Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Համակարգն ընդդիմության համար փակ է»

Օգոստոս 06,2004 00:00

«Համակարգն ընդդիմության համար փակ է» Կարծում է Վարդան Վարդապետյանը Երեկ «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավար Վարդան Վարդապետյանից հետաքրքրվեցինք՝ թե ինչո՞ւ է կուսակցությունն այդքան անտարբեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների նկատմամբ: «Այն պրոցեսները, որոնք տեղի ունեցան ընտրություններից հետո, մեր կուսակցությանն անհարիր են: Մեզ համար կանխատեսելի էր կոալիցիա-ընդդիմություն հակամարտությունը: Դա չէր բխում մեր պետության շահերից, ուստի մենք գերադասեցինք չմտնել այդ պրոցեսների մեջ»,- պատասխանեց մեր զրուցակիցը: Ապա գնահատականներ տալով ընդդիմության գործողություններին՝ ասաց. «Ժամանակն էլ ցույց տվեց, որ եթե դու կոնկրետ ծրագրով հանդես չես գալիս, որդեգրում ես՝ գնա, ես գամ քո տեղում նստեմ ուղին, ժողովուրդը դա եւս չի ընդունում: Ապացույցը ցուցարարների թվի հետզհետե նվազումն էր»: Ելնելով հետընտրական շրջանի զարգացումներից, Վ. Վարդապետյանը պնդում է՝ «մեր պետությանը խիստ անհրաժեշտ են համակարգային փոփոխությունները»: Հիմնավորումը՝ «չի կարելի անընդհատ նախկինների, իրար վրա գցել: Ի՞նչ է՝ այս 12 տարվա մեջ բոլորը թալանչի են, հանցագործ, գռփող, չկա, հա՞, մի պետական այր, որը նորմալ լինի»: Ելնելով սեփական աշխատանքային փորձից՝ պարոն Վարդապետյանը համոզված է, որ կառավարման այս համակարգն իրեն սպառել է. «Միջինը 1,5 տարի աշխատող քաղաքապետը ոչինչ չի հասցնում անել: Նշանակվելով՝ նա արդեն գիտի, որ այդ ժամկետից ավելի չի աշխատելու, մնացած փակագծերն արդեն պարզ են՝ էլ չեմ բացում, եւ ինչքան էլ ջանա, այդ ընթացքում ոչ մի ծրագրային խնդիր հնարավոր չէ լուծել: Անունը դնում են բարեփոխում՝ կադրային փոփոխություններ են անում, տուժում է քաղաքը: Բացի այդ, չունենալով բյուջե, չունենալով ներկայացուցչական մարմին՝ քաղաքապետը չի կարող երեւանցու կարծիքը հաշվի առնել»: «Ո՞րն է մեր քաղաքական էլիտայի ձեւավորման ինստիտուտը,- հարց է հնչեցնում կուսակցության ղեկավարը,- օրինակ, որտե՞ղ պետք է ձեւավորվի հանրապետության հաջորդ նախագահը, որ ժողովուրդը կարողանա ընտրություն անել: Ու մենք վախենում ենք Երեւանի քաղաքապետի, մարզպետների ընտրովի համակարգից, որովհետեւ կարող է ընդդիմությունից մարդ ընտրվի: Ասում ենք՝ վտանգավոր է: Բոլոր պաշտոնները նշանակովի են, կոալիցիան անցավ իշխանության, ընդդիմությունը լրիվ դուրս մնաց: Այսինքն՝ համակարգը փակ է ընդդիմության համար, նրա դրսեւորվելու միակ տեղը մնում է փողոցը՝ հանրահավաքներ, երթեր: Ընտրովիի դեպքում, անգամ մեր ընտրական վատ օրենսգրքի պայմաններում, վերաբերմունքն այլ կլիներ, ընտրություններն էլ գուցե այնպես չանցնեին՝ ինչպիսիք եղան: Եթե մի քանի ընտրովի տեղերում լինեին ընդդիմության գործիչներ՝ նրանք դրսեւորվելու տեղ կունենային եւ անմիջապես առճակատման չէին գնա»: Առաջարկվող սահմանադրական բարեփոխումներին «Հզոր հայրենիքը» պատրաստվում է լուրջ ներդրում ունենալ: Վարդապետյանի հավաստմամբ, բարեփոխումների նախորդ փաթեթում իրենց առաջարկների 99 տոկոսը հաշվի է առնվել, առաջիկայում նոր առաջարկներ էլ կլինեն: «Մենք դա չպետք է անենք Եվրախորհրդի առջեւ «պտիչկա» դնելու համար: Բարեփոխումների լուրջ կարիք կա, եւ այս անգամ մենք չպետք է թույլ տանք, որ վրիպումներ լինեն: Մենք ունենք համապատասխան պոտենցիալ, կյանքը ցույց տվեց, որ հազարավոր անդամներ ցույց տված կուսակցությունները անգամ կադրեր չունեին՝ այստեղից-այնտեղից էին վերցնում172նշանակում»,- ՕԵԿ-ի բոստանը քար շպրտեց մեր զրուցակիցը: Հայաստանի միակ փրկությունը նա ժողովրդավարական դառնալու մեջ է տեսնում: Այդ թվում՝ նաեւ ԼՂՀ հարցի կարգավորումը: Կարեւորելով տարածաշրջանային համագործակցության խնդիրները եւ հաշվի առնելով, որ Վրաստանում նոր գործընթացներ են ընթանում, Վ. Վարդապետյանը գտնում է, որ պետք է օգտվել առիթից՝ այդ երկրի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա դնելու համար՝ որպես տարածաշրջանային հիմնական գործընկեր: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել