Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ապօրինի օբյեկտները Գյումրիում էլ են շատ

Օգոստոս 04,2004 00:00

Ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետի՝ «բիզնեսն է թելադրում,
թե ինչ է հարկավոր»
Մեր տեղեկություններով՝ ընդամենը 20-25 օր առաջ կառավարության հատուկ հանձնաժողովը Շիրակի մարզում ուսումնասիրություններ է կատարել՝ փորձելով լուծել համայնքների միջեւ հողային վիճահարույց խնդիրները: Ինչպես հայտնի է, որոշ գյուղապետեր մեղադրում էին կառավարությանը՝ իրենց բերրի հողատարածքները «խլելու» եւ «իբրեւ թե քաղաքաշինություն ծավալելու նպատակով» Գյումրի քաղաքին հատկացնելու համար: Վերոհիշյալ ուսումնասիրության արդյունքում 6-7 համայնքապետեր Գյումրիի քաղաքապետի հետ պարզել են իրենց հարաբերությունները՝ տալով գրավոր համաձայնություն քաղաքի վարչական սահմանների վերջնական հաստատման վերաբերյալ: Թե ինչ զիջումներ են տեղի ունեցել, առայժմ մեզ անհայտ է, սակայն դարձյալ անորոշ է մնացել ներկայումս Ազատանի վարչական սահմաններում գտնվող օդանավակայանի տարածքի պատկանելության հարցը, որը թողել են կառավարության հայեցողությանը:

Հավանաբար նման խնդիրներով է մասամբ պայմանավորված այն հանգամանքը, որ առայժմ հաստատված չէ Գյումրիի արդեն երեք տարի մշակված-պատրաստ գլխավոր հատակագիծը: Հետեւաբար՝ հստակեցված չէ քաղաքի շատ ու շատ ապօրինի կառույցների օրինականացման խնդիրը: Ինչպես նաեւ, իրավաբանորեն առկախ է մնում Գյումրիի եւ հարեւան համայնքների միջեւ ծագած հողային վեճերի հարցը: Իսկ ինքնագլուխ սեփական տներ կառուցած գյումրեցիները, որոնք երկրաշարժից հետո ուրիշ ելք չունեին, լրջորեն անհանգստացած են իրենց անշարժ գույքի՝ հատակագծի հետ համընկնել-չհամընկնելու խնդրով:

Թե հատակագծի հաստատումից հետո քանի՞ կառույց է ապօրինի ճանաչվելու, փորձեցինք ճշտել Գյումրիի նորանշանակ ճարտարապետ Նորիկ Մանուկյանից: Նա դժվարացավ մեր հարցին հստակ պատասխանել՝ միայն կանխատեսեց, որ դրանք կարող են մեծ թիվ կազմել. սկսած կրպակներից՝ վերջացրած խոշոր կառույցներով: Պարոն Մանուկյանի ասելով, գյումրեցիները վերջին շրջանում իրեն այս հարցով շատ են անհանգստացնում, հատկապես կառավարության՝ ապօրինի կառույցները օրինականացնելու մասին որոշումից հետո: Սակայն հատակագծի լինել- չլինելը ոչ բոլորին է անհանգստացնում. օրինակ, դա ամենեւին էլ չի խանգարում Գյումրիում սպասարկման եւ առեւտրի օբյեկտների թվի արագ տեմպերով աճին: Նույնիսկ տպավորությունն այնպիսին է, որ այդպիսի օբյեկտները գերազանցում են քաղաքում եղած բնակարանների թվին: Սակայն գլխավոր ճարտարապետը հավատացրեց, որ շինություն կառուցելու, հետո նոր միայն քաղաքապետարանին տեղյակ պահելու «մոդան» Գյումրիում տարածված չէ, մեկ- երկու բացառիկ դեպքերը դեռ ոչինչ չեն ասում: Դրանց քանակին պաշտոնյան շատ հանգիստ է վերաբերվում. «Մենք չէ, որ որոշելու ենք, թե այսքան բենզալցման կայանները կամ էլ խանութները քաղաքին պե՞տք են, թե՞ ոչ, այսօր որեւէ մեկին չենք կարող ասել՝ խանութ մի կառուցիր, կինոթատրոն կառուցիր. կյանքը, բիզնեսն է թելադրում, թե ինչ է հարկավոր»: Իսկ միաոճ ու անճաշակ «ճարտարապետական տեսքը» ճարտարապետը պայմանավորեց հետեւյալով. երբեմն հաստատվում է մի նախագիծ, կառուցում են այլ օբյեկտներ. նախագծողը նորմալ չի հսկում, շինարարն էլ նայում է իր հարմարությանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել