Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ Է ԱՂՄԿՈՒՄ ԴՈՒՄԱՆ

Օգոստոս 06,2004 00:00

ԻՆՉՈՒ Է ԱՂՄԿՈՒՄ ԴՈՒՄԱՆ Ռուսաստանը Աբխազիան համարյա թե իր տարածքն է համարում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու աղմկահարույց հայտարարությունը՝ կապված Թբիլիսիի թույլտվությունը շրջանցող եւ աբխազական նավահանգիստներ ուղղություն վերցրած նավերը գնդակոծելու պատրաստակամության հետ, դժվար է դիվանագիտական գլուխգործոց համարել: Չափից դուրս կոպիտ էին բառերն ու հատկապես դրանց արտահայտման տոնը: Բայց արձագանքը, որ ռուսաստանյան պաշտոնական շրջանակներից հետեւեց այդ հայտարարությանը, այլ կերպ, քան քաղաքական նոնսենս, դժվար է բնութագրել: ՌԴ ԱԳ պատասխանն արդեն հայտնի է, ուստի անդրադառնանք Պետդումայի երեկ ձեռնարկած «հակաքայլերին»: Իսկ մինչ այդ՝ փոքր-ինչ լարենք մեր երեւակայությունը: Պատկերացնենք այսպիսի իրավիճակ. հազարավոր ամերիկացիներ, «փաթաթած» ունենալով Մոսկվային, իրենց ամառային հանգիստն են անցկացնում չեչեն գրոհայինների կողմից վերահսկվող Ռուսաստանի հարավի լեռնային շրջաններում եւ այն էլ՝ այդ նույն գրոհայինների աջակցությամբ: Նման լկտիությունից կատաղած՝ Մոսկվան հանդես է գալիս շատ կոշտ հայտարարությամբ, բայց եւ, առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով, ամերիկացի զբոսաշրջիկներին կոչ է անում չմոտենալ հանգստի վերոհիշյալ գոտիներին, քանի որ դրանք ռուսական զինուժի կողմից ենթակա են գնդակոծման: Ռուսաստանի այս՝ թվում է թե շատ բնական հայտարարությանը, սակայն, հետեւում է պաշտոնական Վաշինգթոնի ոչ պակաս կոշտ պատասխանը, որում ԱՄՆ-ն Մոսկվային մեղադրում է… Միացյալ Նահանգների ինքնիշխանությունը կոպտորեն ոտնահարելու մեջ: Թվում է, թե նկարագրվածը ֆանտաստիկայի ոլորտից է, սակայն վերջին օրերի վրաց-ռուսական լարումների հիմքում ընկած է ճիշտ եւ ճիշտ այս տրամաբանությունը: Ըստ «Նովոստի» գործակալության, «Վրաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ» երեկ Դուման հանդես է եկել հայտարարությամբ, որին խանդավառությամբ կողմ է քվեարկել 425 պատգամավոր: Ահա թե ինչ է ասում այդ նախաձեռնության հեղինակ, «Հայրենիք» խմբակցության առաջնորդ, ականավոր հայրենասեր Դմիտրի Ռոգոզինը. «Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կասկածի տակ են դնում Ռուսաստանի ինքնիշխանությունը, ՌԴ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»: Այստեղ կա եւս մի հանգամանք. այս օրերին Աբխազիայի լողափերում հանգստանում են ավելի քան 60 հազար ՌԴ քաղաքացիներ, ինչի արդյունքում ամենաուղղակի եւ խոշոր դրամական եկամուտներ են ստանում Աբխազիայի «խաղաղությունը պահող» բազմաթիվ ռուս բարձրաստիճան զինվորականներ: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. Գ. Քաղաքականության եւ բիզնեսի սահմանագծին է նաեւ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի երեկվա այցը Սուխում: Չնայած նախորդ օրը հնչած սպառնալիքներին, այդ այցելությունն անցավ առանց միջադեպերի: Մոսկվան ցանկանում է ուղիղ, Թբիլիսիով չմիջնորդավորված տնտեսական կապեր հաստատել չճանաչված հանրապետության հետ, ի դեպ, որի բնակչության 70 տոկոսն ունի ռուսաստանյան անձնագիր: Ռուսաստանյան լրատվամիջոցները հիշեցնում են, որ մի քանի ամիս առաջ, աջարական ճգնաժամի գագաթնակետին, Մոսկվայի քաղաքապետն եկել էր Սուխում եւ 12-ժամանոց զրույց ունեցել Ասլան Աբաշիձեի հետ: Երեկ Լուժկովը քննարկեց ռուսաստանյան ներդրումների հնարավորությունը առողջարանային համալիրում, ածուխի հանքերի մշակման ու պլաստմասսայի արտադրության գործարանի կառուցման մեջ: Վերջին ներդրումը, պետք է ենթադրել, առնչվում է Մոսկվայի քաղաքապետի կամ, ավելի ստույգ, նրա տիկնոջ՝ Ելենա Բատուրինայի անձնական բիզնեսի հետ: Վրացական կողմի պատասխանն այդ բանակցություններին, բնականաբար, կարծր էր: Ինչպես նշեց այդ երկրի վարչապետ Զուրաբ Ժվանիան, «եթե ռուսաստանյան բիզնեսմեններն ուզում են փողերը քամուն տալ, դա իրենց պրոբլեմն է, սակայն մենք ազնվորեն զգուշացնում ենք, որ ցանկացած ներդրումային գործունեություն Աբխազիայում որեւէ իմաստ կունենա՝ միայն եթե իրականացվի վրացական օրենսդրության սահմաններում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել