Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծեծն իբրեւ պատժամիջոց՝ հանվել է

Օգոստոս 03,2004 00:00

Ծեծն իբրեւ պատժամիջոց՝ հանվել է Կալկաթայի ճեմարանում եղել են նաեւ ֆինանսական չարաշահումներ Կալկաթայի մարդասիրական ճեմարանի մասին գրած մեր հոդվածներից հետո խմբագրությունը ստացել է բազմաթիվ նամակներ (Տես նաեւ` https://www.hetq.am/arm/society/0407-kalkata.html): Հեղինակներն անհանգստացած են այնտեղ տիրող վիճակի համար, սակայն նշում են, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ոչ մի պարագայում չփակվի դարեր շարունակ գործող կրթօջախը: Նրանց հատկապես անհանգստացրել են երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունները, նրանց առողջական եւ հոգեկան վիճակը: Մեր հոդվածներին արձագանքել է նաեւ ճեմարանի տնօրեն Սոնյա Ջոնը: Մինչ այդ մենք նրան ուղարկել էինք մի քանի հարցեր` խնդրելով պատասխանել դրանց: Սակայն Սոնյա Ջոնը ոչ մի հարցի չի պատասխանել եւ բարձրացված խնդիրներին չի անդրադարձել: Մենք հարցրել էինք նաեւ ճեմարանի կատարած ծախսերի, դրանց հաշվետվությունների մասին: Մեզ հետաքրքրում էր, թե ինչքան է ծախսվում յուրաքանչյուր երեխայի վրա մեկ տարվա ընթացքում, ինչքան գումար է ծախսվել վերջին երեք տարիներին ճեմարանի վերանորոգման համար: Այս վերջին հարցը տվել էինք, որովհետեւ տվյալներ ունեինք, որ այդ երեք տարիներին վերանորոգման անվան տակ գումարներ են դուրս գրվել, սակայն իրականում ճեմարանում վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: Մայր Աթոռում ճեմարանի ֆինանսական հարցերին անդրադառնալ չեն ցանկանում: Վերահսկվո՞ւմ է արդյոք նրանց կողմից ճեմարանի ֆինանսական գործունեությունը, դժվար է ասել: Սակայն մենք ունենք ճեմարանում փողերի վատնման փաստեր եւ դրանց կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում: Անդրադարձ «Առավոտ»-ի հրապարակումներին «Մայր աթոռն ընդունում է, որ Կալկաթայի մարդասիրական ճեմարանում խնդիրներ եղել են, բայց դրանք հարիր են նման հաստատություններին: Թող տպավորություն չստեղծվի, թե այդ հաստատությունն անտեսված է: Մենք ակնապիշ հետեւում ենք եւ գործուն ներկայություն ունենք այնտեղ: Ամեն կերպ փորձում ենք աջակցել, սատարել եւ ապահովագրել այնտեղ սովորող երեխաների բարօրությունն ու բարեկեցությունը»,- ասաց Մայր Աթոռ Ս. էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քհն. Մելիքյանը` ի պատասխան մեր գրած հոդվածների: Հայաստանում արձակուրդն անցկացնող ճեմարանի 10-ից ավելի սաներ վարակված էին մալարիայով, ինչը եկեղեցու ներկայացուցիչները, Հնդկաստանի բնակլիմայական պայմանները հաշվի առնելով, համարել են սովորական հիվանդություն: Նրանցից ընդամենը 5-ն են դիմել եկեղեցու աջակցությանը: «Մենք պաշտոնապես ծանուցեցինք, որ Մայր աթոռ ս. Էջմիածինը պատրաստ է ստանձնել իրենց բոլոր բժշկական ծախսերը: Բայց նրանցից ոչ բոլորը համաձայնեցին: Մի քանի ծնողներ պահանջեցին իրենց տալ գումարը, եւ այլեւս ոչ մի պարտք ու պահանջ չեն ունենա: Իրենց պահանջած գումարն էլ սարսափելի չնչին էր բժշկվելու համար, դրանով հնարավոր չէր բժշկական օգնություն ստանալ»,-ասաց Մայր աթոռում ճեմարանի հարցերը համակարգող Տիգրան սարկավագը: Երեխաների պատմելով` Կալկաթայում նրանք անհրաժեշտ բժշկական օգնություն չեն ստացել: Ճեմարանում աշխատող տեղացի բժիշկը տարեց մի կին է, որն արդեն ի վիճակի չէ աշխատելու: Տիգրան սարկավագի հավաստմամբ՝ այդ բժիշկն արդեն աշխատանքից ազատված է, եւ հիմա Հայաստանից նոր բժիշկ է մեկնելու: Ճեմարանի գործունեության բարելավում է նաեւ այն, որ հնդիկ դայակների փոխարեն այնտեղ աշխատելու են երեխաների ծնողներից ընտրված կանայք: Տիգրան սարկավագը նշեց նաեւ, որ վերջին ամիսներին ծեծը՝ որպես պատժի միջոց չի կիրառվում, քանի որ եկեղեցին այս հարցին լուրջ է մոտենում եւ խստորեն զգուշացրել է ճեմարանի աշխատակազմին: ԱՂԱՎՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել