Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ ՈՒՆԵՑԱՎ

Օգոստոս 24,2004 00:00

ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ ՈՒՆԵՑԱՎ

1990 թվականի օգոստոսի 23-ին դեռեւս Խորհրդային Հայաստանի օրենսդիր
մարմնի ընդունած Անկախության Հռչակագրի 14-ամյակը նշանավորվեց ՀԽՍՀ Գերագույն
խորհրդի Մելիք-Ադամյան փողոցում գտնվող այն ժամանակվա նստավայրի պատին հուշատախտակի
բացմամբ: Արձանագրվեց մեր օրերի համար եզակի երեւույթ. նույն միջոցառում-հավաքին
ներկա էին եւ իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ԱԺ փոխնախագահ
Վահան Հովհաննիսյանի, իշխանական եւ իշխանամետ պատգամավորների, եւ ընդդիմությունը՝
ի դեմս ՀՀՇ փոխնախագահ, Անկախության Հռչակագիրը ի լուր աշխարհի ընթերցած
Արամ Մանուկյանի, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի:
Սակայն քաղաքական գործիչները նույնիսկ այդ միջոցառման ժամանակ բանավեճ էին ծավալել: Վահան Հովհաննիսյանը գտնելով, որ Անկախության Հռչակագիրը Հայաստանի համար նոր դարպաս էր, նկատեց, թե մենք կարող էինք ունենալ Հռչակագրին առավել հարիր Սահմանադրություն: Արամ Մանուկյանը արձանագրեց, որ Անկախության Հռչակագիրը միակ քաղաքական փաստաթուղթն է, որ չի քննադատել ոչ մի քաղաքական ուժ: Ըստ Մանուկյանի՝ Հռչակագիրը առանց հանրաքվեի ընդունված Սահմանադրություն է, բայց այսօր անկախությունը մինչեւ վերջ նվաճված չէ, ու մարդիկ հաճախ անկախությունը շփոթում են սոցիալական չքավորության եւ իրավական անպաշտպանվածության հետ: Պարույր Հայրիկյանն ավելի հեռու գնաց: Ըստ նրա՝ մեր արտադրական հզորությունները Ռուսաստանին տալը վտանգում է անկախությունը: Արամ Մանուկյանը նաեւ կարծիք հայտնեց, որ անկախությունն այնպիսի արժեք է, որ զոհաբերություն կարող է պահանջել, եւ չպետք է դրվի անբարոյականների պաշտպանության տակ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կարծիքով էլ. «Չեմ կարող ասել, թե Անկախության Հռչակագրի հիմքում դրված ամենին հասել ենք: Բայց դա շարունակական եւ տքնաջան աշխատանք է»:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել