ԲԻԼԱԿԱԿՌԻՎԸ ԿՓՐԿԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ Սկսվեցին քննարկումներ Արշակ Սադոյանի թեմաներով Արշակ Սադոյանի ԱԺԴ կուսակցության բաց համագումարը (ըստ ոմանց՝ ժողովը) ակնկալում էր հրապարակային քննարկում սկսել, որպեսզի ի վերջո հասկանանք. «Լավ, ի՞նչ անենք, ո՞ւր գնանք»։ Արշակ Սադոյանը քաղաքական ուժերին առաջարկում էր մի կողմ դնել բոլոր հակամարտությունները եւ քննարկել ստեղծված իրավիճակը։ Սակայն պրն Սադոյանի կողմից անձամբ բաժանված հրավերներին շաբաթ օրը քչերն էին արձագանքել, եւ ժողովն անցավ կիսադատարկ դահլիճում։ Կոալիցիայի անդամ կուսակցություններից հրավերքը չէին մերժել ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը։ Ու եթե Արմեն Ռուստամյանը ժողովի սկզբից 2-3 րոպե անց անձայն հեռացավ, ապա ՕԵԿ-ը ներկայացնող Մհեր Շահգելդյանը ոչ միայն մնաց մինչեւ վերջ, այլեւ ելույթ ունեցավ։ Արշակ Սադոյանը ասաց, որ իրավիճակը բարդ է եւ հայտարարեց. «Եթե պայքարի ոգի չկա, ապա այս երկրում քաղաքացիական հասարակություն չի ձեւավորվի։ Ես դեմ եմ Լինչի դատաստանին, բայց ազատությունների համար գոնե բիլակակռվի խմբեր պետք է ստեղծվեն»։ Արշակ Սադոյանի առաջարկը սա էր՝ քանի որ հանրապետությունում 1850-ից ավելի ընտրատեղամաս կա, ուրեմն «բիլակակռվի խմբերը» պետք է լինեն ճիշտ այդքան, յուրաքանչյուր խմբում՝ 10-15 մարդ, որոնք կլինեն պինդ կազմվածքով եւ ոչ միայն «Արդարություն» դաշինքի օգտին քարոզով կզբաղվեն, այլեւ կփորձեն փոխել ընտրատեղամասերում բարոյահոգեբանական մթնոլորտը եւ անհրաժեշտության դեպքում «պայքարին կազմակերպչական ձեւ կտան ու, երբ որ անհրաժեշտ լինի՝ խնդիրները կլուծեն»։ Արշակ Սադոյանն առաջարկեց նաեւ, որ հանրապետության նախագահը հրապարակային հայտարարություն անի այն մասին, որ ինքը երրորդ անգամ չի առաջադրվելու որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Ըստ Արշակ Սադոյանի՝ իշխանական համակարգը կառուցված է այնպես, որ մեկ մարդուն գերլիազորություններ են տրված եւ՝ ոչ մի պատասխանատվություն. «Եվ բնական է, որ այս պաշտոնի համար այս երկրում պետք է անընդհատ կռիվ լինի։ Ես համոզված եմ՝ «Հոկտեմբերի 27-ը» մեր սահմանադրական կարգի սխալ կառուցվածքի հետեւանք էր։ Եվ այն ամենը, ինչ կատարվում է այսօր երկրում, ներառյալ՝ նաեւ ապրիլի 12-13-ի հարցը, վստահության հանրաքվեի տապալման հարցը, միտումնավոր երկրի գլխին փաթաթված այս Սահմանադրության հետեւանքն է։ Թղթի վրա գրվածն է սխալ»։ Արշակ Սադոյանը համոզմունք հայտնեց, որ բնակչության 95 տոկոսը չի ընդունում այս իշխանություններին. «Բայց ստացվում է մի պարադոքս՝ չկան կողմնակիցներ, բայց իշխանությունները ինքնավերարտադրվում են, ինչ ուզում՝ անում են»։ Արշակ Սադոյանը ինքնաքննադատաբար խոստովանեց, որ ընդդիմությունը սխալներ թույլ է տվել, եւ հիմնական սխալն այն է, որ «ընդդիմությունը չի կարողացել թղթի վրա գրված իշխանական գերլիազորությունների հակազդման մեխանիզմներ ստեղծել, չի կարողացել ստեղծել ռեալ պայքարի մեխանիզմներ։ Բա ո՞նց կլինի, մարդիկ մեզ հարց են տալիս՝ լավ, գնացիք, արեցիք միտինգներ 50 հազար, 100 հազար, հետո՝ ի՞նչ։ Վերջիվերջո մի անգամ պետք է լինի՞ այդ բախումը։ Ասում ենք՝ ոչ։ Հիմա էլ ենք փորձում ասել՝ ոչ»։ Ըստ Արշակ Սադոյանի՝ երկրի ապագայի համար խիստ կարեւոր է «մեկ զանգով ոտքի կանգնելու պատրաստ մարդկանց խմբերի ստեղծումը։ Եթե մենք կարողանանք ունենալ 15-20 հազար կազմակերպված մարդկանց խմբեր, որոնք ծածկում են հանրապետության տարածքը եւ պատրաստ են ոչ թե հրացանակռվի, այլ պատրաստ են բացահայտ հակաօրինականություններին պատասխան տալ գոնե իրենց ֆիզիկական ուժով, ապա ոչ մի լուրջ ընտրական կեղծիքներ չեն լինի։ Ես ասում եմ՝ լինի այդ 20 հազարը, ցանկացած ընտրություն արդար կարելի է անցկացնել»։ Արշակ Սադոյանի քննարկումների հրավերին արձագանքեցին եւ ելույթներ ունեցան բաց ժողովի մի քանի հրավիրվածներ։ Մասնավորապես, ՕԵԿ ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի ելույթը ամենազարմանալին էր։ Նախ նա ոջունեց ոչ միայն համագումարը, այլեւ քննարկման գաղափարը. «Որովհետեւ այսօր քննարկվող խնդիրները, որոնք կանգնած են երկրի, պետության եւ ազգի առջեւ, խիստ կարեւոր են»։ Կոալիցիայի անդամ կուսակցության ներկայացուցիչը եւս կարեւորեց համակարգային մոտեցումները. «Այո, այսօր անհրաժեշտ են համակարգային մոտեցումներ, անհրաժեշտ է նոր խնդիրների առաջադրում եւ անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմներ, թարմացնել՝ հետագայում երկրի զարգացումը ապահովելու համար»։ Մհեր Շահգելդյանը կարեւորեց ընդդիմության մասնակցությունը «Ընտրական օրենսգրքի» եւ սահմանադրական փոփոխությունների քննարկումներին։ ՕԵԿ-ի անունից Մհեր Շահգելդյանը հայտարարեց, թե պատրաստ են քննարկումների եւ բաց երկխոսության։ Կոմունիստ Խորեն Թռչունիչ Սարգսյանը իր ելույթում ամենեւին համաձայն չէր Արշակ Սադոյանի հետ, երբ վերջինս ասաց, թե Ռոբերտ Քոչարյանը պետք է խոսք տա, որ այլեւս չի առաջադրվելու նախագահի պաշտոնում. «Էդ մարդը, երբ Աստվածաշնչի եւ Սահմանադրության վրա երդվելով է ստում, նրանից ի՞նչ նոր երդում ենք ուզում։ Ո՞վ է ասել, որ նա պետք է հասնի նոր ընտրությունների։ Առհասարակ, հանրապետության նախագահը նոր ընտրությունների չպետք է գնա, նա մինչեւ ընտրությունները պետք է հեռացված լինի, եւ մինչեւ աշուն նրան պետք է հեռացնենք, եթե ուզում ենք Հայաստանը լինի»։ Բաց ժողովի ժամանակ ամենաբուռն ծափահարությունը հենց այս խոսքերից հետո հնչեց։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ելույթում կարեւորեց ընդդիմության ինքնաքննադատական ոգին՝ ասելով, որ եթե այդ ինքնաքննադատությունից մի քիչ էլ իշխանություններն ունենային, ապա երկիրը մի քիչ ավելի լավ օրի կլիներ։ Ըստ Արամ Սարգսյանի՝ ընդդիմությունը ամեն ինչ ճիշտ է արել ու դարձյալ նույնն է անելու, պարզապես՝ պայքարն ավելի համաժողովրդական է լինելու։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ