ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԱԶԳՈՎԻՆ ՍԻՐՈՒՄ ՔԵՐՐԻԻՆ
Եթե ամերիկացի դեմոկրատ Ջիմ Քերրին իր թեկնածությունը Հայաստանում
դներ, ապա տպավորություն կա, թե նա անպայման կընտրվեր Հայաստանի նախագահ,
քանի որ ազգովին դարձել ենք Քերրիի երկրպագու ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի։
Ակնհայտ ամերիկամետ ուղղվածություն ունեցող Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանին երեկ խնդրեցինք մեկնաբանել այս անսահման սերը Քերրիի հանդեպ, նաեւ՝ կանխատեսել, թե ինչպես կանցնեն նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում։ Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ իր գլխավորած կուսակցությունը կողմ է պետությունների եւ ժողովուրդների բարեկամությանը եւ հայ-ամերիկյան հարաբերությունները չի պայմանավորում Բուշի կամ Քերրիի ադմինիստրացիաներով. «Մենք տեսնում ենք, որ առաջիկա տարիների ընթացքում Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների զարգացման խնդիր կա։ Մենք ուզում ենք այդ հարաբերությունները խորացնել ու զարգացնել։ Սա է խնդիրը։ Կարծում եմ, մեր՝ նման փոքր պետությունը, որ շանս ունի իր անվտանգությունը ապահովել, որ դեռ շանս ունի իր տնտեսական բարգավաճումն ապահովել, պետք է օգտագործի. մեկ-երկու տարի է մնացել։ Դրանից հետո ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ ԵՄ-ն այս տիպի երկրներում լուրջ ներդրումներ չեն անի։ Հիմա այդ շանսը կորցնելը, կարծում եմ՝ անհեռատեսություն է։
Ինչ վերաբերում է Բուշին եւ Քերրիին, պետք է ասեմ, որ մի ժամանակ էլ մենք ազգովին Պուտինին էինք սիրում, հիմա ազգովին, չգիտեմ ինչու, սիրում ենք Քերրիին։ Լավ կամ վատ՝ մենք չորս տարի Բուշի վարչակազմի հետ ինչ-որ հարաբերություններ տեսել ենք, բայց չգիտենք, թե ինչ կլինի Քերրին։ Մենք ոչ թե պետք է ազգովին գնանք Քերրիի դռան առաջ հերթ կանգնենք, այլ այստեղ է, որ պետք է կոմպլեմենտարիզմ լինի։ Չի կարելի մտածել, որ Քերրին եկավ՝ հայ ժողովուրդը կփրկվի, Ցեղասպանությունը կընդունվի, Ղարաբաղը նվեր կտա Հայաստանին։ Ես խիստ կասկածում եմ, որ այդպես կլինի։ Իսկ եթե վաղը Բուշը վերընտրվի՞, ի՞նչ ենք անելու։ Պիտի ասենք՝ էլի հայի բախտ ունե՞նք»։
Մ. Ե.