Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

Օգոստոս 07,2004 00:00

ՊԱՅՔԱՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

Երեկ ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը հրավիրել էր հակակոռուպցիոն
միջոցառումների անցկացման մոնիտորինգի հանձնաժողովի առաջին նիստը: Ներկայացնելով
ակնկալվող գործունեությունը՝ պարոն Եսայանը նշեց, որ իրենք առաջնորդվելու
են հիմնականում երկու սկզբունքով՝ թափանցիկ աշխատաոճ եւ հասարակության տարբեր
շերտերի ընդգրկումը աշխատանքում: Նախագահի հրամանագրով ստեղծված այս կառույցի
առջեւ դրված է 4 խնդիր. կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի
մոնիտորինգ, միջազգային հակակոռուպցիոն ծրագրերին ՀՀ-ի մասնակցության մասով
մոնիտորինգ, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձի ուսումնասիրում եւ
դրանից ելնելով՝ առաջարկների ներկայացում, օրենսդրական ակտերի հակակոռուպցիոն
փորձաքննություն:
Նիստի օրակարգում նաեւ միջազգային հակակոռուպցիոն ծրագրերին ՀՀ անդամակցության քննարկումն էր: «Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների համաձայնագրի»՝ GREKO-ում ՀՀ ներկայացուցիչ Աշոտ Գալոյանը տեղեկացրեց, որ այդ կազմակերպությանն անդամակցում է 33 երկիր, ու թեեւ այն ստեղծվել է ԵԽ նախաձեռնությամբ, սակայն ակտիվ մասնակցություն ունի նաեւ ԱՄՆ-ը: GRECO-ն հարցաշար է ներկայացրել ՀՀ-ին, որի պատասխանները ստանալու համար հարցաշարն ուղարկվել է համապատասխան գերատեսչություններ: Նրանց կողմից ստացված պատասխանները պիտի համակարգվեն մոնիտորինգի հանձնաժողովում եւ ուղարկվեն GRECO: Իսկ հունվար-փետրվարին այդ կազմակերպությունը կուղարկի ի՛ր մոնիտորինգի խումբը Հայաստան: Մեկ շաբաթ Հայաստանում անցկացնելուց հետո նրանք կկազմեն իրենց զեկույցը, որի հիման վրա GREKՕ-ն կընդունի երաշխավորություն Հայաստանի մասին:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել