց հայերեն է խոսում»,- խոստովանեց գեղարվեստական ղեկավարը: Պարախումբը արտերկրում պրոպագանդում է հայկական պարը, սակայն տարեկան հաշվետու համերգների ժամանակ ներկայացվում են նաեւ այլ ժողովուրդների՝ այդ թվում նաեւ ռուսական, իսպանական, վրացական, բուլղարական պարեր: ԱՄՆ-ում գործում է հայ պարարվեստի գործիչների միություն, որին անդամակցում են տեղի շուրջ 20 պարախմբեր: Այստեղ եւս ամեն տարի անց է կացվում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» խորագրով պարային փառատոն, որտեղ ներկայացվում են ԱՄՆ-ի պարային դպրոցները: Ս. Նազարյանը տեղեկացրեց, որ Ամերիկայում կազմակերպվող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի մասնակցության պարտադիր պայմանն է հայկական պարով հանդես գալը, մի բան, որ պակասում էր հայաստանյան «Մեկ ազգ, մեկ մշակույթին»: Տարօրինակ էր, ըստ մեր զրուցակցի, որ, օրինակ, Մերձավոր Արեւելքից ժամանած հայկական մի պարախումբ հանդես եկավ ռուսական պարով, իսկ երգչուհի Նունե Եսայանը, չնայած մշակույթի նախարար Հովեյանի «հակապորտային» նախազգուշացումներին, Սասունի, Մուշի ու Ղարսի մասին երգեց ընդգծված բաց պորտով ու բաց կրծքով: Ս. Նազարյանը պատմեց, որ որոշ խնդիրներ է ունեցել պարախմբի հետ Հայաստանի տեսարժան վայրեր այցելելիս: Գառնի-Գեղարդ գնալիս երեխաները ստիպված իջեցվել են ավտոբուսներից, որպեսզի մեքենաները դատարկ վիճակով անբարեկարգ ճանապարհները կարողանան անվտանգ անցնել: «Մենք ոտքով երեխաներին մեկ կիլոմետր քայլեցրինք, ու անհարմար էինք զգում բացատրել, թե ինչու ենք իջեցրել ավտոբուսներից: Դա անսովոր էր Ամերիկայից առաջին անգամ Հայաստան եկած երեխայի համար: Մի՞թե հնարավոր չէր գոնե խոշոր մշակութային կոթողների շրջակայքը փոքր172 ինչ բարեկարգել, չէ՞ որ գիտեին, որ փառատոնի առիթով հազարավոր մարդիկ են ժամանելու Հայաստան»,- նեղսրտեց գեղարվեստական ղեկավարը: Մեր «Մեկ ազգ, մեկ մշակույթից» հետո պարախումբը կմասնակցի Լոս Անջելեսի «Ֆորդ ամֆիթեատր» բացօթյա դահլիճում կայանալիք ամերիկյան «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին: Մինչ այդ, «Վանուշ Խանամիրյան» պարախումբը հաջողությամբ հանդես է եկել մի շարք միջազգային փառատոներում, համերգներ ունեցել Մեքսիկայում, Ֆրանսիայում, Վաշինգթոնի հանրահայտ «Վոլֆ տրամպ» համերգասրահում: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել