«ԶՈՒԲՐԻՏ ԱՐԱԾ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Այս տարի հայոց պատմության ընդունելության քննությունից բացասական միավորների թիվը (տոկոսային հարաբերությամբ) անցյալ տարվա 22-ի փոխարեն հասել է 26-ի: Ընդ որում` դեռ մեկ շաբաթ առաջ բացասականների թիվը մոտ 35 տոկոս էր: Հայոց պատմությունը դասվում է այն առարկաների շարքին (այդ շարքից են նաեւ աշխարհագրությունը), որտեղ մինչ օրս 20 միավոր դեռեւս չի գրանցվել: Ըստ առարկայական հանձնաժողովի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Զոհրաբյանի «ընդհանրապես սխալ է պատմությունից գրավոր քննություն անցկացնել, որովհետեւ այդ ձեւով դժվար է պատկերացում կազմել դիմորդի գիտելիքների մասին: Եվ արդյունքում ստացվում է, որ դասագրքից «զուբրիտ արած» դիմորդներն ավելի մեծ հաջողության են հասնում, քան վերլուծողական մտածողություն ունեցողները»: Այս ամենի հետ մեկտեղ, այս տարի խստացվել են չափանիշները եւ, միեւնույն ժամանակ, ավելի կոնկրետացվել: Նախորդ տարիներին ընդհանուր թեման է գնահատվել 5 միավորի սահմաններում, իսկ այս տարի գնահատվում են տվյալ թեմայի ենթահարցերը` առանձին-առանձին: Օրինակ, փաստագրական սխալի համար հանվում է 1 միավոր, ոչ էական բացթողումների համար` կես միավոր: «Իսկ որն է ոչ էականը, դա շատ լայն եւ ոչ կոնկրետ հասկացություն է» հարցին պրն Զոհրաբյանը պատասխանեց. «Օրինակ, եթե թեման շարադրել է, բայց ինչ-որ մի միտք դուրս է մնացել: Ենթադրենք, Վարդանանց պատերազմը շարադրել է, վերջում չի անդրադարձել նրան, որ, ասենք, մերոնք բարոյական հաղթանակ են տարել, ոչ հաղթել են, ոչ էլ պարտվել են, դասագրքի այն մի քանի նախադասությունը, որ հետագայում հայերը շարունակել են դիմադրությունը եւ այլն, սա ոչ էական բացթողում է: Ոչ էական է նաեւ, ասենք, որեւէ գիտնականի մասին մի քանի տող չգրելը»: Մեր ընթերցողներին մտահոգող մյուս հանգամանքն այն լուրերն են, թե հանձնաժողովի անդամները գրավորներն ստուգելիս բառ առ բառ համեմատում են դասագրքի հետ: Այն դեպքում, երբ որոշ կրկնուսույցներ ամենեւին էլ դասագրքերով չեն պարապում, սակայն իրենց վրա են վերցնում պարապելու պատասխանատվությունը: «Եթե նկարագրությունը ճիշտ է, մենք ճիշտ էլ համարում ենք, ուզում է դասագրքային լինի, ուզում է` ոչ դասագրքային,- պարզաբանեց պարոն Զոհրաբյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ