Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ

Օգոստոս 03,2004 00:00

ԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ Սակայն իրենց առաջարկած տարբերակով Հայաստանի գրողների միությունը բողոքով դիմել է ՀՀ քաղաքացիական գործերով վճռաբեկ դատարան, քանի որ դժգոհ է «Մագնոլիա» պոլիկլինիկայի վերաբերյալ վերաքննիչի կայացրած վճռից: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց դատարանում Գրողների միության շահերի ներկայացուցիչ, «Լեւ գրուպ» իրավաբանական գրասենյակի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Պատասխանողի ներկայացուցիչ Մհեր Շահնազարյանի թերթերին (այդ թվում նաեւ «Առավոտին») տված հարցազրույցների առնչությամբ պրն Բաղդասարյանն ասաց. «Ինձ համար հաճելի չէ տեսնել հարցազրույցներ այն փուլում, երբ դեռ գնում է գործի դատաքննությունը: Մենք, մեր մասով մինչեւ հիմա զերծ ենք մնացել դատաքննության փուլում հարցազրույցներ տալուց: Կարծում եմ, որ հարցազրույցներում մյուս կողմը երկու նպատակ է հետապնդում՝ հասարակական կարծիք ձեւավորել հօգուտ իրենց եւ միգուցե նաեւ ճնշում գործադրել՝ դատական ատյանի վրա: Ինձ համար անհասկանալի էր նաեւ պատասխանողի ներկայացուցչի այն հայտարարությունը, թե Արաբկիրի առաջին ատյանի դատարանի վճիռը սխալ է: Օրենսդրությունը չի նախատեսում որեւիցե մեկին, ընդհուպ՝ ներկայացուցիչներին, տալու գնահատականներ առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի գործողությունների վերաբերյալ: Ավելին, հստակ սահմանում է, որ գնահատական տալու իրավասություն ունի միայն Վճռաբեկ ատյանը: Այնպես որ, ճիշտ կլիներ, գնահատականներ տալուց առաջ ասել. «կարծում եմ, գտնում եմ, ենթադրում եմ, ոչ թե հայտարարել, թե առաջին ատյանի դատարանի վճիռը ճիշտ չէ, վերաքննիչինը՝ ճիշտ է»: Լ. Բաղդասարյանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս թույլ է տվել նյութաիրավակն նորմի խախտւմ՝ կիրառելով ոչ այն օրենքը, ինչից հետո բողոք է ներկայացվել վճռաբեկ ատյան. «Գտնում եմ, որ Գրողների միության հայցը հիմնավոր է: 50 տարի ՀԳՄ-ն օգտագործել է այդ պոլիկլինիկան, ինչը այսօր գրողների ձեռքից վերցրել ու տվել են մի երրորդ անձի՝ այն դեպքում, երբ միությունը օրենքով սահմանված կարգով պատշաճ հայտ էր ներկայացրել, որպեսզի ուղիղ վաճառքով գործարքը կայանա: Հայտը, փոխանակ քննարկելու ավագանու նիստում, ոչ մերժել են, ոչ էլ բավարարել, իսկ պոլիկլինիկայի տարածքը աճուրդով վաճառվել է մեկ ուրիշի»: Գրողների շահերի ներկայացուցիչն ասաց, որ իրենք, այնուամենայնիվ, պատրաստ են հաշտության համաձայնության՝ պայմանով, եթե ուղիղ վաճառքով վիճահարույց տարածքը վաճառվի գրողներին. «Իրենց առաջարկած հաշտությունը նման է նրան, որ մեկի ձեռքից վերցնեն տունը ու հետո առաջարկեն այնտեղ ապրել»: Պոլիկլինիկայի ղեկավարների՝ 6-րդ վարչությունում պահելու վերաբերյալ էլ Լ. Բաղդասարյանն ասաց. «Այդ մասին ես մամուլից եմ լսել, խնդրո առարկայից տեղյակ չեմ, գուցե գործարքի մեջ պետական պատկան մարմինը տեսել է քրեածին բաներ»: Անդրադառնալով «Առավոտին» տված հարցազրույցում Մ. Շահնազարյանի այն հայտարարությանը, թե պոլիկլինիկայի տարածքը էժան է վաճառվել՝ սանիտարահիգիենիկ պայմաններին չհամապատասխանելու պատճառով, պրն Բաղդասարյանն ասաց. «Ճիշտ կլիներ, որ իրենք նախ ցույց տային համապատասխան մարմնի եզրակացությունը, տեղեկանքը՝ տարածքի սանիտարահիգիենիկ պայմաններին չհամապատասխանելու մասին»: Գրողների շահերի ներկայացուցիչը ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ Արաբկիրի թաղապետարանի՝ պոլիկլինիկայի հետ ունեցած պայմանագիրը լուծարվել է օրենքի խախտումով՝ առանց հիմնադրին՝ ՀԳՄ-ին տեղյակ պահելու: Լ. Բաղդասարյանը հույս ունի, որ վճռաբեկ դատարանը հանգամանալից ուսումնասիրելով գործը՝ ի հայտ կբերի թույլ տրված բոլոր խախտումները: Փաստաբանը ասաց նաեւ, որ գրողները պատրաստվում են դատարանում բարձրացնել իրենց կրած վնասի հատուցման խնդիրը: «Գրողները, որ փետրվար ամսից վիճարկում են սույն գործը, կատարել են ծախսեր (պետական տուրքի տարբերակով, վճարել են դատարանում իրենց ներկայացուցիչ իրավաբաններին): Իսկ դրանք մեծ գումարներ են կազմում, որոնց չափը այս պահին նպատակահարմար չեմ գտնում հրապարակել: Ի դեպ, գրողների կրած վնասները գնալով աճում են»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել