Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԲԸՄ-Ն ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏԵՐՆ Է»

Օգոստոս 05,2004 00:00

Կիպրոսի
Մելքոնյան վարժարանը փակելու մասին Հայ ընդհանուր բարեգործական միության
որոշումը մեծ
աղմուկ առաջացրեց:
Վարժարանի որոշ շրջանավարտներ մեղադրեցին ՀԲԸՄ-ին, թե վերջինս իրավունք չուներ բարերար Մելքոնյանի կամքին հակառակ փակել վարժարանը: Սակայն պարզվում է՝ ոչ բոլորն են այդպես կարծում:

Օրերս Երեւանում էր գտնվում վարժարանի շրջանավարտ Փանոս Թիթիզյանը, որն արտահայտեց ճիշտ հակառակ տրամադրություններ: Ըստ պարոն Թիթիզյանի, ՀԲԸՄ-ի որոշումն արդարացված է, քանի որ վարժարանն այլեւս չէր ծառայում իր նպատակին, չէր իրականացնում բարերար Մելքոնյան եղբայրների «փափագը»: Պարոն Թիթիզյանի տեղեկությամբ, երբ 1926-ին բացվեց վարժարանը, Մելքոնյաններից ողջ էր միայն մի եղբայրը, ով «հակառակ իր քիչ ուսյալ ըլլալուն, հեռատես մարդ մըն էր, եւ կխորհիր, որ հայ ժողովուրդը կապրի, եթե իր հողին կառչի, եւ կուզեր, որ Եղեռնից մազապուրծ որբերը հավաքվին, խնամվին եւ հայեցի դաստիարակություն ստանան հայ բարձրավանդակին մեջ գտնվող մի վարժարանում»: Բարերարի համար ամենեւին էական չէր կրթարանի գտնվելու կոնկրետ վայրը եւ շատ պատահական ձեւով ընտրվեց Կիպրոսը՝ վստահեցնում է պարոն Թիթիզյանը, որն, ի դեպ, ժամանակին եղել է ՀԲԸՄ ղեկավարության անդամ: Բացի այդ, նրա տվյալներով, ՀԲԸՄ-ն իրեն հանձնված հարստության հանձնառուն չէ. «Ամենեւին ոչ, քանի որ այդ շրջանին կգործեր Օսմանյան կայսրության օրենքը, եւ այդ օրենքներով չկար հանձնառու բառը, եւ եթե ինչ-որ մեկին կտակով մի բան կհանձնեին, կդառնար իրենը, եւ Մելքոնյան կրթական հաստատության ամեն ինչը՝ հողերը եւ այլն, տրվել է ՀԲԸՄ- ին: Բարեգործականը տերն է այդ դրամագլխի, եւ պարտավորություն ունի բարերարների կտակի համաձայն տնօրինելու գումարը եւ լավագույնս ծառայեցնելու նպատակին»:

Մեր հարցին՝ ինչո՞վ է բացատրվում Մելքոնյանի փակումը, եւ ո՞րն է գումարը տնօրինելու լավագույն ձեւը, Փանոս Թիթիզյանը պատասխանեց. «Այսօրվա ժամանակները տարբեր են 78 տարի առաջվանից, եւ արագորեն փոփոխվող աշխարհի մեջ հայ ժողովրդի գոյատեւելու հրամայականները կփոխվին: Այն աշխարհամասը, ուր կգործե Մելքոնյանը, վերջին 22 տարվա ընթացքին 2/3-ով հայ բնակչությունե պարպված է: Եվ Լիբանանի մեջ, որ սփյուքահայ կյանքի ողնաշարն էր, հայ վարժարանների կեսն արդեն փակված է: Հայերը թողնում են Լիբանանը, գնում են Արեւմուտք, ուրեմն Արեւմուտքում պիտի վարժարաններ բացվին, իսկ այդտեղ փակվին: Պետք է միշտ առաջ նայել եւ անցյալին դառնալ այնքանով, որքանով այն կարող է ուղեցույց լինել մեզի համար: Բարերարը ուզում էր որբերին օգնել: Այսօր Կիպրոսի մեջ որբ չկա, Միջին Արեւելքում որբեր չկան, Հայաստանում կան, որ հայր-մայր չունեն, կամ շատ կարիքավոր են: Այսօր վարժարանում 200 աշակերտ կա, որոնց մեծ մասը Կիպրոսից է եւ գիշերօթիկ չի մնում, 48-ը գիշերօթիկ է մնում, որոնց մեծ մասը Հայաստանից է, մնացածները՝ Ռոմանիայից, Մոլդավայից եւ այլն: 48 աշակերտի համար 1 մլն 200 հազարանոց բյուջեով վարժարան պահիլը մեծ պերճանք կկարծիմ: Այդ փողերը շատ ավելի արդյունավետ ծախսելու ձեւեր կան: Առավել եւս, որ այդ աշակերտներու մեծ մասը չի վերադառնում իր երկիրը, այլ Կիպրոսը տրանզիտ է անում՝ Արեւմուտք տեղափոխվելու համար»:

Պարոն Թիթիզյանը կարծում է, որ ավելի արդյունավետ կլինի, եթե այդ $1 միլիոն 200 հազարով ՀՀ-ում եւ Սփյուռքում բացվեն հայապահպանությանը նպաստող հաստատություններ: Նա կարեւորեց Սփյուռքում Զարգացման եւ հետազոտությունների մի կենտրոն ստեղծելու գաղափարը, որը կզբաղվի Հայաստանի բարոյահոգեբանական, քաղաքական եւ տնտեսական իրավիճակի ուսումնասիրությամբ կամ Սփյուռքի պահպանման հնարավորությունների փնտրտուքով. «Սփյուռքը պիտի պահենք, որ Հայաստանին օգնի, եւ Հայաստանը պահենք, որ Սփյուռքի հայությունը չկորսվի: Այսօր Հայաստանը շատ նուրբ վիճակի մեջ է քաղաքական առումով, եւ մենք բոլորս պիտի ամեն ինչ անենք Հայաստանը պահելու համար, եւ կարծում եմ, որ կարելի է նաեւ զուտ քաղաքական հետազոտությունների անկախ կենտրոն բացել, որտեղ շատուշատ լուրջ մարդիկ հավաքվին եւ հետազոտություններ ընեն, եւ բոլոր ուսումնասիրությունները տան կառավարությանը եւ ընդդիմությանը, եթե կուզին՝ թող օգտվին, որովհետեւ այս խառնակ ժամանակներում պատահականության չի կարելի տրվիլ»:

Պարոն Թիթիզյանը Մելքոնյանի փակման դեմ պայքար ծավալածներին բաժանում է երեք խմբի. մարդիկ, որ չեն ուզում կրթական օջախ փակվի, կարոտախտով տառապող շրջանավարտներ, եւ նրանք, ովքեր «ուզում են շահագործել այդ առիթը, որ ՀԲԸՄ-ն վատաբանեն»: Այնինչ, ըստ մեր զրուցակցի՝ «ՀԲԸՄ-ն շատ վստահելի հաստատություն մըն է, որին 100-ից ավելի կտակ է պահ տված: Անչափ մեծ գործեր է արել եւ Հայաստանում, եւ Սփյուռքում. քար մը վերցնես՝ ՀԲԸՄ-ն կա, ապաքաղաքական, վերանձնային կազմակերպություն է: Տխուր է, որ հայրենի հողուն վրա մի շարք մտավորականներ դիմել են Էջմիածնին, թե՝ միջամտիր: Ի՞նչ պիտի միջամտի, սա դրամագլուխը հանձնված է բարեգործականին, եւ եթե ՀԲԸՄ-ն կազմալուծվի, նոր այդ փողերը կգնան Էջմիածին: Այլապես նա որեւէ իրավունք չունի միջամտելու»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել