Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃԱՃՈՅԻ ԷԴՈՆ» ԳՆԱՑ ԳՈԳԱՅԻ ՀԵՏԵՎԻ՞Ց

Օգոստոս 05,2004 00:00

«ՃԱՃՈՅԻ ԷԴՈՆ» ԳՆԱՑ ԳՈԳԱՅԻ ՀԵՏԵՎԻ՞Ց Երեկ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը ԶԼՄ-ների հետ իր հանդիպումը սկսեց Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածում կատարված սպանությունների գույժով։ Օգոստոսի 3-ին, ժամը 16.25-ի սահմաններում, գնդակոծման էր ենթարկվել Էդիկ Մարտիրոսյանի «Ջիպ»-ը։ Ավտոմեքենայում գտնվող ուղեւորները՝ ԱԺ նախկին պատգամավոր Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին եւ նրա ընկերը՝ Ռուբեն Խաչատրյանը, տեղում մահացել են։ Չորրորդ ուղեւորը՝ Աշոտ Ջանջուղազյանը, տեղափոխվել է հիվանդանոց, թեեւ մարմնական վնասվածք չի ստացել։ 44-ամյա Է. Մարտիրոսյանը հայտնի էր նաեւ «Ճաճոյի Էդո» մականվամբ։ «Սպանության վարկածները բազմազան են եւ դուրս են եկել Հայաստանի շրջանակներից»,- երեկ ասաց Ա. Մահտեսյանը։ Սպանությունը կապ կարո՞ղ էր ունենալ հուլիսի 22-ին վանաձորցի մեկ այլ հեղինակության՝ Գոգա Առաքելյանի սպանության հետ հարցի կապակցությամբ Ա. Մահտեսյանն ասաց. «Ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ՝ ժխտել»։ Հանցագործության վայրից հայտնաբերվել են ԱԿԱ74 տիպի եւ ԱԿԱ47 տիպի ինքնաձիգների 43 պարկուճներ։ Հայտնի է, որ հանցագործության զոհերը դուրս են եկել «Եդեմ» խորտկարանից։ «Անձը, որին ուղղված է եղել կրակոցը, շփումներ ունի հանցավոր աշխարհի հետ»,- նշեց գեներալ-մայոր Մահտեսյանը։ Հիշեցնենք, որ սա «Ճաճոյի Էդոյի» դեմ մահափորձի առաջին դեպքը չէր։ Մեր աղբյուրի պնդմամբ, սպանության պատճառը կարող էր լինել «հեղինակությունների» միջեւ ազդեցության վերաբաշխումը։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել