Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԻՆԱԿՈՉԻԿԸ ԿՊԱՐԻ ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ

Օգոստոս 06,2004 00:00

«Մեկ
ազգ, մեկ մշակույթ» փառատոնում հայ հանդիսատեսը կհանդիպի Համբուրգի օպերայի
եւ բալետի թատրոնի առաջնակարգ բալերոն, միջազգային մրցույթների դափնեկիր
Արսեն Մեհրաբյանին։
Փառատոնի բացման օրը՝ օգոստոսի 15-ին Ազգային օպերային թատրոնում Ա. Մեհրաբյանը հանդես կգա Նիժինսկիի մենապարով՝ Շոստակովիչի համանուն բալետից, ինչպես նաեւ «Բարեկամություն» պարային անսամբլի ընկերակցությամբ՝ «Հայաստան աշխարհ» պարային տեսարանով։

«Առավոտի» հետ հանդիպման սկզբում Արսենը խնդրեց չօգտագործել «պարող» բառը, բացատրելով, որ Եվրոպայում բալետի արտիստներին կոչում են «բալերոն» եւ «բալերին»։ Ինչպես ոչ բոլոր երգողներն են երգիչ, այնպես էլ ոչ բոլոր պարողները՝ բալերոն։

Արդեն 14 տարեկանում Երեւանի պարարվեստի ուսումնարանի սան Ա. Մեհրաբյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Ագրիպինա Վագանովայի անվան մրցույթում արժանացել էր 3-րդ մրցանակի։ Այսօր դժվար է պատկերացնել, թե ինչ ընթացք կունենար նրա՝ որպես բալերոնի, ճակատագիրը, եթե չլիներ 15 տարեկանում (1998թ.) մասնակցությունը Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացվող բալերոնների միջազգային հեղինակավոր մրցույթին, ուր եզրափակիչ փուլ անցած մասնակցին ընտրության հնարավորություն էր տրված ուսումը շարունակել Եվրոպայի բալետի ակադեմիաներից մեկում։ «Ընտրեցի Համբուրգի ճանաչված բալետի ակադեմիան, որն ավարտելուց հետո, տեղի օպերայի եւ բալետի թատրոնում ինձ վստահվեցին գլխավոր դերապարերը Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ», Չայկովսկու «Շչելկունչիկ», Շոստակովիչի «Նիժինսկի», Լեո Դելիի «Բայադեր», Ջորջ Կորոուպոսի «Ոդիսեւս» ներկայացումներում։ Աշխատել եմ աշխարհահռչակ բալետմայստերներ Նատալյա Մակարովայի, Ջոն Նոյմայերի հետ»,- տեղեկացրեց Ա. Մեհրաբյանը։

2002-ին բալերոնը Համբուրգից մեկնում է Բուլղարիա ու մասնակցում Վառնայում բալերոնների հեղինակավոր միջազգային մրցույթին՝ արժանանալով Գրան պրիի։ Մեր դիտարկմանը, թե հավանաբար բալերոնը ներկայացրել է Գերմանիան, Ա. Մեհրաբյանը պարզաբանեց, որ իր նախաձեռնությամբ հանդես է եկել հայկական եռագույնի ներքո։

«Առավոտի» հարցին՝ «Երբեւէ ձեզ կտեսնենք որպես Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի բալերոն», Ա. Մեհրաբյանը պատասխանեց. «Բեմական ու ստեղծագործական կյանքս այլեւս կապված է Համբուրգի թատրոնի հետ»։ Դրան Արսենը անկեղծորեն պատասխանեց, որ Հայաստանում բալերոնի առջեւ կանգնած է մեծ պրոբլեմ՝ զինծառայությունը։ Ու թեեւ իրեն բացառության կարգով տրված է արտոնություն՝ տարկետում, «բայց դա հարցի լուծում չէ»։ Մեր՝ «Դա ոչ միայն բալերոններին, այլ նաեւ երաժիշտներին, եւ ընդհանրապես՝ արվեստագետներին տանջող հարց է» դիտարկման առնչությամբ բալերոնն ասաց. «Մեր բեմական կյանքը կարճ է՝ մինչեւ 38-40 տարեկան։ Հետեւությունները թողնում եմ ձեզ»։ Ա. Մեհրաբյանն պատմեց նաեւ, որ ինքը ստիպված է Համբուրգում թողնել աշխատանքը, տարին մեկ անգամ գալ Հայաստան՝ «տարկետումը թարմացնելու»։ Եվ «թարմացումը», ինչպես տեղեկացանք զրույցից, մի երկար շղթա է։ Այսպես՝ յուրաքանչյուր տարի մշակույթի նախարարությունը տարկետման խնդրանքով դիմում է պաշտպանության նախարարություն, որի «դաբրոյից» հետո այն ներկայացվում է արդարադատության նախարարություն եւ հետո միայն գործը մտնում կառավարություն։ Բալերոնը մտահոգված է հայրենիքում ապրող ու ստեղծագործող իր կոլեգաների ճակատագրով՝ ոչ միայն բանակի հետ կապված, այլ նաեւ զուտ ստեղծագործական առումով։ «Այսօր բնականոն ընթացքով զարգանում են արվեստի տեսակները, բացառություն չի կազմում եւ բալետը,- նշեց մեր զրուցակիցը,- աշխարհում վաղուց կա մոդեռն բալետը, որը դեռ մուտք չի գործել Հայաստան»։ Ըստ Ա. Մեհրաբյանի, ժամանակի պահանջ է, որ բազմադարյա մշակույթ ունեցող ժողովուրդը 21-րդ դարում ունենա հայկական մոդեռն բալետ, որի կայացման համար անհրաժեշտ է հայ բալետմայստերների ու բալերոնների շփումը։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԲԱԼԵՏԱՍԵՐ says:

    բալերոն բառ չկա, չգիտե՞ք, պարոն Դանիելյան

Պատասխանել