Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշացած եւ թերի տեղեկատվություն

Օգոստոս 04,2004 00:00

Ուշացած եւ թերի տեղեկատվություն Մատչելիությունը ապահովված չէ Երեւանի էկոլոգիական հասարակական դաշինքի խորհրդի համակարգող Սոնա Այվազյանը այս տարվա մայիսի 31-ից հունիսի 7-ը ընկած ժամանակահատվածում տարբեր հարցումներով դիմել է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին։ Մասնավորապես, Ս. Այվազյանին հետաքրքրում են Օպերային թատրոնի շրջակայքում, 533 հա Դալմայի այգիների, Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ուլնեցու 30 եւ 30Ա շենքերին հարող՝ «Մկոյի անտառ» կոչվող եւ Օղակաձեւ զբոսայգու տարածքներում հողհատկացումների վերաբերյալ որոշումները։ Նա խնդրել է նաեւ տեղեկացնել, թե տվյալ միջավայրի կենսագործունեության փոփոխության մասին արդյո՞ք իրազեկվել է հասարակությունը։ Եթե այո, ապա ո՞ր դեպքերում, ի՞նչ միջոցներով, ովքե՞ր են մասնակցել քննարկումներին եւ ինչպիսի՞ դիտողություններ եւ առաջարկություններ են եղել։ Քաղաքապետին հղած իր վերջին դիմումում Սոնա Այվազյանը ցանկացել է իմանալ, թե ինչպիսի՞ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր են հիմք հանդիսացել Օպերայի շրջակայքի պուրակների կառուցապատման համար եւ խնդրել է դաշինքի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու այդ փաստաթղթերին։ Հետաքրքիր է, որ իր հարցերի պատասխանը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ս. Դանիելյանից ստացել է բավականին ուշացումով (12.07.2004թ.) եւ թերի։ Մասնավորապես, Օղակաձեւ զբոսայգուն եւ Օպերայի շրջակայքին հարող տարածքներում կատարված հողհատկացումների մասին հարցմանը տրվել է հետեւյալ պատասխանը. «Երեւանի Օղակաձեւ զբոսայգում, Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքին հարող զբոսայգում կատարված հողհատկացումների մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցերին վերջին տարիներին տարբեր առիթներով Երեւանի քաղաքապետարանի կողմից բազմիցս պատասխանվել է եւ տրամադրվել տարաբնույթ տեղեկություններ»։ Փաստորեն խախտվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետը, համաձայն որի՝ «Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում»։ Նույն հոդվածի համաձայն՝ «Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի եւ ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում»։ ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել