Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արտաքին քաղաքականությանը՝ «2»

Օգոստոս 03,2004 00:00

«Արտաքին քաղաքականությանը՝ «2» Գնահատում է Արամ Զ. Սարգսյանը – Ղարաբաղի հարցի մասին խոսելիս նույնիսկ կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները նշում են, որ ընդդիմության եւ կոալիցիայի միջեւ այդ հարցում տարաձայնություններ չկան։ Որպես այդ հարցին սերտորեն կապված կուսակցություն՝ առաջինը ձեր կուսակցության անունն է տրվում։ Հարցի այս փուլը ինչպե՞ս եք գնահատում։ – Օբյեկտիվ է այդ մոտեցումը, որ մեր կուսակցությունն ավելի տեղյակ է Ղարաբաղի հիմնահարցին։ Եվ դա էլ պարզ է, քանի որ մենք մեզ հայտարարում ենք Վազգեն Սարգսյանի ժառանգորդը, հետեւաբար նրա մոտեցումներից դուրս գալ չենք կարող։ Մեր կուսակցության անդամների հիմնական մասը անցել է ղարաբաղյան ազատամարտի բովով։ Ես եղել եմ վարչապետ, եւ ինձ հետ ուղիղ քննարկվել է Ղարաբաղի խնդրի լուծումը։ Քննարկվել է նաեւ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Հետեւաբար վերջին 4-5 տարվա զարգացումներին մենք ավելի տեղյակ ենք։ Խնդիրը հետեւյալն է՝ առաջարկվեց Մեղրու տարբերակով Ղարաբաղի հիմնահարցի լուծումը, որով Քոչարյանի հայտարարած սկզբունքները պահպանվում էին։ Այսինքն՝ Ղարաբաղը լինում էր անկախ, ունենում էր Հայաստանի հետ ցամաքային սահման եւ ապահովվում էր Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Այստեղ որեւէ խոսք չկար Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Ու քանի դեռ Քոչարյանը պնդում է այդ երեք սկզբունքները, ես երեւի սուբյեկտիվ, բայց՝ անուղղակի հիշում եմ այդ բանակցությունները։ Չնայած նույն քիուեսթյան բանակցությունները որոշակի առումով փոփոխություններ են կրել, եւ այդ մասին բազմիցս խոսել են։ Կոնկրետ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանի մակարդակով ինձ ասել են այդ փոփոխությունների մասին։ Թե կոնկրետ ի՞նչ փոփոխություններ են՝ ես տեղյակ չեմ։ Խնդիրն այն է, որ ես ու Վաղարշակ Հարությունյանը դեմ եղանք դրան։ Եվ մեզ ազատեցին աշխատանքից։ Քոչարյանի մասով խնդիրը բացարձակ այլ է՝ ինքը կողմ էր դրան, ինքը խոստացավ դա անել ու այսօր չի անում։ Եվ այս դեպքում միայն ազատելով չեն բավարարվի։ Ու այստեղ Քոչարյանը լուրջ մտածելու խնդիր ունի։ Ու կարծում եմ՝ հիմա իմ ու Վաղարշակ Հարությունյանի կարիքն է ունենալու։ Ու չեմ բացառում, որ այդ վիճակում կհայտնվեն Անդրանիկ Մարգարյանը եւ էլի մի հոգի։ – Ընդդիմադիր գործիչներից շատերն են պնդում, թե Ղարաբաղի հարցի շահարկմամբ Ռ. Քոչարյանը եկավ իշխանության եւ հարցը չի լուծում։ – Եթե ես ինձ ուսուցչի դեր վերապահեմ, Ռ. Քոչարյանի վարած արտաքին քաղաքականությանը «2» կնշանակեմ։ Բավական է կարդալ Ստիվեն Մանի հարցազրույցը (որտեղ ասվում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, եւ իրենց ավելի ընկալելի է Ադրբեջանի նախագահի մոտեցումները, քան ՀՀ նախագահինը), բավական է նայել, թե Քոչարյանի օրոք ինչ երկրներ ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Չինաստանը, Ռուսաստանը, էլ չեմ խոսում 907 որոշման հանման մասին, էլ չեմ խոսում Ղարաբաղի՝ որպես բանակցային կողմ դուրս մղման մասին։ Հիշո՞ւմ եք նախագահական ընտրություններից առաջ ինչպես բանավիճեց Ստեփան Դեմիրճյանի հետ, երբ վերջինս ասաց, թե Ղարաբաղը պետք է անպայման մասնակցի բանակցություններին՝ որպես բանակցային կողմ, քիչ մնաց Ստեփան Դեմիրճյանին միայն այդ պատճառով համարեր Ղարաբաղի թշնամի։ Իսկ այսօր ինքն է վերադառնում այն մտքին, որ Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ։ Քոչարյանի մի բան ասելն ու այլ բան անելը ինձ համար զարմանալի չէ։ Նման ունակություններով ուղղակի նախագահ չեն աշխատում։ Կարծում եմ, ժողովուրդը դա հասկանում է։ Վստահ եմ, որ ժողովուրդը կհաղթի, քանի որ հասկանում է՝ ինքը կարող է ոտքի կանգնել եւ փոխել այն իշխանությունը, որն իրեն չի ծառայում։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել