Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԻՍԱԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 03,2004 00:00

ԿԻՍԱԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ «Միլիոնատերերը փողեր են ծախսում, իսկ միլիարդատերերը՝ պատմություն կերտում»: Սա հայտնի Ջորջ Սորոսի արտահայտությունն է, որը մեջբերել է ադրբեջանական «Զերկալոն» իր երեկվա հրապարակումներից մեկում: Ինչո՞ւ են Բաքվում հիշել Սորոսին. որովհետեւ ադրբեջանցի վերլուծաբանները կարծում են, թե նույն ինքը՝ Վրաստանի «թավշյա հեղափոխության» ջատագովը, նման մի բան էլ պատրաստում է Ադրբեջանում՝ 2005թ. սկզբներին սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Բայց այս կանխատեսումը ադրբեջանցի վերլուծաբանը քիչ հեռվից է սկսում՝ 2003-ի մայիսի 16-ից, ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի՝ Վրաստան կատարելիք իր այցը հետաձգելու մասին հայտարարությունից, նաեւ՝ Վրաստանին սպառնացող դե ֆլոտից, երբ այդ երկիրը հայտնվել էր արտաքին պարտքերը փակելու անհնարինության առաջ: Հենց այդ ժամանակ էր, որ Արժութային միջազգային հիմնադրամը Վրաստանի խորհրդարանական ընտրությունների շեմին հայտարարեց այդ երկրին այլեւս վարկեր տրամադրելուց հրաժարվելու մասին. «Ավելին, ԱՄՀ-ն Վրաստանի հետ համագործակցության խստագույն պայմաններ առաջադրեց, ինչի արդյունքում խորհրդարանական ընտրությունների շեմին նախկին նախագահ Շեւարդնաձեն կանգնեց դժվարին կացության առջեւ: Ընտրություններից առաջ ԿԸՀ-ն ձեւավորվեց ԱՄՆ-ի պահանջած տարբերակով, որն էլ նրա անկման պատճառներից մեկն էր»: «Զերկալոն» մեջբերել է նաեւ արդեն նախկին նախագահ Էդ. Շեւարդնաձեի հարցազրույցը բրիտանական «Դեյլի տելեգրաֆին», ուր վերջինս խոստովանել է, թե՝ մինչեւ վերջին պահն ինքը չէր հավատում, որ Վաշինգթոնն իր համար պատրաստել է Միլոշեւիչի ճակատագիրը: «Բայց իր պաշտոնանկությունից դեռ շատ առաջ էլ նախկին նախագահը մեղադրում էր միջազգային կազմակերպություններին իր ընդդիմադիրներին օգնելու համար: Հենց այդ ժամանակ էր, որ առաջին անգամ հրապարակումներ եղան Սորոսի կողմից՝ 500 հազար դոլար արմատական ընդդիմությանն օգնելու մասին: Ու թեեւ Էդ. Շեւարդնաձեի հետ հեռախոսազրույցի ժամանակ Սորոսը խոստացել էր չմիջամտել Վրաստանի ներքին գործերին, բայց նա դրժեց իր այդ խոստումը: Նա ֆինանսավորեց ժողովրդականություն վայելող ընդդիմադիր հեռուստաընկերությանը, որը բացառիկ դերակատարում ունեցավ Վրաստանի «թավշյա հեղափոխության սկիզբ դարձած փողոցային բողոքի ակցիաների համատեքստում»,- գրում է «Զերկալոն»: Վկայակոչելով «Գլոբ ենդ մեյլին»՝ «Զերկալոն» փոխանցում է, թե Վրաստանի ներկայիս նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անձնական բավականաչափ լավ հարաբերություններ ունի Ջ. Սորոսի հետ եւ միլիարդատիրոջ ձեռքից «Բաց հասարակության» հիմնադրամից պարգեւ է ստացել: Ավելին, «Զերկալոն» մեջբերել է Վրաստանի լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլու հայտարարությունն այն մասին, թե Աջարիան սանձելու ծրագիրն էլ Մ. Սահակաշվիլին նախաձեռնել էր հենց Սորոսի «պատվերով»: Ավարտելով Վրաստանում տեղի ունեցած «Մի հեղաշրջման պատմությունը»՝ «Զերկալոն» ընդգծում է, թե «մոնդիալիստները պատրաստվում են ամբողջովին վերահսկողության տակ առնել Կովկասը»: «Այդ գործում Վրաստանը նրանց համար կարեւորագույն պլացդարմ է, Ադրբեջանը՝ կարեւորագույն օղակ, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանի դաշնակից միակ երկիրը»,- գրում է ադրբեջանական թերթը՝ հավելելով, թե Ռոբերտ Քոչարյանն էլ, թերեւս, հասկացել է, որ իրեն էլ է սպառնում իր նախկին գործընկերոջ՝ Էդ. Շեւարդնաձեի ճակատագիրը, եւ այդ է պատճառը, որ «նա հրաժարվելով իր կոմպլեմենտարիզմից՝ ԵԽԽՎ ամբիոնից լկտիորեն հայտարարեց, թե Հայաստանում իշխանության եւ ընդդիմության միջեւ հակասությունը ԵԽԽՎ-ի գործը չէ, որին հաջորդեց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարությունը ԼՂ-ի՝ Ադրբեջանի անքակտելի մաս լինելու մասին»: «Զերկալոյի» մատուցմամբ, Ռ. Քոչարյանի այդ հայտարարությունը նշանակում էր, որ Հայաստանը միանշանակորեն եւ վերջնականապես բռնել է Ռուսաստանի կողմը: Ինչ վերաբերում է Ադրբեջանում Սորոսի գործունեության հնարավոր նախադրյալներին, ապա, թերթի վերլուծաբանի կարծիքով, միլիարդատերը կարող է ակտիվանալ 2005-ի սկզբներին Ադրբեջանում սպասվելիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում՝ արդեն այս տարեվերջից սկսած: «Եվ, որպես կանոն, Ադրբեջանում բոլոր իշխանափոխությունները միեւնույն սցենարն են ունենում. սկզբում՝ փախստականների հոսք, ներիշխանական խմբավորումների գոյացում, որոնք հետո սեպարատ համաձայնության են հասնում ընդդիմության հետ եւ միջազգային կենտրոնների օրհնությամբ իշխանություններին կաթվածահար անում, ապա՝ արմատական ընդդիմությանը նյութական եւ քաղաքական օգնություն ցուցաբերում: Կարելի՞ է խուսափել Ադրբեջանի համար աղետալի այդ զարգացումներից: Կարծում ենք, դեռ շատ ուշ չէ դրա համար եւ արժե փորձել քանդել վտանգների կծիկը: Ոչ մի րոպե ուշացնել չի կարելի»,- եզրափակում է «Զերկալոյի» վերլուծաբանը: Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել