Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դա իրոք սուրբ դպրոց է

Օգոստոս 05,2004 00:00

Բաց
նամակ Հայաստանի մտավորականությանը
Հարգելի խմբագրություն, ձեզ են դիմում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մի խումբ նախկին շրջանավարտներ, այժմ՝ վաստակաշատ մանկավարժ-պրոֆեսորներ, հասարակական աչքի ընկնող գործիչներ, որոնք ոչ միայն կրթվել, այլեւ ձեւավորվել են որպես մարդ-քաղաքացի հենց այս կրթօջախում։ Այս դպրոցի մանկավարժական կոլեկտիվի եւ տնօրինության անշահախնդիր նվիրվածությունը անջնջելի հետք է թողել յուրաքանչյուր շրջանավարտի հոգում։ Եվ ինչպես սերմը, որ ընկնելով պարարտ հողի մեջ՝ ծլարձակում եւ բարի պտուղներ է տալիս, նույնպիսի բարի զգացմունքներով եւ ակնածանքով ենք մենք լցվում մեր մանկավարժների հանդեպ։ Սակայն, ցավոք, սերմը երբեմն հայտնվում է անբարենպաստ պայմաններում, որի պտուղները միայն դառնություն եւ ցավ են պատճառում շրջապատին։

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի շրջանավարտ է նաեւ ներկայիս տնօրեն Տիգրան Հեքեքյանը։ Չունենալով մանկավարժին եւ տնօրենին անհրաժեշտ տարրական ձիրք, նա ստիպված կիրառում է մարդուն եւ արվեստագետին ոչ վայել մեթոդներ։ Հանրահայտ է, որ այսօր հեռուստացույցով հանդես գալը մատչելի է յուրաքանչյուրին։ Իսկ նրա վերջին ժամանակների հեռուստատեսությամբ եւ ռադիոյով ելույթները կարծես միայն մեկ նպատակ են հետապնդում. զբաղվել ինքնագովազդով եւ պախարակել տասնյակ տարիների ավանդույթ ունեցող մեր դպրոցի ակնառու նվաճումները։ Մենք՝ շրջանավարտներս եւ մեր ժառանգները տասնամյակներ շարունակ սերտորեն կապված ենք եղել մեր հարազատ դպրոցի հետ, իրազեկ ենք եղել նրա անցուդարձին։ Սակայն մենք չենք հիշում նախկին տնօրեն՝ հարգարժան Պետրոս Հայկազյանի կողմից որեւէ ցուցադրական ելույթ։ Նրա գործը երբեք գովազդի կարիք չի ունեցել։ Նույնիսկ 90-ականների ցուրտ եւ մութ տարիներին, հաճախ աշխատելով մոմի լույսի տակ, դպրոցի տնօրինությունը կարողացավ հաղթահարել դժվարությունները՝ հերոսաբար եւ անձնվիրաբար շարունակելով աշխատանքը։ Իսկ այսօր մեզ զայրույթ եւ ցավ են պատճառում Տ. Հեքեքյանի՝ մտավորականին եւ տնօրենին պատիվ չբերող ելույթները։ «Դպրոցը թվացող բարգավաճում է ապրել, տասը տարի երեխաները թերի կրթություն են ստացել»։ Նվեր ստանալով այսպիսի կատարյալ դպրոց, դպրոց, որի համբավը վաղուց է դուրս եկել մեր հանրապետության սահմաններից եւ թույլ տալ նման արտահայտություն, առնվազն անհեթեթություն է։

Մի՞թե կարելի է մոռանալ, որ մեր դպրոցը հայտնի է եղել ոչ միայն իր անհատ կատարողներով, այլեւ անսամբլներով (նվագախումբ, երգչախումբ, ջութակահարների անսամբլ, տրիո, կվարտետներ, դուետներ)։ Այդ անսամբլները ղեկավարել են Հայաստանում ճանաչված երաժիշտներ, պրոֆեսորներ, հիանալի մանկավարժներ Գոհար Հարությունյանը, Յուրի Դավթյանը, Անդրանիկ Սողոմոնյանը, Սերգեյ Չերնիշովը, հայր եւ որդի Վերանյանները, Ժիրայր Ալթունյանը, Ռուբեն Պողոսյանը, Գեւորգ Աճեմյանը, Ռուբեն Ալթունյանը, Արամ Թալալյանը եւ ուրիշներ։ Նույնիսկ Ա. Խաչատրյանի 100-ամյակի հոբելյանական օրերին արվեստագիտության դոկտոր Բելզայի վարած հեռուստակամուրջին մասնակցել է մեր դպրոցի դաշնամուրային տրիոն։ Իսկ անսամբլը, պարոն Հեքեքյան, չի կարող ստեղծվել եւ ձեւավորվել մեկ-երկու տարում։ Եվ անտեսել նրանց ղեկավարների տարիների տքնաջան աշխատանքն ու սեփականացնել ուրիշի աշխատանքի պտուղները՝ վերագրելով իրեն, մեծ շնորհք չէ, դա կարելի է անել հեռուստատեսային մի քանի րոպեների ընթացքում։

Այս դպրոցը իրոք սուրբ դպրոց է։ Եվ նրա տնօրենը առնվազն ազնիվ քաղաքացի պետք է լինի։ Իսկ դպրոցը արատավորելով՝ հնարավոր չէ արժանանալ հանրության հարգանքին։ Դպրոց ոտք դնող յուրաքանչյուր տնօրեն առաջին հերթին չպետք է խախտի բարոյական էթիկայի տարրական կանոնները։ Հակառակ դեպքում՝ նրա գործունեությունը վաղ թե ուշ կդատապարտվի ձախողման։

Սայաթ-Նովայի անվան դպրոցի շրջանավարտների անունից՝

ՌՈՒԲԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ժողովրդական արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր

ԿԱՐԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

միջազգային մրցույթների դափնեկիր,

վաստակավոր արտիստուհի, ԵՊԿ պրոֆեսոր

ԳԱԼԻՆԱ ՄԵԼՔՈՒՄՈՎԱ

ԵՊԿ պրոֆեսոր

ԲԱԳՐԱՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԵՊԿ պրոֆեսոր

ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

երաժշտական պրոդյուսեր

ՄՈՎՍԵՍ ՊՈՂՈՍՅԱՆ

միջազգային մրցույթների դափնեկիր

ՍԵՐԳԵՅ ԲԱԲԱՅԱՆ

միջազգային մրցույթների դափնեկիր

Հ. Գ. Այս անունների կողքին պարզապես իմ անուն-ազգանունը դնելը անհարկի ինքնավստահություն կլիներ իմ կողմից։ Բայց նամակի բովանդակության հետ համաձայն եմ։ Սայաթ-Նովայի անվան դպրոցում տեղի է ունենում սերնդափոխություն։ Բայց այդ անխուսափելի պրոցեսին տաղանդավոր խմբավար Տիգրան Հեքեքյանը մոտեցավ բոլշեւիկյան-հեղափոխական մեթոդներով՝ այն ամենը, ինչ ինձնից առաջ էր՝ վատ էր։ Ինքնահաստատման շատ տարածված ձեւ է։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արվեստագիտության թեկնածու, դպրոցի շրջանավարտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել