Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իրենց ռազբորկայի գործն է»

Օգոստոս 05,2004 00:00

Ընդդիմության՝
խորհրդարան վերադարձի
առիթով ասում է Աշոտ Բլեյանը
«Սահմանադրական փոփոխության անհրաժեշտությունը մեզանում ես չեմ տեսել, չեմ տեսնում եւ ոչ ոք չի էլ կարող դա ցույց տալ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք արտահայտեց «Նոր ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Աշոտ Բլեյանը: Պարոն Բլեյանը նախեւառաջ նման փոփոխությունների հասարակական պահանջակը չի տեսնում. «Կարող ենք դուրս գալ փողոց՝ տասը մարդու հարցնել, նրանցից եթե գոնե երեքը-չորսը ասեն, որ դժբախտությունն այստեղ է կամ ընտրական օրենսգրքում, ուրեմն արժե այդ մասին մտածել: Նույնը՝ օրհներգի, դրոշի փոփոխությունը: Իհարկե, կարելի է փոխել, բայց ի՞նչ է տալիս դա հասարակությանը»: Այնպես որ, պարոն Բլեյանը սահմանադրական փոփոխությունները դիտարկում է որպես՝ «պարապ վախտի խաղալիք, մարդկանց զբաղեցնելու միջոց», կամ՝ «դա Քոչարյան Ռոբերտին հնարավորություն պիտի տա նորից առաջադրվելու»:

«Նոր ուղու» առաջնորդը նաեւ սահմանադրական փոփոխությունների իր տարբերակն է առաջարկում. «Ընդունում ենք փաթեթով. գնում ենք սահմանադրական փոփոխությունների, ընդդիմությունն ու հասարակությունը գալիս են համաձայնության՝ ընդունում են հասարակական պահանջներին բավարարող ինչ- ինչ փոփոխություններ եւ դնում են իրենց պայմանները: Ասենք՝ դրանից երեք ամիս հետո տեղի են ունենում նախագահական ընտրություններ, մեկ տարվա ընթացքում՝ Ազգային ժողովի: Այդ հարցը փաթեթով պիտի լուծվի, ընդդիմությունն ու իշխանությունը հասարակական համաձայնությունը պիտի ձեւավորեն, հակառակ դեպքում՝ պարզ է, ինչ-որ ներիշխանական խնդիրներ ունեն լուծելու՝ կլուծեն, բայց հայաստանյան հասարակությանն ի՞նչ դրանից: Եթե փաթեթով պայմանավորվեն, հնարավոր կլինի փուլ առ փուլ ընտրական օրենսգրքի վրա էլ խաղաղված աշխատել, ընդդիմության խորհրդարանում ներկայացված լինելը ոչ միայն արդարացված, այլեւ պարտադիր կլիներ: Լեգիտիմության ճգնաժամը, իշխանության օրինականության հաստատումը, դրա հետ կապված Ղարաբաղի խնդրի հնարավոր զարգացումը՝ այս բոլորի համար պարարտ հող ստեղծելու նպատակով անհրաժեշտ է, որ փաթեթի մեջ ներառվեն՝ սահմանադրական փոփոխություններ, ընտրական օրենսգիրք, 2005 թվականի ընթացքում նախագահական, ապա՝ խորհրդարանական ընտրություններ»:

Առանց այդ փաթեթի գոյության ճի՞շտ է, արդյոք, ընդդիմության վերադարձը խորհրդարան: «Որ ասեմ՝ ինձ հետաքրքիր չէ, կվերադառնա, չի վերադառնա: Այդ «բազե» կոչվածի օրինակի վրա բերեմ. միջոցառումը լավն է, վատն է, բյուջեից պիտի ֆինանսավորվի, թե՝ չէ, այլ հարց է: Բայց հայ հասարակությանն ինչո՞ւ են պարտադրում, որ «բազեի» առօրյային ամեն օր հեռուստաեթերով ծանոթանա; Էդ ի՞նչ մի իրադարձություն է: Նույնն էլ ընդդիմության վերադարձը: Էդ ի՞նչ մի իրադարձություն է, որ պետք է դառնա հասարակության թիվ մեկ քննարկման առարկան: Ուզում է՝ վերադառնա, ուզում է՝ ոչ, կներեք, բայց դա ընդդիմության ներքին գործն է դարձել: Որովհետեւ, պարզ է, որ ընդդիմությունը գնաց կիսատ-պռատ ճանապարհով, պարզ է, որ ԱԺ-ն անօրինական ընտրված է, ուրեմն նրանք մանդատները չպիտի վերցնեին կամ հիմա պիտի դնեն մանդատներն ու դուրս գան: Իսկ այսպես՝ իրենց «ռազբորկայի» գործն է, եւ պետք չէ դա դարձնել հասարակական իրադարձություն»,- ասում է Աշոտ Բլեյանը: Իսկ ընդհանրապես, ըստ մեր զրուցակցի, Հայաստանին անհրաժեշտ է նոր որակի քաղաքական ուժ՝ «չասենք աջ, չասենք ձախ. ուժ, որը կարող է հասարակական պատվերն իրագործել: Քանի չկա այդ ուժը, միեւնույն է՝ հասարակության առաջնահերթությունները ոչ կձեւակերպվեն, ոչ էլ քաղաքական լուծումներ կստանան»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել