Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՍԵՎԱՆԻ ՋՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԻՑ

Օգոստոս 24,2004 00:00

ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՍԵՎԱՆԻ ՋՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԻՑ Հունիսի 3-ից Սեւանի լողափերը վարձակալողները պետք է տարածքն ապահովեն ցնցուղներով, ինչպես նաեւ 1000 տղամարդու համար՝ 2 եւ նույնքան կանանց համար՝ 3 զուգարանակոնքով։ Սրանք Սեւանում հանգստի կազմակերպման համար կարեւոր, բայց՝ միակ պահանջները չեն։ Վարձակալված տարածքի 20-40%-ը պետք է օգտագործվի կանաչապատման, 10%-ը՝ մարզահրապարակի համար, հանգստացողներից գանձված գումարը պետք է մուտք արվի դրամարկղ, լողափը պիտի ունենա բուժկետ, սրճարան, գույք, բացառությամբ լողամիջոցների՝ նավակն ու մոտորանավակը ջուր կիջնեն միայն փրկարարական աշխատանքների համար։ «Սա օրինակելի պայմանագրի ձեւ է, որը չի տարածվում մինչեւ հունիսի 3-ը պայմանագիր կնքածների վրա։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ Սեւանում հանգիստը կազմակերպվի ճիշտ՝ չվնասելով էկոհամակարգը»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը։ Այլ աղբյուրից տեղեկացանք, որ վարձակալներին ծանուցվել է իրենց տարածքները նոր որոշմամբ նախատեսված պայմաններին համապատասխանեցնելու մասին, դրա համար ժամանակ սահմանելով մինչեւ տարեվերջ։ Այս տարի վարձակալման ենթակա 49 հազար հա առափնյա տարածքից վարձակալվել է 496 հա-ը։ Ընդ որում, գնալով մեծանում է հետաքրքրությունը Մեծ Սեւանի լողափի, այսինքն՝ դեպի Վարդենիս գնացող տարածքի հանդեպ։ Վարձակալված ափերում չպատճառաբանված գումարների գանձումները պարոն նախարարին չէին մտահոգում։ «Թեպետ պայմանագիր կնքողը «Սեւան» ազգային պարկն է, բայց գանձումներին հետեւելը հարկայինների, գուցեեւ՝ Գեղարքունիքի մարզպետարանի խնդիրն է, իսկ մերը էկոլոգիական պահանջների ապահովումն է»,- այդպես է հարցը պատկերացնում Վ. Այվազյանը,- «հետո էլ, ասենք, ես իմ շապիկը վաճառում եմ 10.000 դոլարով, չեք ուզում՝ մի գնեք։ Շուկայական հարաբերություններ են, որտեղ հարմար է՝ այնտեղ էլ հանգստացեք»։ Ի դեպ, այս տարի հանգստացողների համար մուտքն ազատ էր նաեւ փակ լողափերում (օրինակ՝ «Ֆլամինգոյում»): Այսինքն, կարելի է նաեւ այդ տարածքներում լողանալ ու արեւահարվել անվճար, եւ վճարել միայն որեւէ ծառայությունից օգտվելու դեպքում՝ ավտոկանգառ, հանգստի պարագաներ եւ այլն։ Նոր որոշմամբ, լճի մակերեւույթից մինչեւ 9 մետր բարձրությամբ տարածքի վրա կապիտալ շինարարություն չի թույլատրվում։ Ըստ էության, չի թույլատրվել մինչ օրս էլ։ Բայց կառուցողներ եղել են։ Շատերը նույնիսկ սեփականության իրավունքի վկայական են ստացել։ Վերջիններիս, ինչպես նաեւ եւ նրանց համար, որոնք հանգստյան տներ են մասնավորեցրել կառավարության որոշումներով, ջրի մակերեւույթի բարձրացումից հետո կստանան փոխհատուցում, իսկ մնացածների համար թերեւս կլուծվի միայն նոր տարածք ձեռք բերելու խնդիրը։ Ջրի տակ մնացող առանձնատների տերերից նախարարը հիշատակեց միայն Գագիկ Ծառուկյանի անունը։ Ըստ նրա, գործարարը դրանից բոլորովին չի նեղվում եւ արդեն ասել է. «Թող իմ տնից էլ զրկվեմ, միայն թե Սեւանի ջուրը բարձրանա»։ Ի դեպ, լճի մակարդակի բարձրացման համար նախատեսված 6 մետրից մեկուկեսն արդեն հաղթահարված է։ Վ. Այվազյանի ասելով, «արդեն բազմաթիվ բողոքներ են եկել լողափերի վարձակալներից, որոնց պայմանագրային ժամկետները չեն լրացել, բայց տարածքները կրճատվել են»։ Դա էլ մտահոգություն չէ, «կարեւորը Սեւանի մասին օրենքով եւ կառավարության որոշմամբ ջրի մակարդակի բարձրացումն է, ես էլ չլինեմ՝ իմ հաջորդները կանեն»։ Ջրի բարձրացումից կարող են տուժել ափամերձ անտառները, դրանք պիտի արմատախիլ արվեն, ինչի համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրները դեռեւս հայտնի չեն։ Չի բացառվում, որ ունեւոր լողափատերերն իրենց միջոցներով կանեն անտառմաքրման աշխատանքները։ Ընդհանրապես, բնապահպանության նախարարը գոհ էր Սեւանի ընդհանուր վիճակից. պարկի պարտքերը մարվել են, նույնիսկ՝ գույք են գնում, խեցգետնի եւ ձկան որսն աստիճանաբար բերվում է հարկման դաշտ, պաշարները համալրվում են։ Երկար տարիների դադարից հետո այս տարի անցկացվել է ձկան պաշարների ստուգում։ Պարզվել է, որ այս խնդիրն աղետալի վիճակում չէ։ Մանրաձկան բարեհաջող աճի համար նախարարի հրամանով օգոստոսի 2-ից սեպտեմբերի 5-ը Սեւանում հայտարարվել էր ձկան որսի արգելաշրջան։ Սա նախադեպը չունեցող միջոցառում է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել