«Մոսկովյան
քիլերները» դատապարտվեցին ընդամենը ապօրինի զենք պահելու համար
Օգոստոսի 10-ին տեղեկություն տարածվեց, որ ապրիլի 9-ին իբր նախատեսվող ահաբեկչության նախապատրաստման մեջ մեղադրվող անձինք դատապարտվել են մեկական տարվա ազատազրկման՝ ընդամենը ապօրինի զենք պահելու համար:
Մինչդեռ գլխավոր դատախազությունն ապրիլի 12-ին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Արդարության» եւ «Ազգային միաբանության» ապրիլի 9-ի հանրահավաքի ժամանակ ոստիկաններն ապօրինի զենք կրելու կասկածանքով բերման էին ենթարկել մոսկվաբնակ, նախկինում դատապարտված Գեւորգ Մեսրոպյանին եւ Արթուր Մանգասարովին, որոնք, ինչպես պարզվել էր հետագայում, ծրագրում էին իրականացնել ահաբեկչական գործողություններ։ Ըստ հաղորդագրության՝ «Քննությամբ պարզվել է, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներից մեկն իր համախոհների հետ, 2004-ի ապրիլի սկզբին, կազմակերպել է ահաբեկչություն, այսինքն՝ հրազենի գործադրմամբ պետք է կատարվեին հանրորեն վտանգավոր հետեւանքների առաջացման վտանգ ստեղծող գործողություններ, հասարակական անվտանգությունը խախտելու, բնակչությանն ահաբեկելու եւ հանցավորների ապօրինի այլ պահանջները կատարելու նպատակով։ Հանցավոր խումբը, խոշոր գումարի վարձավճարով, հավաքագրել է վերոհիշյալ երկու ահաբեկիչներին, որոնց տրամադրվել են ապօրինի պահվող ատրճանակներ եւ գումար։ Զինված հանցագործները նախապատրաստվել էին 2004-ի ապրիլի 9-ին հանրահավաքի վայրից դեպի փողոց երթի դուրս եկող մարդկանց շրջանում կրակոցներ արձակել տարբեր ուղղություններով՝ այդպիսով ցուցարարների շրջանում խուճապ առաջացնելու եւ ահաբեկչություն իրականացնելու համար»։ Հետագայում նաեւ հրապարակվեց, թե այդ անձինք ակնարկված ընդդիմադիր պատգամավորի՝ «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի իբր տրամադրած 4 հազար դոլարի դիմաց պիտի մահափորձ իրականացնեին «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի նկատմամբ: Գեւորգ Մեսրոպյանն ու Արթուր Մանգասարովը տվել էին խոստովանական ցուցմունքներ, որոնք անմիջապես ցուցադրվեցին Հ1-ով:
Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռում խոսք անգամ չկա ո՛չ ահաբեկչության, ո՛չ իբր նախապատրաստվելիք մահափորձի մասին. նրանց մեղադրանքը վերաբերել է միայն ապօրինի զենք պահելուն: Մեր խնդրանքով մեկնաբանելով այս փաստը՝ Արտաշես Գեղամյանն ասաց. «Բնականաբար, այդ ֆարսն ամենեւին անակնկալ չէր ինձ համար: Սակայն ուզում եմ հիշեցնել հետեւյալը. հունիսի 17-ին «Գոլոս Արմենիի» թերթում գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը հայտարարել էր, թե արդեն օգոստոսին դատախազությունը հասարակությանը կներկայացնի բոլոր մանրամասներն իբր ինձ վրա կազմակերպված մահափորձի կապակցությամբ»: Անդրանիկ Միրզոյանը նաեւ հայտնել էր, թե այդ գործի քննությունն ավարտվելու է օգոստոսի 13-ին: «Հիմա կարելի է հարց տալ պրն Միրզոյանին՝ այս արձակուրդների ընթացքում ի՞նչ փոխվեց, որ ամբաստանյալներ Գեւորգ Մեսրոպյանին ու Արթուր Մանգասարովին, որոնք, դատախազության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների պնդումների համաձայն, իրո՛ք կաշառված են եղել՝ խնդիր ունենալով մահափորձ իրականացնել իմ նկատմամբ, օգոստոսի 10-ին հապճեպ ու շուտափույթ կերպով արժանացրին 1 տարվա ազատազրկման: Ահա այստե՛ղ է թաղված շան գլուխը,- ասաց պրն Գեղամյանը:- Նաեւ ի՞նչ է ստացվում՝ ԱԺ խմբակցության ղեկավարի վրա իբր մահափորձ կատարողներին ազատազրկում են ճիշտ նույնքան ժամկետով, որքան դատապարտել էին ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը պլաստմասսայե դատարկ շշով ինքնապաշտպանության դիմած եւ անգամ իսկ մարմնական վնասվածք չհասցրած լուսակերտցի փառահեղ երիտասարդին: Այս ամենը վկայում է, թե խնդիրն ամենեւի՛ն հավանական մարդասպաններին վնասազերծելը չէր: Խնդիրը ընդդիմության տարբեր թեւերի միջեւ պառակտման սերմեր սերմանելը եւ ընդդիմադիր այս կամ այն գործչի նկատմամբ ժողովրդի հավատը սասանելն էր: Դե ինչ, ամենահին փեշակ ունեցողների կյանքի երկարությունը 40 օր է: Եթե հունիսի 17-ին գումարենք 40 օր՝ կստացվի, որ ճիշտ եւ ճիշտ այդ ժամկետում բացահայտվեց իշխանությունների հերթական սադրանքը: Միանգամայն ճիշտ էր նշել Անդրանիկ Միրզոյանը, թե այս գործի վերջակետը դրվելու է օգոստոսին. իրոք ակնհայտ դարձավ, թե իշխանությունն ո՛ւմ, ինչի՛ համար է դատում եւ ի՛նչ ժամկետով»:
Կարելի՞ է եզրակացնել, թե «մոսկովյան քիլերներ» անվանակոչված այդ անձինք արժանացան մեղմ պատժի, որովհետեւ տվել էին հարկավոր ցուցմունքները, բայց, քանի որ դրանք չունեցան ակնկալված արդյունքը, այդ սցենարն այլեւս չունեցավ շարունակություն: Այս հարցադրմանն ի պատասխան «Ազգային միաբանության» առաջնորդն ասաց. «Իրավապահ մարմիններն արդեն իսկ խորը հիասթափություն ապրեցին, երբ ես ԱԱԾ մեկուսարանում հանդիպելով մեղադրյալ Գեւորգ Մեսրոպյանին հարցրի՝ մի՞թե մեղք չես վերցնում քեզ վրա, երբ նման պնդումներ ես անում, եւ աղոթագիրք տվեցի նրան՝ ակնարկելով, որ եթե մեղք ես գործում՝ գուցե քեզ փրկի Սուրբ գիրքը: Ինչեւէ, սպասում եմ իշխանության հերթական սադրանքներին: Սադրանքներն, ավա՜ղ, եզակի միջոցն են, որ գործի են դրվում ընդդիմության դեմ պայքարը կազմակերպելիս»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ