Փառատոն՝ առանց Գյումրիի Քաղաքապետարան-մարզպետարան կոնֆլիկտի պատճառով տուժում է քաղաքի մշակութային կյանքը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի սկսվելուն մնացել է ընդամենը մի քանի օր, սակայն մշակութային հարուստ ավանդույթ ունեցող Գյումրին անհասկանալի պատճառներով ընդգրկված չէ այդ շրջանակներում: Այս մասին երեկ «Առավոտին» տեղեկացրեց Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Աշոտ Մկրտչյանը: Նա հատկապես վրդովված էր մշակույթի նախարարության՝ քաղաքապետարանի հետ անմիջականորեն չհամագործակցելու փաստից: Ըստ պրն Մկրտչյանի, նախարարության պատասխանատուները ամեն անգամ անտեսելով քաղաքապետարանը՝ «իներցիայով դիմում են ինչ8211որ անձի՝ մարզային կառույցի ղեկավարին, որն էլ իր քմահաճույքներն ու կամայական դրսեւորումներն է հանդես բերում ներկայացված հարցերի վերաբերյալ»: Մինչդեռ Աշոտ Մկրտչյանի խորին համոզմամբ՝ մարզպետարանի մշակութային բաժինը «անիմաստ» մի օղակ է, քանի որ Շիրակի մարզի բոլոր մասերում՝ եզակի բացառություններով, մշակույթը «մեռած է»: «Եթե մշակույթ ասելով Շիրակի մարզը ներկայացվում է զուտ Գյումրիով, թող մշակույթի նախարարությունը ծանրութեթեւ անի, թե ի՞նչ կարեւորություն ունի մարզային կառույցը»,- առաջարկում է նա: Պաշտոնյայի բողոքից ակնհայտ է, որ մարզպետարան- քաղաքապետարան համագործակցությունը ցանկացած հարցում այդպես էլ չի ստացվում: Իսկ «համատեղ խորհրդակցություններ կամ միջոցառումներ երբեւէ չե՞ն կազմակերպվում» մեր հարցին պաշտոնյան պատասխանեց, որ նման համագործակցություն լինում է միայն այն դեպքում, երբ դրսից բարձրաստիճան հյուրերի են սպասում եւ «Էդ տիկնոջը» (այսինքն՝ մարզպետարանի մշակույթի բաժնի պետ Հասմիկ Կիրակոսյանին) առիթ է ներկայանում «իր անձը ցուցադրելու» հարմար: Իսկ ավելի շատ այս ոլորտի հետ կապված հարցերում Աշոտ Մկրտչյանը մեղադրում է մշակույթի նախարարության պաշտոնյաներին, որոնք գաղափար չունենալով քաղաքի մշակույթից՝ «անմեղ ճագարների պես իներցիայի ուժով ընկնում են վիշապի ճանկը» ու արդյունքում ստացվում է այն, որ «գեղեցկության մրցույթ լինի, բազե, թե ագռավ՝ ամեն ինչ մեկ անձով է վերջանում»: Պաշտոնյայի դժգոհությանը ի պատասխան, մշակույթի նախարարությունից տեղեկացրել են, որ փառատոնի հայտերը Շիրակի մարզ ներկայացվել են 4 ամիս առաջ եւ նախատեսված է Շաբոյանի անվան պարային համույթի մասնակցությունը: Մինչդեռ պրն Մկրտչյանը վստահեցնում է, որ որպես բողոքի ակցիա իրենք թույլ չեն տալու վերջինիս մասնակցությունը: Նրա ասելով՝ իրենք այլ հանրաճանաչ խմբեր էլ ունեն, սակայն վատն այն է, որ մշակույթի նախարարությունը ցանկություն չունի հաշվի նստել հսկա ներուժ ունեցող քաղաքի հետ: Նյութը պատրաստելիս մեզ չհաջողվեց լսել հակառակ կողմի՝ մարզպետարանի մշակույթի բաժնի պետ Հասմիկ Կիրակոսյանի տեսակետը՝ նրա Կիպրոսում գտնվելու պատճառով: Սակայն պատրաստ ենք տպագրել նաեւ նրա մեկնաբանությունները: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ