Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մասնավորեցումը կասեցված է

Օգոստոս 06,2004 00:00

Մասնավորեցումը կասեցված է

Օրերս մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը հայտարարեց, որ կասեցվել
է «Հայֆիլմ» կինոստուդիայի մասնավորեցման գործընթացը, իսկ թե ինչո՞ւ, չմանրամասնեց:
Նախարարն ասաց, որ ուրախ է այդ առիթով՝ վկայակոչելով ԱՊՀ երկրների մասնավորեցված
կինոստուդիաների տխուր ճակատագիրը: Հիշեցնենք, որ «Հայֆիլմի» մասնավորեցման
գործընթացին մասնակցության հայտ էին ներկայացրել Հայերի համաշխարհային կոնգրեսի
նախագահ Արա Աբրահամյանն ու Գաֆեսճյան ընտանիքը:
Կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը «Առավոտին» տեղեկացրեց հետեւյալը. «Այսօր մեր ստուդիայի վիճակը, վերջին 4-5 տարիների համեմատ, բավականին բարելավվել է՝ արտադրանքի ծավալի իմաստով, թեեւ գեղարվեստական ֆիլմերի բյուջեն (տարեկան մոտ 250 մլն դրամ) նույնն է մնացել»: Այս տարի 2 կարճամետրաժ, 4 լիամետրաժ, 4 մուլտիպլիկացիոն ֆիլմ եւ 1 դեբյուտ ենք նկարել, այն դեպքում, երբ նախորդ տարիներին հազիվ 1 ֆիլմ էինք կարողանում նկարել: 2005-ին կինոշուկայի մասնակցության համար 28 մլն դրամ է մեզ հատկացվել, որը շատ չէ, բայց հնարավորություն կտա գոնե 1-2 տաղավարով մասնակցել դրսի կինոփառատոներին: «Կինոստուդիայի վիճակը բարելավելուն ուղղված բոլոր ճանապարհները փնտրելուց հետո վերջապես հասկացանք, որ որեւէ մեկը փող չի տա, Հայաստանը կինոշուկա չէ, իսկ արտասահմանյան շուկա դուրս գալն այնքան էլ հեշտ չէ: Մեծ խնդրի առաջ ենք կանգնած՝ ունենք տեխնիկական վերազինման կարիք, ընդամենը մեկ պրոֆեսիոնալ կամերա (ժամանակին Շարլ Ազնավուրն էր նվիրել), որը հնացած է, օգտագործում ենք նաեւ խորհրդային տարիներից մնացած լուսային սարքեր: Այս ամենի հետ մեկտեղ գոհ ենք, որ «Հայֆիլմը», այնուամենայնիվ, չմասնավորեցվեց: Ի սկզբանե մտավախություն ունեինք, որ ստուդիայի նոր տերերի նպատակը կարող է ազնիվ չլինել, չէ՞ որ մասնավորեցվող շատ հիմնարկներ ուղղակի փակվել են կամ նոր տերերի «հնարամտության» շնորհիվ սնանկ ճանաչվել: Բացի այդ, ով չի ուզենա տիրանալ թեկուզ 32 հա կազմող մեր տարածքին: 18 կետից բաղկացած պարտադիր պահանջների ցանկ էինք ստեղծել, որոնց ընդունման դեպքում միայն համաձայն կլինեինք ստուդիայի մասնավորեցմանը: Մի մտավախություն էլ կար, իսկ եթե գնորդը չպահպանի հայկական կինոյի տեսակն ու շարունակականությունը, 5-ի փոխարեն 15 ֆիլմ նկարի՝ բոլորն էլ բոյեւիկ:

Ու քանի որ «Հայֆիլմը» ԱԺ-ի կողմից հաստատված մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում չկար, կասեցվեց գործընթացը, որպեսզի խնդիրը օրինական ճանապարհով լուծվի, չնայած մասնավորեցման գործընթացին հայտ ներկայացրածները ուզում էին ամեն ինչ շատ արագ ձեւակերպել: Մյուս կողմից էլ ինչո՞ւ մասնավորեցնել «Հայֆիլմը», ի վերջո 1-2 տարի հետո ինքներս կարող ենք փող բերել, մանավանդ արդեն համատեղ աշխատելու մի շարք պայմանագրեր ունենք արտերկրի ճանաչված ընկերությունների եւ կինոստուդիաների հետ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել