«ՀԻՄԱ ՉԿԱ ՇԱՐԺՄԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» Ասում է Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը – ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Սթիվեն Մանի՝ «Ռեգնում» գործակալությանը տված հուլիսի 25-ի հարցազրույցում բավականին ոչ հայանպաստ եւ ղարաբաղանպաստ տեսակետներ են հնչել, սակայն կարծես թե այդ հարցազրույցը համարժեք արձագանք չստացավ։ Դուք ի՞նչ կարծիքի եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս փուլի մասին։ – Կարծում եմ՝ բոլորիս պետք է անհանգստացնի Սթիվեն Մանի՝ ձեր հիշատակած հարցազրույցը։ Մանը հաստատում է ռուսական կողմի համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությունը, թե իրենք ճանաչում են Ադրբեջանի ամբողջականությունը եւ չեն կարող համակերպվել Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության հետ։ Եվ պատահական չէ, որ Մինսկի խմբից նման հայտարարություն հենց ռուսական կողմի ներկայացուցիչն արեց։ Այսինքն՝ այդ հայտարարությունը Ռուսաստանի դիրքորոշումն է Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Պատահական չէ նաեւ այն, որ այդ հայտարարությունից երկու օր հետո աշխատանքից ազատվում է հատուկ ծառայությունների գեներալ-գնդապետ պրն Տրուբնիկովը, որը 2000 թվականից ի վեր ամենաակտիվ եւ որոշիչ դերն ունի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։ Փաստորեն, չլինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Տրուբնիկովը վերահսկում էր Մինսկի խումբը Ռուսաստանի անունից։ Մանի հարցազրույցում, ի թիվս Մերզլյակովի ասածների, ավելացել է եւս մեկ վտանգավոր միտք։ Դա այն է, երբ ասվում է, թե համանախագահները հասկանում են Ադրբեջանի նախագահին, բայց Հայաստանի նախագահը բացարձակապես անհասկանալի է իրենց համար։ Պարզ պիտի լինի, որ նման հայտարարությունները պատահաբար չեն արվում, եւ, կարծում եմ, շատ շուտով սեղանին կդրվի Ղարաբաղի խնդրի կարգավորման մի փաստաթուղթ, որի շուրջ քննարկումներ կսկսվեն։ Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները պարզապես հարկադրված կլինեն այդ փաստաթղթի շուրջ որոշում կայացնել։ – Սակայն իշխանությունները չեն հոգնում հայտարարել, որ երբեւէ չի լինի հարցի այնպիսի լուծում, որը չբավարարի Հայաստանին եւ ԼՂ-ին։ Այսինքն՝ ըստ իշխանական թեւի՝ Քոչարյանը Ղարաբաղը տվողը չի։ – Եվ այդ հայտարարությունները, եւ ԵԽԽՎ-ում Ռոբերտ Քոչարյանի ելույթի ղարաբաղյան մասը նշանակում են, որ Հայաստանի իշխանությունները բացահայտ խոստովանում են, որ սպառել են բանակցային բոլոր հնարավորությունները, փոխզիջումային հնարավորությունները, եւ համաշխարհային հանրությունը պետք է այս ամենից հետեւություններ անի։ Եթե մենք շատ էինք ուզում, որ Ղարաբաղը լիներ անկախ երկիր կամ գոնե մաս կազմեր Հայաստանին, ապա այնպես պիտի չանեինք, որ 98-ից հետո Ղարաբաղը, որպես բանակցային սուբյեկտ, դուրս մնար բանակցային գործընթացից։ Հիմա մենք խոսում ենք այն մասին, թե Ղարաբաղն անպայման պետք է մասնակցի բանակցություններին, որը այս իրավիճակում արդեն բացառվում է։ Իշխանությունների ոչ կառուցողական դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում շատ ավելի լուրջ վտանգ է պարունակում խնդրի կարգավորման համար։ – Համանախագահները պնդում են, թե հարցի լուծումը պետք է արագացվի։ Սակայն ըստ Վազգեն Մանուկյանի՝ դա ոչ թե նշանակում է, թե հարցի լուծումը մոտ է, այլ պարզապես համանախագահ երկրների ներկայացուցիչները այդպիսով փորձում են իրենց վարկանիշը բարձրացնել եւ իրենց մասնակցությամբ ազդարարել հարցի լուծման մասին։ – Ես մի քիչ այլ կարծիքի եմ։ Իհարկե, երկրների իշխող ադմինիստրացիաները ցանկանում են իրենց կառավարման ժամանակ աշխարհում տիրող իրավիճակին մասնակից լինել (խոսքը գերտերությունների մասին է), բայց նույն Սթիվեն Մանը շատ պարզ ասաց, որ իր երկիրը Հարավային Կովկասում ունի էներգետիկ շահեր, մասնավորապես նշում է Բաքու-Ջեյհան նավթամուղը։ Ելնելով իրենց էներգետիկ շահերից՝ ե՛ւ Միացյալ Նահանգները, ե՛ւ Եվրոպան ձգտում են Հարավային Կովկասում առկա կոնֆլիկտների արագ լուծման։ Այսինքն՝ սա միայն քաղաքական ամբիցիաների խնդիր չէ, այլ առաջին հերթին՝ տնտեսական շահի խնդիր։ – Այդ դեպքում ի՞նչ կարող էին անել Հայաստանի իշխանությունները, որ չարեցին, եւ նման իրավիճակում դեռ ի՞նչ կարող են անել։ – Շատ բարդ հարց է, որովհետեւ շատ բան կարող էին անել ու չարեցին։ Իշխանությունները վերջին 2-3 տարում շատ հաջող կարողացան Հայաստանը հասցնել քաղաքական մեկուսացման։ Հայաստանը դուրս մնաց տարածաշրջանային տնտեսական համագործակցության բոլոր ծրագրերից։ Այսինքն՝ մեր իշխանությունները Հայաստանը տարածաշրջանից պոկեցին ու դրեցին մի այլ տեղ։ Մենք ոչ մի թելով չենք կապվում ոչ միայն աշխարհի, այլեւ մեր անմիջական հարեւանների հետ։ Չենք կարողանում այս տարիների ընթացքում քիչ թե շատ տանելի հարաբերություններ ստեղծել մեր հարեւան Վրաստանի հետ, որը մեզ համար կյանքի ճանապարհ է։ Կարծում եմ՝ իշխանությունները պարզապես սպառել են ամբողջ պաշարը եւ «պոզա» են ընդունել, թե առանց աշխարհի կարող ենք ապրել։ Ո՞ւմ հաշվին են այդպիսի հայտարարություններ արվում, հարցրե՞լ են հասարակությանը՝ ի վիճակի՞ է այսպես երկար գոյատեւել։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ