Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԱՎԱՐԻ

Օգոստոս 24,2004 00:00

Նախարարի
«բալային»՝ պայմանական, ոստիկանին պլաստիկե շշով խփողին՝ իրական պատիժ
Անցյալ շաբաթ տեղի ունեցած ամենացնցող իրադարձություններից մեկը «Տրիումֆ» սրճարանում քաղաքաշինության նախկին նախարար, «ՕԵ» կուսակցության ներկայացուցիչ Արա Արամյանի որդու՝ Հայկ Արամյանի գործով դատաքննությունն էր: Այն տեւել է ընդամենը մեկուկես ժամ: Հիշեցնենք, որ այդ քրգործով անցնում էին 2 ամբաստանյալ, 4 տուժող եւ 22 վկա: Հիշյալներից դատարան էին ներկայացել եւ հարցաքննվել միայն մեկ տուժող եւ երեք վկա: Ու թեեւ նրանց ցուցմունքներն, ըստ մամուլի հրապարակումների, հակասական էին, դրանք այդպես էլ դատարանում չհրապարակվեցին նույնիսկ այն դեպքում, երբ տուժողներն ու ամբաստանյալները հրաժարվեցին դատարանում ցուցմունք տալ:

Այս դատավարության ժամանակ դատախազ Կորյուն Փիլոյանը որոշեց ստանձնել պաշտպաններ չունեցող ամբաստանյալների փաստաբանի դերը՝ միջնորդելով հաշվի առնել վերջիններիս զղջումը, նախկինում դատված չլինելու հանգամանքն ու այն, որ գործում դանակահարություն եւ հրազենի կիրառում, ծանրացուցիչ հանգամանքներ չկան, նրանց նկատմամբ կիրառել պայմանական պատիժ՝ սահմանելով 3 տարվա փորձաշրջան։

Դատարանի ցուցաբերած «մարդասիրությունը» ցնցող է, առավել եւս պլաստիկե դատարկ շշով իրեն հարվածած ոստիկանի գլխին խփելու համար 1,5 տարի ազատազրկման դատապարտված Էդգար Առաքելյանի, մեկ այլ ընդդիմադիր Լավրենտի Կիրակոսյանի, թռուցիկներ տարածելու համար մեկ տարի պայմանական ազատազրկման դատապարտված Արտակ Գաբրիելյանի նկատմամբ կայացված աննախադեպ խիստ վճիռների համատեքստում:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համոզմամբ, այդ դատավարությունը գուցե այդքան մեծ աղմուկ չէր բարձրացնի, եթե չլինեին այս տարվա գարնանը տեղի ունեցած դեպքերը եւ դրանց առնչությամբ կայացված դատավճիռները: «Այնպիսի դեպքերի մասին, ինչպիսիք են օրինակ՝ պաշտոնատար անձանց կամ նրանց բարեկամների գործած մեղքերը, շատ հաճախ մամուլում գրում եւ հետո մոռանում են՝ հետամուտ չլինելով եւ չհետեւելով դրանց ընթացքին: Այդպիսի քրգործերը շատ հաճախ դատարաններ չեն էլ հասնում: Հենց այս համատեքստում է, որ ավելի ակնառու են դառնում կայացված անարդար դատավճիռները քաղաքական տեսանկյունից անհնազանդների նկատմամբ: Բայց հենց այդպիսի դեպքերի համեմատության մեջ է երեւում Հայաստանի «արդարադատության» իրական վիճակը: Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, որի մասին ես հաճախ եմ ասել. մարդիկ մեր երկրում պաշտպանված են ոչ թե օրենքով, այլ՝ իրենց պաշտոնով եւ ֆինանսական միջոցներով: Այսպիսին է արդարադատությունը Հայաստանում, եւ շատ ավելի ազնիվ կլիներ, որ Հայաստանում դատարաններ ընդհանրապես չլինեին եւ գործադիր իշխանության հայեցողությամբ մարդկանց նկատմամբ պատիժ կիրառվեր, ինչպես դա արվում է իրականում»,- մեր զրույցի ժամանակ նկատեց Ա. Իշխանյանը:

Ըստ իրավապաշտպանի, Էդ. Առաքելյանի եւ Լ. Կիրակոսյանի նկատմամբ կայացված դատավճիռները դատավարություն էր ժողովրդի նկատմամբ. «Այսինքն՝ եղիր իմ հպատակը եւ տես՝ թե ինչպիսի դատավարություն կարող է լինել քո նկատմամբ (ճիշտ այնպիսին, ինչպիսին եղավ Հայկ Արամյանի դեպքում -Ն.Մ.): Հենց այս համատեքստում եմ ասում, որ Հ. Արամյանի գործը դատարան հասավ զուտ ձեւի համար, որ նման դատավճիռ հրապարակվի»:

Երկրում ստեղծված այսպիսի իրավիճակի պատճառներից հիմնականը իրավապաշտպանը համարեց այն, որ Հայաստանը տիպիկ ոստիկանական պետություն է, որտեղ ոստիկանությունն ամեն ինչ է. «Նրան տրված են բոլոր հնարավորությունները՝ արա ամեն ինչ, բայց եղիր իմ հենարանը»: Իհարկե, Ա. Իշխանյանի կարծիքով՝ այստեղ կա նաեւ հասարակության մեղքի բաժինը, որն, ի վերջո, հանդուրժում է այս իրավիճակը. «Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպություններին, ապա նրանք, ի վերջո, գոնե փորձեցին անել առավելագույնը, բայց քանի որ, կարծես, չէր զգացվում հասարակության ընդհանուր անհանդուրժողականությունն այդ երեւույթների նկատմամբ, նրանց ձայնը հնչեց՝ ինչպես ձայն բարբառո «դատարանի»: Իմ կարծիքով, այդ դատավորների նկատմամբ իրականում պետք է լինի համընդհանուր անհանդուրժողականություն»:

Հիմա մեր հասարակության փոքր, բայց անհանդուրժողական հատվածին մնում է միայն ատամները կրճտացնելով սպասել ավելի լավ ժամանակների, թե՞ ստեղծված իրավիճակից ելք, այնուամենայնիվ, կա: Ասենք, շատերի հույսն էլի եվրոպական կառույցներն են, որոնք կարող են զսպել իշխանությունների՝ այլախոհներին պատժելու պրակտիկան:

Իրավապաշտպանը համոզված է, որ «իրավիճակը պետք է փոխի մեր հասարակությունը: Կարծում եմ՝ մենք, այդ թվում՝ հասարակական այն կազմակերպությունները, որոնք այս ընթացքում փորձեցին ինչ-որ բան անել, չպետք է հուսահատվեն, եւ պետք է շարունակենք պայքարել՝ հնարավորինս շատ մարդկանց համախմբելով իրենց շուրջը: Սա է ճանապարհը: Մյուս կողմից, շատ կարեւոր է, որ եւ Էդգար Առաքելյանը, եւ Գրիշա Վիրաբյանը շարունակեն պայքարել՝ դիմելով իրենց իրավունքների պաշտպանության բոլոր միջոցներին, եւ հետեւողական լինեն այդ հարցում, իսկ հասարակական կազմակերպություններն էլ ցույց տան, որ նրանց թիկունքին են կանգնած: Բայց մենք պետք է մտածենք ընդհանուր իրավիճակի արմատական փոփոխության մասին: Տվյալ դեպքում միայն քաղաքական իշխանության փոփոխությունը բավարար չէ: Այն ուժերը, որոնք ուզում են գալ իշխանության, պետք է իրոք ժողովրդավարական արժեքների կրողներ լինեն»,- եզրափակեց Ավետիք Իշխանյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել