Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 04,2004 00:00

Եվրոպական
«ներդաշնակեցման» ճանապարհին
Հարավկովկասյան հանրապետությունների՝ ԵԽ մուտք գործելուց հետո այդ երկրները ոչ միայն մեկեն չքաղաքակրթվեցին, այլեւ որոշ դեպքերում (օրինակ՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի պարագաներում) ժողովրդավարական չափանիշներից կտրուկ նահանջներ գրանցեցին: Այս ամենով հանդերձ, ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումը կամ, թեկուզեւ, կատարման պատրանք ապահովելուն ուղղված ջանքերը, կամա թե ակամա, տալիս են իրենց՝ թող որ առայժմ շատ չնչին պտուղները:

ԵԽ անդամությունը մեզ եւ մեր հարեւանների համար առաջին հերթին ենթադրում է ներհասարակական հարաբերությունների կարեւորագույն ոլորտներն ու հատվածները կարգավորող բազմաթիվ օրենսդրական ակտերի ընդունում կամ վերափոխում: Այդ շարքում էականներից մեկը էլեկտրոնային եւ տպագիր ԶԼՄ-ների գործունեության նորովի օրենսդրական կարգավորումն է, ինչի իրագործումից հետո ենթադրելի է, որ ԶԼՄ-ների աշխատանքը տորպեդահարելիս իշխանություններն, ուզեն թե չուզեն, որոշ դժվարությունների են հանդիպելու: Բերենք մի օրինակ, որը թեեւ մամուլին չի առնչվում, սակայն բավականաչափ բնութագրական է ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները վարչակազմի կամքին հակառակ կատարելու առումով: Վարչական իրավախախտումների մասին տխրահռչակ, իսկ ավելի դիպուկ արտահայտվելու դեպքում՝ «քարանձավային» օրենքը, որով Հայաստանի իշխանություններն իրավական տեռորի ենթարկեցին երկրի բնակչությանն ու խայտառակվեցին աշխարհով մեկ, արդեն առաջիկա աշնանը ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների համատեքստում պետք է բարեփոխվի: Հարկ չէ պատրանքներ ունենալ, թե բարեփոխված օրենքը հրեշտակային փաստաթուղթ է լինելու, եւ այդուհետ կկանխվեն քաղաքացիական ազատությունների իրացման ընթացքում ծագող բոլոր «կառուցողական հակազդեցությունները»: Մի բան, սակայն, ակնհայտ է. բարեփոխված օրենքը գոնե մի քիչ կմեղմի իշխանական մեքենայի ցինիզմն ու գործելակերպի անպատժելիությունը:

Այս եւ հարակից հարցերը խիստ ակտուալ են նաեւ հարեւան հանրապետություններում: Օրենսդրական բարեփոխումներ եւ այդ բարեփոխումներին ուղղված պառլամենտական լոբբինգ՝ վերջնախնդիր ունենալով հարավկովկասյան հանրապետություններում ներդաշնակեցնել ԶԼՄ-ների գործունեության դաշտը կարգավորող օրենսդրությունը եվրաստանդարտներին: Ահա այն հարցերը, որոնք հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը դարձան Բաթումից ոչ հեռու գտնվող Չակվի կուրորտային կենտրոնում կայացած տարածաշրջանային համաժողովի քննարկման առարկան: Միջոցառման կազմակերպիչներն էին. ՀՀ-ից՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (նախագահ՝ Աշոտ Մելիքյան), Վրաստանից՝ Երիտասարդ իրավաբանների ընկերակցությունը, Ադրբեջանից՝ Բաքվի մամուլի ակումբը: Ծրագիրը ֆինանսավորել է «Եվրասիա» հիմնադրամը: Մի էական հանգամանք: Եթե Վրաստանի ու Ադրբեջանի պատվիրակները խոսում էին ընդունվելիք օրինագծերի մասին, ապա հայկական կողմից ներկայացված զեկուցումներից մեկում (հեղինակ՝ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյան) համակողմանի անդրադարձ էր արված արդեն իսկ ընդունված օրենքներին: Համաժողովի վրացի ներկայացուցիչների առաջադրած հարցերը հիմնականում վերաբերում էին լրատվական դաշտում պետական անկախ կարգավորիչ մարմինների ձեւավորման սկզբունքներին: Ներկայացվող առաջարկներում, իրենց իսկ խոսքերով, փորձ էր արվում ապահովել այդ մարմինների առավել անկախությունը գործադիր իշխանություններից ու, մասնավորաբար, նախագահից: Մատուցվող առաջարկներն, այնուամենայնիվ, համոզիչ չէին, եւ մասնակիցները դրանցում մի շարք թերություններ մատնանշեցին: Ինչպես վրացի, այնպես էլ ադրբեջանցի փորձագետների խոսքերում անդրադարձ եղավ նաեւ պետական գաղտնիք հասկացության իրավական սահմանմանը: Ո՞ր նորմատիվ ակտերով պետք է դրանք կարգավորվեն եւ ո՞ր պարագաներում է լրագրողը պատասխանատվություն կրում դրանց հրապարակման դեպքում: Ահա հարցերի ընդամենը մի փոքրիկ շրջանակ, որը քննարկվեց համաժողովի ընթացքում:

«ԵԽ անդամ դառնալիս ՀՀ-ն ԶԼՄ-ների բնագավառում երկու հիմնական պարտավորություն էր վերցրել. ա) մեկ տարվա ընթացքում ընդունել ԶԼՄ-ների մասին նոր օրենք եւ բ) ազգային հեռուստաալիքը վերակազմավորել հանրայինի, որը կիրականացվի անկախ վարչական խորհրդի կողմից: «Զանգվածային լրատվության մասին» նոր օրենքն ընդունվել է միայն 2003թ. դեկտեմբերին եւ գործողության մեջ է մտել 2004-ի փետրվարից: Այս օրենքը, մեր գնահատմամբ, ավելի առաջադիմական է եւ հիմնականում համապատասխանում է միջազգայնորեն ընդունված չափանիշներին: Օրենքով վերացել է լրատվամիջոցների պարտադիր գրանցումը, նախկին օրենքի համեմատ ուժեղացվել է լրագրողական աղբյուրների, պետական եւ այլ գաղտնիքների հրապարակման դեպքում ԶԼՄ-ների պաշտպանությունը», ի մասնավորի նշվում է ԵՄԱ փորձագետ Մեսրոպ Հարությունյանի զեկուցման մեջ: Դրանում, սակայն, մեծ տեղ էր հատկացված նաեւ այս եւ վերը նշված մյուս՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի քննադատությանը, որի մանրամասներին կանդրադառնանք թերթի վաղվա համարում:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ Գ. Համաժողովի ամփոփիչ բանկետին, որը ժամանակային առումով
համընկավ «Առավոտի» 10-ամյա տարելիցին նվիրված ընդունելությանը, ադրբեջանցի
եւ վրացի մասնակիցները հայ լրագրողների հետ միասին սիրով խմեցին «Առավոտ»-ի
կենացն ու հաջողություններ մաղթեցին թերթին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել