Լրահոս
Օրվա լրահոսը

Անձի դեմ ուղղված հանցագործությունները աճել են

Օգոստոս 05,2004 00:00

Անձի դեմ ուղղված հանցագործությունները աճել են Երեկ ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանն ամփոփեց այս տարվա առաջին կիսամյակի ոստիկանության գործունեությունը։ «Պարզվում է, որ աշխատում եք»,- տեսնելով իր ասուլիսին եկած լրագրողներին՝ նկատեց փոխոստիկանապետը: Ըստ նրա, տարվա 6 ամիսների ընթացքում գրանցվել է 5351 հանցագործության դեպք, 231- ով ավելի՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Փոխոստիկանապետ Ա. Մահտեսյանը նշեց, որ անցյալ տարվա օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված Քրեական օրենսգրքի արդյունքում, «պատժի լիբերալիզացիայից» հետո հանցագործությունների դինամիկան փոխվել է եւ, փաստորեն, 46% հանցագործությունները կատարվել են նախկինում դատապարտվածների կողմից։ Հանցավորության մակարդակն ավելի բարձր է Երեւանում (21,8%) եւ Շիրակում (17,8%)։ Եթե 10 հազար բնակչին բաժին հասնող հանցագործությունների թիվը համեմատենք ԱՊՀ ցուցանիշների հետ, ապա 6 ամիսների ընթացքում մեր հանրապետությունում այն կազմել է 16,7%, ՌԴ-ում՝ 98,4, Բելառուսում՝ 80,1, Ուկրաինայում՝ 56,7, Ղազախստանում՝ 48,5։ Պարոն Մահտեսյանի տեղեկատվությամբ, հանրապետությունում նվազել են պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Ուշադրության արժանի է այն, որ անչափահասների մասնակցությամբ 352 դեպք է գրանցվել։ Ըստ տարիքային խմբերի, 6 ամիսների ընթացքում քրեական պատասխանատվության են կանչվել 14-15 տարեկան 57 անձ, 16-17 տարեկան՝ 136, 18-24 տարեկան՝ 688, 25-29 տարեկան՝ 532, 30-49 տարեկան՝ 1364, 50 եւ ավելի տարիք ունեցող՝ 381 անձ։ Փաստորեն, ըստ այս վիճակագրության, հանցագործ տարիք կարելի է համարել 30-49 տարեկանը (42,3%)։ Անդրադառնալով ծանր հանցագործություններին, մասնավորապես սպանություններին, փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ 30 սպանության դեպք է բացահայտվել։ Ընդ որում, 6-ը չի բացահայտվել հանցագործների անհայտ լինելու կամ հետախուզման մեջ գտնվելու պատճառով։ Չբացահայտված հանցագործությունների մեջ նշվեց Կապանի դեպքը, երբ նորածնի դիակ է հայտնաբերվել աղբարկղի մոտ, Նորքի դեպքը, երբ Հովսեփյան փողոցի 8 շենքի մոտ գտնվել էր Լեւոն Խանզադյանի, իսկ Քանաքեռ ՀԷԿ-ում՝ «ջրահեղձ» Ռիմա Միրզոեւայի դիակները։ Փոխոստիկանապետը տեղեկացրեց նաեւ, որ ԱՄՆ դեսպանատան կողմից հատկացվել է 350 հազար ԱՄՆ դոլար, որպեսզի իր գերատեսչությունում համակարգչային ցանց ստեղծի։ «Առավոտի» այն հարցին, թե ի՞նչ ծրագրի շրջանակներում է իրականացվելու տեղեկատվական ցանցի ստեղծումը, պարոն Մահտեսյանը նշեց, որ հանրապետությունը գտնվելով ռիսկային գոտում՝ կարեւորում է ահաբեկչության դեմ պայքարը։ Մեկ տարվա ընթացքում կիրականացվի ընդհանուր ցանցի ստեղծումը։ Առանձին խոսակցության նյութ դարձան ճանապարհատրանսպորտային պատահարները։ 6 ամիսների ընթացքում տեղի է ունեցել 513 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով զոհվել է 97, մարմնական վնասվածք ստացել 672 մարդ։ Համեմատելով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ, արձանագրենք, որ դեպքերի քանակն ավելացել է 151-ով, զոհերինը՝ 9-ով, վիրավորների թիվը՝ 210-ով։ Առհասարակ, ըստ Ա. Մահտեսյանի, ոստիկանությունն աշխատում է գերլարված, միայն առաջին կիսամյակում այն սպասարկել է 136 հասարակական, զանգվածային միջոցառումներ, 167՝ պաշտոնական։ Ծառայողական եւ կատարողական կարգապահության հարցի հետ կապված նշվեց, որ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 459 ծառայող, որից ՀՀ ոստիկանության մարմիններից տույժի կարգով համակարգից հեռացվել է 47-ը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել