Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԼԻՄԻՏԸ ՍՊԱՌԵԼ Է

Օգոստոս 06,2004 00:00

Հարցազրույց
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ
– Պարոն Դեմիրճյան, ինչպիսի՞ հանդիպումներ ունեցաք ԱՄՆ-ում եւ այդ հանդիպումները որքանո՞վ օգտակար կարող են լինել հայաստանյան ընդդիմության համար։

– Ընդդիմության գործողությունները կապված չեն որեւէ այցի հետ, քանի որ հայաստանյան ընդդիմությունը ապավինել եւ ապավինելու է ժողովրդին։ Ինչ վերաբերում է ԱՄՆ կատարած իմ այցին, ապա արդեն հայտնի է, որ մասնակցել եմ Ժողովրդավարության ազգային ինստիտուտի կազմակերպած միջազգային լիդերների ֆորումին եւ Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցության համագումարին։ Ելույթ եմ ունեցել Վաշինգթոնի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնում։ Հանդիպումներ եմ ունեցել Պետդեպարտամենտում, Ժողովրդավարության ազգային ինստիտուտում։ Եղան նաեւ ոչ պաշտոնական հանդիպումներ։ Միացյալ Նահանգներում հանդիպումներ ունեցա հնչակյան, ռամկավար կուսակցությունների, Ամերիկայի հայկական համագումարի, ինչպես նաեւ հանդիպեցի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք անցան շատ ջերմ մթնոլորտում։ Հատկապես ուզում եմ առանձնացնել Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպումը, որին հազարից ավելի մարդ էր մասնակցում։ Ես իմ պարտքն էի համարում հանդիպումները սկսել հենց այս համայնքից, քանի որ նախագահական ընտրությունների ժամանակ Լոս Անջելեսի մեր հայրենակիցները բացարձակ մեծամասնությամբ քվեարկել էին իմ օգտին։

– Մամուլում նշվեց, որ դուք Վաշինգթոնի ռազմավարական հետազոտությունների կենտրոնում մոտ 20 րոպեանոց ելույթ եք ունեցել եւ հետո պատասխանել մասնակիցների հարցերին։ Ինչի՞ մասին էր այդ ելույթը եւ հատկապես ո՞ր հարցերն էին դրանում կարեւորված։

– Իմ ելույթում ներկայացվեց իրավիճակը մեր երկրում, տրվեցին մեր գնահատականներն ու մոտեցումները Հայաստանի հետագա զարգացման, ղարաբաղյան հարցի կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման, հայ- թուրքական հարաբերությունների առնչությամբ։ Կարեւորվեց կոռուպցիայի դեմ իրական պայքար ծավալելու եւ մեր երկրում օրենքի իշխանություն հաստատելու անհրաժեշտությունը։ Նշվեց, որ, ի տարբերություն իշխանությունների, որոնք հռչակում են Հայաստանը որպես տարածաշրջանի, այսպես կոչված, ամենակազմակերպված երկիր, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում իրականում։ Մենք Հայաստանի ապագան տեսնում ենք որպես ժամանակակից դեմոկրատական պետություն եւ կարեւորում ենք ժողովրդավարական գործընթացների արմատավորման անհրաժեշտությունը թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում։

– Միացյալ Նահանգներում ձեր գտնվելու ընթացքում հայաստանյան որոշ լրատվամիջոցներ գրեցին, թե հենց Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպմանը շատ քիչ մարդ է մասնակցել։

– Թե ինչպիսին էր հանդիպումը՝ ես արդեն ասացի։ Մենք սովոր ենք, որ իշխանական լրատվամիջոցների կողմից ամեն անգամ իրականությունը խեղաթյուրվում է։ Այս այցը այդ առումով բացառություն չէ։

– Հնարավո՞ր է, որ ընդդիմությունը աշնանը վերադառնա խորհրդարան։ Եթե ոչ՝ ի՞նչ է սպասվում աշնանը։

– Երկխոսություն եւ խորհրդարանական բնականոն գործունեություն հնարավոր է, եթե իշխանությունները գործում են օրենքի դաշտում։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ երկխոսությունը, եթե շինծու քրեական գործ է հարուցված դաշինքի դեմ, եւ մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել բռնություններ եւ ապօրինություններ իրականացրած անձինք։ Ընդդիմության նպատակներն ու հարցադրումները հայտնի են եւ չեն փոխվել։ Ընդդիմությունը շարունակելու է իր պայքարը հանուն ժողովրդավարության եւ օրինականության հաստատման։

– Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ իշխանական կոալիցիան ընդդիմությանը զրկի մանդատներից եւ դաշինքի ցուցակում հաջորդներին բերի խորհրդարան՝ այսպիսով ապահովելով մի նոր ընդդիմության ներկայությունը խորհրդարանում։

– Իշխանության պլանների մասին հարցրեք իրենց։ Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման։

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ ենք սկսել ազգովի սիրել Ջոն Քերրիին։ Ըստ ձեզ, ԱՄՆ-ում ո՞ր թեկնածուի ընտրությունը կարող է շահեկան լինել Հայաստանի համար։

– Կարծում եմ, ԱՄՆ-ի նախագահի ընտրությունից հետո, անկախ նրանից, թե ով կընտրվի, այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չեն լինի։ Իսկ Հայաստանի համար շահեկան կլինի, եթե Հայաստանի նախագահը ընտրված լինի եւ լեգիտիմ։

– Կոալիցիան արդեն պատրաստել է «Ընտրական օրենսգրքի» եւ Սահմանադրության փոփոխությունների փաթեթը ու դրանք դրել շրջանառության մեջ։ Ընդդիմությունն այս գործընթացին չի մասնակցել եւ կարծես չի էլ պատրաստվում մասնակցել։ Երբ ընդունվի օրենսգիրքը, ընդդիմությունն անշուշտ կպնդի, թե իշխանությունները այն իրենց համար ձեւեցին։ Ուրեմն ինչո՞ւ այսօր չեք մասնակցում քննարկումներին։

– Մենք կարեւորում ենք սահմանադրական փոփոխությունները եւ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումը։ Ընդ որում, «Արդարություն» դաշինքն ունի «Ընտրական օրենսգրքի» իր տարբերակը։ Իսկ ներկայացված նախագծի վերաբերյալ մենք մեր տեսակետները կարտահայտենք։ Դուք մոռանում եք, որ մենք միշտ նշել ենք, որ ամենակատարյալ օրենսգիրքը չի փրկի, եթե իշխանությունը ծրագրում եւ իրականացնում է կեղծիքներ, չունի քաղաքական կամք՝ արդար ընտրություններ անցկացնելու։ Այս իշխանության պարագայում ցանկացած «Ընտրական օրենսգիրք» որեւէ արժեք չունի, քանի որ այս իշխանությունը ընտրություններ անցկացնելու վստահության լիմիտը վաղուց սպառել է։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել