Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈԻՇԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՊԵՏՔ Է

Օգոստոս 06,2004 00:00

Իսկ
ուսանողներին սոված պահել՝ ոչ
Օրերս Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Արես Բեգլարյանը հպարտությամբ հայտարարեց, որ առաջին անգամ է, որ իրենց ուսանողները «Շուշի» հիմնադրամի համանախագահ, գրող Բակուր Կարապետյանի կազմած ծրագրի շրջանակներում գնում են պրակտիկայի՝ յուրացնելու «ճարտարապետական նախագծում» առարկան: Պարոն Կարապետյանը ոգեւորությամբ էր խոսում «Շուշի բերդաքաղաքի եւ նրա շրջակայքի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման, նրա պատմական միջուկի վերականգնման համար» ծրագրի 3 փուլերի մասին. «Առաջին փուլում հաշվառեցինք բերդաքաղաքի եւ ամբողջ սարահարթի հուշարձանները, դամբարանները, կիկլոպյան ամրոցը: Երկրորդ փուլում՝ համարակալեցինք, դրանք տեղադրեցինք քարտեզների վրա, շինությունները չափագրեցինք»: Աշխատանքին մասնակցելու համար ընդգրկվել էին ինչպես մասնագետներ, այնպես էլ ուսանողներ՝ մոտ 25 հոգի, որոնց աշխատանքից շատ գոհ էր ծրագրի ղեկավարը: Մեզ հետաքրքրում էր այլ հարց՝ ի՞նչ միջոցներով են իրականացրել ծրագիրը, եւ հատկապես երկրորդ փուլում որքա՞ն գումար են ծախսել: Բանն այն է, որ համալսարանի առաջին կուրսի ուսանողները շատ դժգոհ են մնացել թե’ սննդից, թե’ Շուշիի պայմաններից, իսկ վերադարձի ժամկետից մեկ օր առաջ 11 ուսանող փախել էր այնտեղից: «Սոված էինք մնում: Ուտելիքները պահում էին դարակում, մի անգամ Բ. Կարապետյանը մեզ բռնացրեց, ջղայնացավ, որ առանց իրեն ասելու վերցրել էինք պահեստից, ու հաջորդ օրը փակեց այն»,-պատմում էին ուսանողները: Դրան Բակուր Կարպետյանը պատասխանեց. «էությամբ այլ մարդ է ու գումարներով չի սիրում հետաքրքրվել»: «Չգիտեմ՝ ինչքան է ծախսվել, դա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ այս սուղ պայմաններում ինձ հաջողվեց ծրագիրն իրականացնել»,-ասաց նա: Քիչ հետո զգալով, որ այլեւս անհնար է կոնկրետ թիվ չասել, մանավանդ որ ծրագրի հաշվի ցուցակը մեր ձեռքում էր ու այնտեղից ինչ-որ գրառումներ էինք վերցնում, Բ. Կարապետյանը վերաձեւակերպեց պատասխանը. «Դե, երեւի, մի 3000 կլինի, էլի, հա’ 3000, բայց…մի քիչ մնաց, այդքանը միայն երկրորդ փուլում չէինք ծախսելու, համարյա կեսը մնաց, որն էլ կօգտագործենք հաջորդ փուլում»: Թեեւ ուսանողները խիստ վիրավորվել էին Բ. Կարապետյանից, չէին կարող չնշել, որ վերջինս մի անգամ «հաճելի անակնկալ» էր մատուցել իրենց՝ «սյուրպրի՜զ բղավելով ու ներս բերելով 25 հոգու համար նախատեսված 4 տուփ թթվասերը»:

Ըստ Բ. Կարապետյանի՝ հիմնականում աշխատում էին 5-րդ կուրսի ուսանողները, իսկ «առաջին կուրսեցիները երրորդ մարդիկ էին, որոնք պետք է մետր պահեին ու ինչ-որ բաներում օգնեին»: «Մետր պահողները» նաեւ պատմում էին, որ իրենց անվտանգությունն այնտեղ բոլորովին պահպանված չէր, ստիպված էին լինում խարխլված շինությունների տակով, պատերի վրայով անցուդարձ կատարել: Այս խնդրին անդրադառնալով՝ Բ. Կարապետյանն ասաց. «Դրա համար Շուշիի արտակարգ իրավիճակների վարչությունից մի խումբ մարզված տղաներ էին եկել, որ օգնեին ուսանողներին»: Ապա շարունակեց. «Ես ստիպված էի նույնիսկ սնունդն ինձ վրա վերցնել, ինքս էի գնում խանութ, շալակած բերում, որովհետեւ փորձեցի մեկին վստահել, գողացավ ուտելիքը: Ես ասացի՝ լավ չէ երեխաներից կտրել, գողանալ»: Բայց ուսանողների պատմելով՝ նա ամեն օր տղաներին տվել է 5000 դրամ՝ մոտակա խանութից 20-25 հոգու համար սնունդ գնելու: Ծրագրի ղեկավարը չկարողացավ հերքել, որ Շուշիում բավական խնդիրներ են առաջացել ուսանողների հետ՝ կապված ոչ միայն սննդի, այլեւ աշխատանքային ռեժիմի հետ: «Բողոքները ես չեմ ուզում բանի տեղ դնել: Մի անգամ իմ օգնական Պետրոսյանն անկարգապահ ուսանողներին վռնդեց, ես ասացի՝ չէ, 15 օր համբերել եմ, չեմ ուզում, որ գնան»,- պատմում էր Բ. Կարապետյանը:

Ուսանողները, վաղաժամ լքելով Շուշին, գիշերվա ժամը չորսին էին կարողացել տուն հասնել: «Մենք ոչ մի կոպեկ չունինք այլեւս, որովհետեւ ստիպված էինք ամեն օր սնունդ գնել: Դրա համար խնդրեցինք մի ղարաբաղցի վարորդի, որ մեզ բերի»,- ասաց ուսանողներից մեկը: Այս մասին Բ. Կարապետյանն ասաց. «Մի խումբ ուսանողներ կազմակերպեցին ու մի օր շուտ վերադարձան, թեպետ դա մի առանձին բան չի, ես գոհ եմ, բանի տեղ չեմ դնում: Ետ գալու համար մենք մեքենա վարձել էինք: Ճանապարհի համար ես կարող էի մեկ-երկու հոգու փող տալ, բայց իրենք իրենց ֆինանսներով եկան: Գիտեք, ես առաջարկեցի մնալ, իրենց գործն է, պետք չէր գալ»: Թեեւ Բակուր Կարապետյանի ցուցակում իրենց վատ պահած ուսանողների անուններն արդեն օղակի մեջ էր առնված, բայց նա մեզ հավաստիացրեց. «ես չեմ ուզում բարդացնել, բոլորը ստանալու են պրակտիկան, խնդիր չկա: Նրանք գործ արել են: Իմ անձնական վիրավորանքը խնդիր չի»: Ասենք նաեւ, որ իմանալով այս մասին, համալսարանի ռեկտորը «իրար էր խառնել» ողջ աշխատակազմը՝ քննարկելու տեղի ունեցած դեպքերը: Ի վերջո, ըստ ռեկտորի, պետք է լսել ոչ միայն բողոքող 3-4 ուսանողի, այլեւ մնացած քսանին էլ, որոնք ասում են, թե ամեն ինչ շատ լավ է անցել ու նման խնդիրներ չեն ունեցել: Բայց մի բան հաստատ է՝ ռեկտորի որոշմամբ այլեւս առաջին կուրսի ուսանողները նման պրակտիկաների չեն մասնակցելու:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել