Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԿ ԱԶԳ, ՏԱՐԲԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐ

Օգոստոս 05,2004 00:00

ՄԵԿ ԱԶԳ, ՏԱՐԲԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐ Բնագավառի պատասխանատուներն առայժմ «խորհրդային ալիքի» վրա են Մշակույթի վերջին երկու նախարարներն իրենց անզգույշ արտահայտություններով լրատվամիջոցների սարկազմի համար պարարտ հող են ստեղծում: Դա, իհարկե, պարզ զուգադիպություն է եւ գուցե նաեւ՝ կոալիցիայի ներսում ինչ-ինչ խաղերի արդյունք՝ մշակույթի նախարարին (այն էլ՝ ՕԵԿ-ից) «կպնելն» ավելի հեշտ ու «անվնաս» է, քան, ասենք, պաշտպանության նախարարին: Մշակույթի իրական խնդիրները, իհարկե, պայմանավորված չեն անձերով կամ կուսակցություններով: Որովհետեւ սկզբից այդ անձը կամ կուսակցությունը պիտի գոնե շատ ընդհանուր ձեւով տեղյակ լինի պետության կողմից վարվող մշակութային քաղաքականությանը, համաձայն լինի դրան եւ հետո միայն փորձի այդ քաղաքականությունը կիրառել: Իդեալական կլիներ, եթե խորհրդարանական քարոզարշավի ընթացքում տվյալ կուսակցությունը մշակույթի (տնտեսության, արտաքին քաղաքականության, բնապահպանության եւ այլն) բնագավառում թարմ եւ կարեւոր գաղափարներ առաջարկեր, այդ գաղափարները արժանանային ընտրողների հավանությանը, որից հետո այդ կուսակցությունը ներկայացնող նախարարը այդ ծրագրերը կյանքի կկոչեր: Բայց Հայաստանում դա ուտոպիա է, քանի որ՝ ա/ քարոզարշավի ժամանակ ոչ ոք գաղափարներ չի առաջարկում՝ բրինձ են բաժանում, բ/ ընտրությունների արդյունքները կեղծվում են, գ/ ընտրություններից հետո նախագահին քծնելու հիման վրա ստեղծված կոալիցիան անհասկանալի սկզբունքներով բաժան-բաժան է անում պաշտոնները: Արդյունքում ստացվում է, որ, մասնավորապես, մշակույթի նախարարությունը ՕԵԿ-ին հասավ պատահականորեն, ճիշտ այնպես, ինչպես Հովիկ Հովեյանը պատահականորեն հայտնվեց ՕԵԿ-ի շարքերում: Եթե վաղը պրն Հովեյանը ազատվի պաշտոնից եւ մշակույթի նախարար դառնալու հավակնություն ունենա, ասենք, Էդուարդ Միլիտոնյանը, վերջինս նույնպես ստիպված կլինի ՕԵԿ անդամ դառնալ եւ հայտարարել, որ մանկուց երազել է վերադարձնել թոշակառուների ավանդները: Մշակույթի հետ այդ բոլոր հանգամանքները կապ չունեն: Բանաստեղծ Հակոբ Մովսեսից մինչեւ բանաստեղծ Հովիկ Հովեյանը մշակույթի նախարարների առաքելությունը պարզ չէ, որովհետեւ 14 տարվա ընթացքում մենք գոնե կես նախադասությամբ չենք ձեւակերպել, թե ինչ ենք ուզում այդ բնագավառից: Համեմատության համար ասենք, որ, օրինակ, արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները պարզ են, ընդունված են հասարակության կողմից եւ կիրառվում են առնվազն 91 թվից ի վեր՝ փողը վերցնել Արեւմուտքից, զենքը՝ ռուսներից (ներկայիս ԱԳ նախարարը դա կոչում է «կոմպլեմենտարիզմ»): Ինչ է նշանակում մշակութային քաղաքականություն՝ ոչ ոք չգիտի: Ավելին՝ բնագավառի պատասխանատուները դեռ հին՝ խորհրդային ալիքի վրա են. նրանք մշակույթը հասկանում են որպես արվեստի գործերի հավաքածու, եւ, հետեւաբար, մշակութային քաղաքականությունը նրանց համար տաղանդավոր (իրենց կարծիքով) գործերի պետական հովանավորություն է: Այսինքն՝ ենթադրենք, Պողոսն ավելի տաղանդավոր բեմադրիչ է, քան Պետրոսը, ուրեմն եկեք Պողոսին տանք հարկատուների փողերը, որ նա Մայր թատրոնում ներկայացում բեմադրի: Սա է «պետական մոտեցման» ամբողջ գաղափարախոսությունը՝ կենտկոմի ժամանակներից եկած եւ այսօրվա իրականությանը ոչ մի կերպ «չբռնող»: Մինչդեռ «մշակույթ» հասկացությունը շատ ավելի ընդգրկուն է եւ իր մեջ է ներառում ոչ միայն դրական երեւույթներ: Երբ ցանկապատին երեք տառանոց բառ է գրված, դա նույնպես մշակույթ է: Մշակույթ է, երբ նույն ընտրությունների ժամանակ ծրագրերի փոխարեն 5 հազարանոցներ են բաժանում: Մշակույթ է, երբ մարզասրահ գնալու փոխարեն մենք մեր ազատ ժամանակը անց ենք կացնում քյաբաբ-խորովածի սեղանի շուրջ: Մշակույթ է այդ սեղանի շուրջ կեղծավոր բաժակաճառեր արտասանելը: Թե ինչպիսին պետք է լինի մշակութային քաղաքականությունը, ես չգիտեմ: Բայց ինձ համար ակնհայտ է, թե որքան կեղծ է եւ երեսպաշտ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսը: Եթե այդ կարգախոսը ճիշտ է, ուրեմն մենք (բոլոր հայերս) նույն մշակույթն ենք կրում, որը մեզ մատուցում են ԱԼՄ-ով ժամերով զռզռացող բաղաձայն «ինքնուս երգիչները»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել