Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շուշիում լավ էին կերակրում

Օգոստոս 24,2004 00:00

Շուշիում լավ էին կերակրում Արշավախմբի անդամները պատասխանում են «Առավոտի» հրապարակմանը Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ուսանողներս եւ դասախոսներս, որոնք ս.թ. հուլիսի 5-ից 20-ը մասնակցել են «Շուշի» հիմնադրամի՝ Շուշի բերդաքաղաքի մշակութային ժառանգության ուսումնասիրման ծրագրի իրականացմանը, զարմանքով ու նաեւ վրդովմունքով ծանոթացանք «Առավոտ» թերթի օգոստոսի 6-ի «Շուշին վերականգնել է պետք» վերնագրով հրապարակմանը։ Մեր վրդովմունքի պատճառն այն անճշտություններն ու զրպարտչական երանգն է, որը տեղ է գտել Հ. Ջեբեջյանի նյութում։ Հոդվածագիրը անհայտ մնացած առաջին կուրսի ուսանողուհու անունից գրում է. «Սոված էինք մնում։ Ուտելիքը պահում էին դարակում…»։ Շուշիի 19-րդ դարի շինությունների չափագրման արշավախմբի մասնակիցներս հայտարարում ենք, որ հոդվածում դիտավորյալ աղավաղվել են փաստերը։ Արշավախմբի անդամների սնունդը կազմակերպված էր անթերի։ Իսկ ծրագրի ղեկավար, գրող Բ. Կարապետյանը հայրաբար մտահոգվում էր բոլորիս, առաջին հերթին՝ առաջին կուրսեցիների մասին։ Մեր ճաշասեղանին ոչ թթվասերն էր «սյուրպրիզ», ոչ երշիկեղենը, ոչ արցախյան ընտիր պանիրը, ոչ կարագը, ձուն կամ զեյթունը, ոչ էլ մսով համեղ կերակուրները, որ պատրաստում էին հատուկ վարձված զույգ խոհարարները։ Իսկ պահարանը եւ խոհանոցը միշտ բաց էին ու հիմնականում առաջին կուրսեցիները գիշեր թե ցերեկ անարգել օգտվում էին խոհանոցից։ Դա որոշ անհարմարություն էր ստեղծում, սակայն խոհարարներն ու կազմակերպիչը համբերությամբ տանում էին, առավոտյան արագորեն լրացնում կեսգիշերային «կորուստները»։ Արշավախմբի անդամներս հաճախակի էինք բողոքում Բ. Կարապետյանին՝ առաջին կուրսեցի Լուսինե Հարությունյանից եւ 5-րդ կուրսեցի Հայկ Դալլաքյանից՝ պատասխանատու գործի նկատմամբ անլուրջ վերաբերմունքի համար։ Եթե Հայկը ողջ ցերեկը քնում էր, միայն ճաշին եւ ընթրիքին արթնանում, ապա Լուսինեն 5 անգամ փոխեց չափագրող խումբը՝ ստեղծելով խառնաշփոթ եւ անհարմար իրավիճակներ։ Մենք պահանջում էինք, որ նրանք վտարվեն արշավախմբից, սակայն Բ. Կարապետյանը բավարարվում էր նրանց հետ զրույցով։ Այս զույգը իրենց կողմը գրավելով եւս մի քանի հոգու, խանգարում էին ծրագրի իրականացման ընթացքին, պարբերաբար խախտում սահմանված ռեժիմը։ Ի վերջո Բ. Կարապետյանը համոզվեց, որ մենք ճիշտ ենք եւ նրանց հայտնեց իրենց հեռացվելու մասին, թեկուզ մնացել էր ընդամենը երկու օր։ Լուսինեն ու Հայկը խնդրին նոր լուծում են գտնում. առաջին կուրսեցիներին ներքաշում են իրենց խնդրի մեջ, համոզում, որ նրանք եւս հեռանան իրենց հետ։ Հանուն համակուրսեցիների «համերաշխության», նրանք որոշում են միանալ հեռացված զույգին։ Իհարկե, այսօր առաջին կուրսեցիների մեծ մասը զղջացել է, որ ենթարկվել է Լուսինեի եւ Հայկի սադրանքին։ Անտեսելով իրականության նման աղավաղումը, մենք դիմել ենք Բ. Կարապետյանին, խնդրելով մեզ կրկին ընդգրկել Շուշիի ուսումնասիրման հաջորդ արշավախմբում՝ շարունակելու կիսատ մնացած չափագրությունները։ Արշավախմբի անդամներՆամակի տակ կա 6 ստորագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել