Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սա ո՞ւմ պատերազմն է

Օգոստոս 24,2004 00:00

Սա ո՞ւմ պատերազմն է Հարավային Օսիայում պատերազմն այլեւս սանձազերծված է, եւ այժմ արդեն հսկայական ճիգեր են պահանջվելու բռնկված կրակը հանգցնելու համար: Խնդիրը, սակայն, այն է, թե հատկապես ով պետք է գործադրի այդ ճիգերը եւ կողմերից ում է ձեռնտու խուսափել ահագնացող առճակատումից: Նախ արձանագրենք, որ այս հակամարտության մեջ հարավ-օսական կողմ, որպես այդպիսին, գոյություն չունի, եւ վրացական զինուժը, փաստորեն, բախվել է խաղաղապահների խիստ անորոշ պիտակի տակ հանդես եկող ռուսական ստորաբաժանումներին, որոնց շարքերում էլ, քարոզչական ցուցադրանքն ապահովելու համար, նկատվում են հատուկենտ օսեր: Բացի այդ, արդեն բազմաթիվ աղբյուրների կողմից ճշտվել է, որ վրացիների դեմ պայքարում ներգրավվել են նաեւ Ռուսաստանի հարավից առճակատման գոտի ժամանած զինված կազակների խմբեր: Հենց սրանք էլ, ըստ էության, գործողությունների սաստկացման առաջին օրերին գնդակոծում էին ինչպես վրացական, այնպես էլ օսական դիրքերը, ինչի հետեւանքով մարդիկ էին զոհվում բաժանման գծի երկու կողմերում էլ: Ավելորդ չէ նկատել, որ ամենօրյա ամփոփագրերում վրացական կողմից զոհվածների թիվն անփոփոխ օրինաչափությամբ 2-3 անգամ գերազանցում էր զոհված օսերի թվին: Ռուսական քարոզչության անհեթեթությունը մի պահ հասել էր նրան, որ ռուսները պնդում էին, թե վրացիներին գնդակոծում են հենց իրենք՝ վրացիները, այդպիսով նրանց մեղադրելով սադրանքի կամ առնվազն՝ ապուշության մեջ: Ավելի ուշ Մոսկվան ստիպված եղավ անուղղակիորեն խոստովանել, որ հակամարտության գոտում գործում են, այսպես կոչված, «ժողովրդական աշխարհազորի» ջոկատներ: Զարմանալի է, որ չեչենական աշխարհազորը Կրեմլի կողմից նույնպիսի փաղաքշական որակման չի արժանանում, այլ կոչվում է բանդիտ-մարդասպանների խումբ: Միով բանիվ, ամեն ինչից ակնհայտ է, որ առճակատումը, այն էլ ռուսական հզոր բանակի հետ, Թբիլիսիին այսօր (ու երբեւէ) ամենեւին ձեռնտու չէ: Այն պահին, երբ Վրաստանի երիտասարդ ղեկավարությունը ջանքեր է գործադրում եվրոպական կառույցների ու ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման եւ երկրում հիմնարար տնտեսական բարեփոխումներ կատարելու ուղղությամբ, անհեռանկար ու քայքայիչ պատերազմն ուղղակի կտորպեդահարեր հետհեղափոխական Վրաստանում մեկնարկած կառուցողական սկզբնավորումները՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Բացի այդ, Մոսկվայի կողմից ամեն օր հյուսվող «ագրեսոր Սահակաշվիլու» իմիջն անպայմանորեն կվնասեր վերջինիս «արեւմտամետ-ժողովրդավար» բավականաչափ արմատացած իմիջին, ինչն անկասկած կխանգարեր վերջինիս՝ Արեւմուտքի հետ իր հարաբերությունները կառուցելիս: Այս համատեքստում միամտություն է ենթադրելը, թե Սահակաշվիլին միտումնավոր բախումներ է հրահրում իր դաշնակից, սակայն այս օրերին մինչեւ ականջները նախընտրական ու իրաքյան պրոբլեմների մեջ խրված ԱՄՆ-ին Ցխինվալ բերելու համար: Իր հայտնի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում էր, որ Ռուսաստանը երբեք չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը, քանի որ իր ներսում հարյուրավոր ղարաբաղներ ունի: Հետաքրքիր է, թե դեպքերի վերոնշյալ տրամաբանությամբ զարգացման դեպքում ՌԴ-ն կճանաչի՞ արդյոք Հարավօսիայի անկախությունը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել