ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԸՆԴՎԶԵԼ
Երեկ «Թեքեյան» մշակութային կենտրոնում Մշակույթի աջակցման եւ ռազմավարության
հայկական կենտրոնի համանախագահներ, Հայաստանի գրողների միության նախագահության
անդամ Արմեն Հովհաննիսյանը, Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն
Սիմոն Կամսարականը եւ Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ Արմեն
Աթանյանը հրավիրել էին ասուլիս։
Համանախագահները տեղեկացրին, որ դեռ 2003-ի նոյեմբերի 22-ին ներկայացրել են ՀՀ մշակույթի անվտանգության եւ զարգացման հանձնաժողով ստեղծելու մասին իրենց առաջարկը։ 2004-ի ապրիլի 2-ին ՀՀ նախագահն ընդունել է իրենց եւ, մեկուկես ժամից ավելի քննարկելուց հետո, խնդրել եւս երեք շաբաթ՝ նախագծին անձամբ, մանրամասն ու խորությամբ ծանոթանալու համար։ Անցել են շաբաթներ, իսկ մինչ օրս դրական կամ բացասական պատասխան դեռ չի եղել։ Հուլիսի 16-ին ստեղծվել է ՀՀ նախագահին առընթեր մշակույթի հարցերի խորհուրդը, որը համանախագահները չեն ընդունում որպես իրենց հարցադրմանը տրվող պաշտոնական պատասխան։ Նոր ստեղծված «իբր մշակույթի հարցերով զբաղվող կառույցը» չի բավարարում երեկվա ասուլիսի կազմակերպիչներին, իսկ ստեղծագործական միությունների մասին օրենքի նախագիծը վտանգում է ՀՀ մշակույթն ու մշակութային կյանքը։ Ասուլիսի վերջում պարոնայք Հովհաննիսյանը, Կամսարականը եւ Աթանյանը բարձրաձայնեցին, որ իրենք ստեղծագործական միություններին ուղղված նման բարբարոսություն թույլ չեն տա. «Պատրաստվում ենք սեպտեմբերի սկզբին անձամբ դիմել ՀՀ նախագահին՝ երկրի օրենսդրական եւ գործադիր վտանգվածությունը կանխելու նպատակով»։
Ս. Դ.