Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐՆ ԵՆ»

Օգոստոս 07,2004 00:00

«ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐՆ ԵՆ» Պնդում է ԼՂՀ նախագահի խորհրդական Մանվել Սարգսյանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր ելույթում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, նշել էր, թե՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր կայացած պետություն է, որն, ըստ էության, համապատասխանում է Եվրոպայի խորհրդին անդամակցելու բոլոր չափանիշներին։ Սա այն իրողությունն է, որից ուղղակի անհնար է խուսափել։ Հենց այդ պատճառով ենք մենք պնդում Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը բանակցային գործընթացին, որին Հայաստանն ակտիվորեն մասնակցում է»։ ԼՂՀ նախագահի խորհրդական Մանվել Սարգսյանի դիտարկմամբ, ելույթի՝ հատկապես այդ հատվածը շատերին է հետաքրքրել: «Խոսքը հակամարտության կարգավորման բանակցություններին Ղարաբաղի մասնակցության մասին է: Կարծես, բոլորիս համար պարզ է, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, բայց իրականությունն այլ է. Ղարաբաղը դրանց չի մասնակցում, չնայած անգամ նախագահի մակարդակով արված հայտարարություններին: Պարզ չէ նաեւ, թե որքանով է դա դրական կամ բացասական ազդում խնդրի վրա: Օրինակ, նույն Եվրոպայի ներկայացուցիչները, որոնք վերջերս գտնվում էին Ստեփանակերտում, հարցնում էին՝ ի՞նչը կփոխվի, եթե Ղարաբաղը մասնակցի բանակցություններին: Բավականին դժվար է այդ մարդկանց հետ խոսել, երբ տեսնում ես, որ այդ հարցում Հայաստանի խոսքն է վերջինը»,- նկատեց Մ. Սարգսյանը: Նրա կարծիքով, ԼՂ-ն բանակցային պրոցեսից դուրս մնաց դեռ 96-ի վերջին, որովհետեւ այդ ժամանակից ի վեր «բանակցային պրոցես գոյություն չունի, եւ բնական է, որ Ղարաբաղի հետ ոչ ոք չի խոսում, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը խոսելու շատ բան ունեն»: Այդուհանդերձ, Ղարաբաղի իշխանությունները պնդում են, որ իրենց մասնակցությունը բանակցություններին էական է, որովհետեւ մասնակցությունը ենթադրում է որոշակի պարտավորություններ: «Մեր տեսակետից Հայաստանը միջազգային հանրության առաջ ոչ մի պատասխանատվություն չի կրում հակամարտության հետ կապված մի շարք խնդիրների համար»,- արձանագրեց ԼՂՀ նախագահի խորհրդականը՝ նկատի ունենալով, մասնավորապես, գրավյալ տարածքների վերաբերյալ ամենատարբեր մակարդակներում հնչող հարցադրումները: Նրա ասելով, «չկա որեւէ միջազգային նորմ, ըստ որի Հայաստանը կարող է իր տարածքից դուրս զբաղվել այլ տարածքների խնդրով: Դա Ղարաբաղի խնդիրն է: Շատ էական նշանակություն ունի նաեւ, թե ով է քննարկում այդ խնդիրները եւ ով է պատասխանատվություն ստանձնում դրանց համար: Եթե Ղարաբաղն է պատասխանատվություն ստանձնում տարածքների համար, ապա այդ խնդիրն էապես այլ բնույթ է ստանում: Այդ դեպքում հարցի քննարկումն ինքնին Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ ասիմետրիկ հարաբերությունները վերածում է սիմետրիկ հարաբերությունների, եւ Ադրբեջանը ստիպված է լինում բանակցությունների նստել հենց ԼՂ իշխանությունների հետ: Մյուս կողմից՝ երբ տարածքների շուրջ բանակցի Ղարաբաղը, նա ռազմաճակատային գծի փոփոխության համատեքստում միանգամայն այլ պայմաններ կարող է առաջադրել, մինչդեռ Հայաստանը որեւէ պայման դնել ընդհանրապես տարածքային խնդիրների շուրջ չի կարող: Ուստի մենք գտնում ենք, որ ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցություններին ամենաէական նշանակությունն ունի: Եթե չի մասնակցում, էությունը տարածքային, հումանիտար խնդիրների փոխվում է, եւ դրանք այդ պայմաններում լուծումներ չեն գտնում: Նոր ստեղծված իրողությունները կարող են քաղաքական լուծումների բերել՝ անգամ չշոշափելով խնդրի տարածքային կամ հումանիտար ասպեկտները»: Իհարկե, ԼՂՀ նախագահի խորհրդականը շեշտեց, թե այս հարցում շատ կարեւոր է Հայաստանի կարծիքը. «Եթե Հայաստանը գտնի, որ Ղարաբաղի մասնակցությունը պարտադիր է, եւ դա ճիշտ կլինի, կարծում եմ՝ դա մեծ ազդեցություն կթողնի կարգավորման պրոցեսի վրա: Մարդիկ, ովքեր դա չեն անում՝ իրենց տեսակետն ունեն, եւ մենք հարգանքով ենք դրան վերաբերում: Եթե Հայաստանի իշխանությունները գտնում են, որ ճիշտն այն է, ինչ կա՝ մենք ոչինչ չունենք ասելու, միայն կարող ենք ընդգծել, որ մենք համաձայն չենք դրա հետ, որովհետեւ չենք հասկանում, թե ինչու է այս իրավիճակն ավելի լավ»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք ԼՂ իշխանություններին հակամարտության լուծման տեսանկյունից ձեռնտու է ԼՂ եւ Կիպրոսի հիմնախնդիրների միջեւ զուգահեռներ անցկացնելն ու նմանեցնելը, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Եթե Թուրքիայի հետ Հայաստանը լեզու գտնի, կարելի է եւ նմանեցնել: Ինչու չէ՝ ՀՀ-ն եւ Թուրքիան խոսելու շատ բան ունեն նույն Ցեղասպանության ճանաչման, քրդերի հարցերով: Կարծում եմ, այդ հարցերը երկու պետությունների միջեւ ռազմավարական շահերի այն ոլորտում են, որտեղ այս երկրների միջեւ համաձայնությունը կստեղծի շատ ամուր հարաբերություն»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել