Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱՄ» տեղերը ծախե՞լ են

Օգոստոս 24,2004 00:00

«ԱՄ» տեղերը ծախե՞լ են «Ազգային միաբանության» նախագահությունը երեկ հայտարարություն է տարածել, թե պատասխանատվություն չի կրում թիվ 44 ընտրատարածքի որոշ հանձնաժողովներում «ԱՄ»-ին հատկացված տեղերում նշանակված 4 անդամների համար: «Վերջին օրերին պարզվել է, որ «Ազգային միաբանություն» կուսակցության Եղվարդ քաղաքի տարածքային կազմակերպության ղեկավար Պապիկ Մուրադյանի կողմից ներկայացվել եւ թիվ 44 ընտրատարածքի առանձին տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ են նշանակվել անձինք, որոնք առնչություն չունեն կուսակցության եւ նրա դիրքորոշումների հետ»,- ասված է հայտարարության մեջ, որում նաեւ տեղեկացված է, թե Պապիկ Մուրադյանի գործունեությունը՝ որպես տարածքային կազմակերպության ղեկավարի, ներկայումս կասեցված է, իսկ նրա վարքագիծը քննարկվելու է կուսակցության նախագահության օգոստոսի 25-ի նիստում: Սակայն, ըստ հայտարարության, քանի որ «գործող «Ընտրական օրենսգիրքը» հնարավորություն չի տալիս ետ կանչել արդեն իսկ նշանակված հանձնաժողովի անդամին», «ԱՄ» նախագահությանը մնում է միայն անվստահություն հայտնել թիվ 44-ի 2, 4, 5 եւ 14 տեղամասերի ընտրական հանձնաժողովներում իրենց «ներկայացուցիչներին» եւ հայտարարել, թե պատասխանատվություն չեն կրելու նրանց գործունեության համար: «Ազգային միաբանության» փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանը հավելյալ հայտնեց մեզ. «Անառողջ մրցակցությունը, որ ծավալված է թիվ 44 ընտրատարածքում, հուշեց մեր նախագահությանը ուշի-ուշով հետեւել այնտեղ ընթացող ընտրական գործընթացներին, եւ տեսանք, որ «ԱՄ» տարածքային կազմակերպության ներկայացրած ընտրական հանձնաժողովների առանձին անդամներ բացարձակապե՛ս առնչություն չունեն մեր կուսակցության հետ: Ավելի՛ն, երբ հետաքրքրվեցինք՝ համոզվեցինք, որ նրանք չեն կարող անկողմնակալ լինել: Միտումնավոր չեմ ասում, թե որ կողմին պետք է պաշտպանեին՝ լրագրողական հետաքննությամբ կարող եք հեշտությամբ պարզել դա»: Թիվ 44-ում առաջադրված պատգամավորության թեկնածուներից ոմանք արդեն իսկ հրապարակավ հայտարարել են, թե «Ազգային միաբանության» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը ներգրավվել է այս ընտրապայքարում եւ հանդես է գալիս հօգուտ «Լավանդայի» ղեկավար Արայիկ Հայրապետյանի: Նշենք, որ այս երկու անձանց միավորողը «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն է: Այսուհանդերձ, մեկնաբանելով այս փաստը, որ ընդդիմադիր պատգամավորը հանդես է գալիս իշխանության թեւերից մեկի կողմից պաշտպանվող թեկնածուի օգտին՝ «Ազգային միաբանության» փոխնախագահն ասաց. «Աղասի Արշակյանը «ԱՄ» կուսակցության անդամ չէ: Տվյալ պարագայում նա հանդես է գալիս որպես անհատ անձ եւ քաղաքացի: Իսկ թե՛ խմբակցությունը, թե՛ «Ազգային միաբանություն» կուսակցությունը մեկ ամիս առաջ հայտարարել ու այժմ վերահաստատում են, որ կողմնակից ենք ազատ, արդար ընտրությունների անցկացմանը ու չենք պաշտպանում թեկնածուներից եւ ոչ մեկին: Ապացույցը մեր հայտարարությունն է՝ երբ նույնիսկ փոքրիկ տեղեկատվություն ենք ստանում, թե «ԱՄ»-ն ներկայացնող հանձնաժողովի անդամը կարող է կողմնակալ դրսեւորում ունենալ՝ անհապա՛ղ անվստահություն ենք հայտնում»: Հանձնաժողովների անդամների նշանակման ընթացքում թիվ 44-ում կատարվածը դիտելով իբրեւ «արտառոց երեւույթ»՝ «ԱՄ» նախագահությունն իր հայտարարությամբ հանձնաժողովների իրապես իրենց անդամներին կոչ է արել «աչալրջորեն հետեւել «Ընտրական օրենսգրքի» պահանջների կատարմանը»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել