Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԼՈՒՐՋ

Օգոստոս 05,2004 00:00

«ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԼՈՒՐՋ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ» Խոստովանում է կառավարող կոալիցիայի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Բիլակակռիվը լավ բան չի կարող տալ, բայց եթե կարողանան բոլոր տեղամասերում ունենալ համապատասխան քանակությամբ վստահված անձինք, որպեսզի վերահսկվի պրոցեսը, դա ճիշտ մոտեցում է։ Ես համարում եմ, որ ցանկացած քաղաքական ուժ իր ձայները, ընտրությունների ընթացքը վերահսկելու համար պիտի ունենա այդ հնարավորությունը։ Մոտ 2 հազար տեղամասում ունենալ թե՛ անդամներ, թե՛ վստահված անձինք, սա բավականին լուրջ թիվ է։ Եթե որեւէ կուսակցություն ունի այդպիսի ռեսուրս, ուրեմն իսկապես կայացած կուսակցություն է։ Շատ կուսակցություններ չեն, որ կարող են այդքան անդամներ կամ համակիրներ հավաքել։ Ես, իհարկե, չեմ հավատում այն թվերին, որ տարբեր կուսակցություններ հայտարարում են իրենց անդամների թվաքանակի մասին, որովհետեւ ես գիտեմ, թե ինչքան բարդ է կուսակցություն կայացնելը, աշխատեցնելը։ Կուսակցությունը պետք է անընդհատ գործի եւ ոչ թե անդամների ցանկ լինի՝ թղթի վրա գրված։ Կարծում եմ, եթե կուսակցությունները հնարավորություն ունենան աշխատել այնպես, որ կարողանան վերահսկողների այդպիսի քանակ ունենալ, ապա դա ողջունելի է»,- Արշակ Սադոյանի՝ «բիլակակռվի» պատրաստ տղաների խմբեր ստեղծելու առաջարկին այսպիսի գնահատական ունի ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։ Ըստ պրն Ռուստամյանի, առանց նորմալ ընտրությունների անիմաստ է խոսել ժողովրդավարության մասին. «Կարծում եմ, եթե մենք ընդդիմության հետ միասին կարողանանք գտնել լուծումներ, որոնց արդյունքում Հայաստանի ընտրական համակարգն այնպես բարեփոխվի, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կասկածանքը վերանա, այլեւս կարելի է համարել, որ մենք թեւակոխել ենք լուրջ ժողովրդավարական գործընթաց»։ Արմեն Ռուստամյանը վստահ է, որ քանի դեռ այսպիսի իրավիճակ չկա, ցանկացած ընտրություն անցնելու է խախտումներով, եւ «ցանկացած պարտվող դժգոհելու է ընտրությունների արդյունքներից, եւ դրանով խոցելի են դառնալու ընտրությունները։ Մեր բոլորի ջանքերը պետք է ուղղենք այս վիճակը շտկելուն։ Սա շատ լուրջ աշխատանք է, եւ ես կուզեի, որ ընդդիմությունը մասնակցեր «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների գործընթացին»։ Մինչդեռ անցած շաբաթ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպե՞ս կընդունի Եվրոպայի խորհուրդը այն օրենսգիրքը, որի ընդունմանը երկրի ընդդիմությունը չի մասնակցել, ասաց, թե ԵԽ-ի համար կարեւոր է, որ օրենսգիրքը բավարար ձայներով ընդունվի։ Եվ կարեւոր չէ, թե ո՞ր քաղաքական ուժերն են մասնակցել քվեարկությանը։ Այս պարագայում ստացվում է, որ տվյալ հարցի հետ կապված կոալիցիայի անդամ երեք քաղաքական ուժերից առնվազն երկուսը տարբեր տեսակետներ ունեն։ Արմեն Ռուստամյանը, թերեւս, հարցի այս մասը շրջանցեց. «Ընտրական օրենսգիրքը» պետք է ընտրակեղծիքների սողանցքերը փակի. եթե օրենսգիրքը այդպես չի բարեփոխվում, դա ընդունելի չի կարող լինել ԵԽ-ի համար։ Եվ որպեսզի այդպես բարեփոխվի, անհրաժեշտ է, որ լինեն տարբեր տեսակետներ, տարբեր մոտեցումներ, եւ մեխանիզմների առումով՝ ընդդիմության մասնակցությունը հենց դրանով է անհրաժեշտ։ Եթե փոփոխություններին գումարվեն ընդդիմության առաջարկներն ու մոտեցումները, մենք շատ ավելի կմոտենանք ցանկալի «Ընտրական օրենսգրքին»։ Իսկ եթե ընդդիմությունը չմասնակցի, մենք բավարար խորությամբ եւ ընդգրկմամբ փոփոխությունների հնարավորությունը կկորցնենք»։ Սակայն ընդդիմությունը ոչ միայն «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին, այլեւ սահմանադրական փոփոխություններին չի պատրաստվում մասնակցել՝ պնդելով, որ նույնիսկ ամենավատ օրենսգրքով կարելի է արդար ընտրություններ անցկացնել՝ քաղաքական կամքի դրսեւորման դեպքում։ Իսկ Սահմանադրությունը պարզապես չի կարելի խախտել։ Բացի այդ, կասկածներ են մնում, որ սահմանադրական փոփոխություններն օգտագործվելու են Ռ. Քոչարյանին 3-րդ անգամ նախագահ դարձնելու համար։ Արմեն Ռուստամյանին եւս հարցրինք այդ մասին։ Վերջինս ասաց հետեւյալը. «Կարծում եմ, ավելի ճիշտ պետք է գնահատվի հետեւյալը՝ իշխանության բաշխումը ճի՞շտ է իրականացված, թե՞ ոչ։ Ի վերջո, կառավարման համակարգն է շատ բան որոշում երկրում։ Կարծում եմ՝ այդ կառավարման համակարգի փոփոխումը սահմանադրական այս փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի։ Հայաստանում կառավարման համակարգն այսօր լուրջ թերություններ ունի, եւ այդ թերությունները վերացնելու համար անհրաժեշտ են որոշակի բարեփոխումներ»։ Ըստ Արմեն Ռուստամյանի՝ «գործող Սահմանադրությունը նախագահին օժտել է գերլիազորություններով, եւ դրանց վերաբաշխման խնդիր կա»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել