Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Առֆան» քանդեցին՝ առանց փոխհատուցման

Օգոստոս 24,2004 00:00

«Առֆան» քանդեցին՝ առանց փոխհատուցման «Հյուսիսային պողոտայի» հերթական զոհը 2002-ի մայիսի 25-ին Երեւանի Սայաթ-Նովա փողոցի 4/81 տան բնակիչ Լեւոն Մոսինյանը գրություն է ստանում ԾԻԳ-ից, որով նրան տեղեկացնում են, որ սեփականության իրավունքով նրան պատկանող Թումանյան 21/4 հասցեի բնակելի տարածքը ընդգրկված է կառավարության կողմից սահմանված օտարման գոտու սահմանների մեջ։ «Համապատասխան հատուցում տրամադրելու նպատակով լիցենզավորված կազմակերպությունների միջոցով գնահատվել է Ձեզ պատկանող անշարժ գույքը, որի շուկայական արժեքը, համաձայն Գույքի գնահատման հաշվետվության, կազմում է 3100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»։ Այդպես են գնահատում քաղաքի կենտրոնում 20,39 քմ տարածքը ինչ-որ «լիցենզավորված կազմակերպություններ»։ Գրության վերջում սեփականատիրոջը տեղեկացնում են, որ «ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան փոխադարձ համաձայնությամբ պայմանագիր կնքվելու դեպքում կկիրառվեն ֆինանսական խրախուսման միջոցներ եւ հատուցման գինը կկազմի 7000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»։ Լ. Մոսինյանը պատասխանել է ԾԻԳ-ի ղեկավարությանը, որ $7000-ը իրական արժեք չէ նշված տարածքի համար, առավել եւս, որ այդ տարածքում գործում է իր կողմից հիմնադրված «ԱՌՖԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը զբաղվում է դեղատնային գործունեությամբ՝ դեղերի մեծածախ եւ մանրածախ առեւտրով։ Սակայն սեփականատիրոջ տեսակետը ոչ ոք հաշվի չի առնում եւ 2003-ի հունվարի 25-ին, առանց նրա համաձայնության, դատարանի համապատասխան վճռի եւ նախնական զգուշացման, ԾԻԳ-ը քանդում է խնդրո առարկա շինությունը՝ անհնազանդ քաղաքացուն կանգնեցնելով կատարված փաստի առաջ, ոչնչացնելով նաեւ «ԱՌՖԱ» ՍՊԸ-ի դեղատան գույքն ու դեղորայքը, որը ըստ հաշվեկշռի կազմել է 4 մլն դրամից ավելի։ Մոսինյանը դիմում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ ԾԻԳ-ի գործողությունները ապօրինի ճանաչելու, խախտված իրավունքները վերականգնելու պահանջով, դատական քննության ընթացքում ավելացնելով նաեւ 2003-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում դեղատան գործունեության հարկադիր դադարեցման պատճառով հիմնադրի չստացած շահութաբաժինների փոխհատուցման պահանջը։ Դատական քննության ընթացքում հայտնի է դառնում, որ օտարման գոտում գտնվող Լ. Մոսինյանի գույքը անկախ գնահատողների կողմից իրականում գնահատվել է ոչ թե 3100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, այլ 10000 ԱՄՆ դոլար, որը սեփականատիրոջից թաքուն է պահվել։ Սեփականատերը դատարանում համաձայնվում է ստանալ նոր առաջարկվող 10000 ԱՄՆ դոլարը, սակայն, քանի որ ԾԻԳ-ի տնօրինության կողմից կատարված ապօրինությունների պատճառով կրել է նյութական վնաս, ապա պնդում է փոխհատուցել դեղատան գործունեության դադարեցման պատճառով չստացած շահութաբաժինները՝ որպես բաց թողնված օգուտ, որը նշված ժամանակաշրջանի համար կազմել է 17220400 դրամ։ Առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր՝ Ժ. Վարդանյան) վճռով Լ. Մոսինյանի պահանջը բավարարվել է մասնակի՝ պատասխանողից բռնագանձել գույքի շուկայական արժեքը 10000 ԱՄՆ դոլարի չափով եւ դեղատան գործունեության դադարեցման պատճառով հիմնադրի չստացած եկամուտները՝ 17220400 դրամի չափով։ ԾԻԳ-ը այս վճիռը բողոքարկում է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան։ Դատարանը կատարելով կրկնակի քննություն, վճռում է Լ. Մոսինյանի պահանջը բավարարել միայն շինության գնահատված արժեքի մասով՝ 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, մերժելով ԾԻԳ-ի գործողությունները ապօրինի ճանաչելու, առավել եւս, բաց թողնված օգուտների պահանջը, պատճառաբանելով, որ «ԱՌՖԱ» ՍՊԸ-ի (դեղատան) պահանջով որպես հայցվոր, շինության սեփականատերը լինել չի կարող։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատը որոշում է վերաքննիչ դատարանի վճիռը թողնել անփոփոխ։ Մոսինյանը ստանում է 10000 ԱՄՆ դոլարը, սակայն շարունակում է պայքարել իր իրավունքների պաշտպանության համար՝ բաց թողնված օգուտների բավարարման պահանջի մասով դիմելով Եվրոդատարան։ ԳԱԳԻԿ ԱԲԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել