Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարության կարիք ունենք

Օգոստոս 07,2004 00:00

Չարչրկված
այս միտքը երեկ մեկ անգամ եւս վերահաստատեցին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների
ազգային կենտրոնի հրապարակած՝ «Հայաստանը ազգային եւ միջազգային անվտանգության
5-10 տարվա համատեքստում» փորձագիտական եւ հանրային հարցումների արդյունքները:

Հարցումն անց է կացվել 50 փորձագետների եւ 2021 հասարակության տարբեր շերտերն ու խավերը ներկայացնող անձանց միջեւ: Փորձագետների գերակշիռ մասը գտնում է, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանը նախեւառաջ պետք է ուժեղացնի իր ժողովրդավարական ներուժը: Հանրությունն այս խնդիրը երկրորդ տեղում է դասում՝ առաջնություն տալով տնտեսական ներուժի հզորացմանը: Հարցված երկու խմբերի ներկայացուցիչներն էլ առաջիկա հինգ տարիներին մեր երկրին սպառնացող հիմնական վտանգը համարում են Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսումը: Փորձագետները վտանգ են տեսնում նաեւ Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունից, մինչդեռ հանրությունը վտանգավոր է համարում դրանց դուրսբերումը: Հանրության 11,7 տոկոսը չի բացառում նաեւ քաղաքացիական պատերազմի հնարավորությունը: Հիմնական քաղաքական վտանգը երկու խմբերի շրջանում էլ ընտրությունների արդյունքների կեղծումն է: Երկրորդ վտանգը հանրության համար իշխանություն-հասարակություն առճակատումն է, փորձագետների համար՝ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումը: Երրորդ հորիզոնականը, ըստ փորձագետների, զբաղեցնում է քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների կտրուկ սահմանափակումը, ըստ հանրության՝ ընդդիմության կողմից քաղաքական լարվածության հրահրումը: Իբրեւ հիմնական տնտեսական վտանգներ՝ հարցման մասնակիցները նշել են կոռուպցիան, տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը: Հիմնական սոցիալական չարիքը փորձագետները համարում են անօրինականությունն ու բարոյալքումը, հասարակությունը՝ գործազրկությունն ու արտագաղթը:

Արտաքին միջավայրի նկատմամբ վերաբերմունքն այսպիսին է. ելնելով մեր երկրի անվտանգությունից՝ փորձագետները գտնում են, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա Եվրամիության, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իրանի, ապա նոր ՌԴ-ի հետ: Մինչդեռ հանրությունը տրամագծորեն հակառակ կարծիքն է արտահայտել՝ ՌԴ, Եվրամիություն, ԱՄՆ, Իրան, Թուրքիա: Թշնամիների հարցում հարցվածները միակարծիք են՝ Թուրքիա, Ադրբեջան: Հետաքրքիր է բարեկամների ցանկը՝ Իրան, Լիբանան, Ֆրանսիա, ՌԴ, ԱՄՆ եւ այլն (ըստ փորձագետների), ՌԴ, Իրան, ԱՄՆ, Ուկրաինա, Հունաստան (ըստ հանրության): Փորձագետներն ըստ այդմ գտնում են, որ Հայաստանը պետք է լինի Եվրամիության ձեւավորվելիք անվտանգության համակարգում, իսկ հանրությունը երկրի ապագան տեսնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համակարգում՝ ԱՊՀ-ում:

«Արմատ» կենտրոնի անդամ Վահագն Խաչատրյանը ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Եվրամիության նկատմամբ վերաբերմունքում փորձագետների եւ հանրության վերաբերմունքի տարբերությունը բացատրում է իշխանության կողմից տարվող ագիտացիայով. «Իբր ՌԴ-ն այն պետությունն է, որ կփրկի հայ ժողովրդին ու Հայաստանը, որովհետեւ իշխանության միակ ռեսուրսը այսօր Ռուսաստանն է: Իշխանությունը հայտարարել է, որ դավանելու է եվրոպական արժեքներին, բայց հակառակն է անում: Այդ գործում իշխանությանն օգնում է ՌԴ-ն: Ես համոզված եմ, որ եթե հանրությանը ներկայացվի իրական պատկերը, եվրոպական արժեքները կդառնան հանրության սեփականությունը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել