Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՍԵՎ ՕՐԸ

Հուլիս 31,2004 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՍԵՎ ՕՐԸ Հայաստանի երեք ֆուտբոլային ակումբներ՝ Երեւանի «Բանանցը», Գյումրիի «Շիրակը» եւ Աշտարակի «Միկան», հենց առաջին փուլում հրաժեշտ տվեցին ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը: Սկսենք «Շիրակից»: Անդրանիկ Ադամյանի թիմն ընտրական մրցաշարի մեկնարկային հանդիպումում սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Մոլդովայի «Տիրասպոլին»՝ բավականին դժվարացնելով պատասխան խաղում առաջին արգելքը հաղթահարելու իր հեռանկարները: Հուլիսի 29-ին, երբ ինտերնետով հետեւում էինք թիմերի երկրորդ հանդիպման ընթացքին, առաջին խաղակեսի ավարտից հետո հաշիվը դեռ բացված չէր: Հույս կար, որ երկրորդ կեսում մերոնք ամեն ջանք կգործադրեին Երեւանում կորցրածը հետ բերելու համար: Սակայն կատարվեց հակառակը. դաշտի տերերը՝ մեծացնելով ճնշումը, հյուրերին հարկադրեցին երկու անգամ խաղը վերսկսել կենտրոնից, իսկ սեփական դարպասը պահեցին անառիկ՝ 2:0: Գյումրեցիները երկու խաղերի արդյունքով պարտվեցին 1:4 հաշվով ու հրաժեշտ տվեցին մրցաշարին: Մոտավորապես նույն սցենարով ընթացավ «Միկա»- «Հոնվեդ» (Հունգարիա) հակամարտությունը: Աշտարակցիներն էլ առաջին խաղում «Հանրապետական» ստադիոնում տանուլ տվեցին 0:1 հաշվով: Ու միակ գնդակը խփվեց հանդիպման վերջին րոպեին: Պատասխան խաղում «Միկային», որ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք ստացել էր միայն վիճակահանությամբ, Հունգարիայում մեկական գնդակ փոխանակեց դաշտի տերերի հետ, սակայն, միեւնույն է, նույնպես ստիպված եղավ դադարեցնել հետագա պայքարը: Եթե Երեւանում նրանց հաջողվեր պահպանել զրոյական հաշիվը, ապա հիմա թիմը կխաղար ընտրական մրցաշարի երկրորդ փուլում: ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում ամենից ավելի վատ հանդես եկավ «Բանանցը», որը երկու հանդիպումներում էլ պարտվեց միեւնույն 0:2 հաշվով: Դժվար է մասնագիտական հիմնավոր բացատրություն տալ, թե որո՞նք են մեր ակումբների՝ միջազգային պատասխանատու մրցաշարերում ձախողվելու պատճառները: Դա մասնագետները պետք է անեն: Սակայն ուզում ենք արտահայտել մեր անձնական կարծիքը, որին, համոզված ենք, հատկապես վերոնշյալ թիմերի մարզիչները համաձայն չեն լինի: Որքան էլ ցավալի է, հարկադրված ենք այս էլ որերորդ անգամ կրկնել, որ Հայաստանում բարձրակարգ մարզիչներ չկան: Մեր մասնագետները շատ են հետ մնացել ժամանակակից ֆուտբոլում մարզիչներին ներկայացվող պահանջներից, չեն տիրապետում մարզումային նորագույն մեթոդներին եւ ուղղություններին: Նրանց գիտելիքները, իմացությունները տասնամյակների վաղեմության են ու, ինչպես ցույց են տալիս Եվրոգավաթների մրցաշարերը, միջազգային մակարդակներին չեն համապատասխանում: Դրա համար էլ մեր ակումբների մասնակցությամբ խաղերը շատ թե քիչ դիտարժան ու համառ են լինում միայն երկրի ներքին առաջնությունում: Պակաս կարեւոր չէ ֆուտբոլիստների, հատկապես՝ լեգեոներականների ընտրությունը: Ճիշտ է, այստեղ որոշիչ դեր է կատարում ֆինանսների առկայությունը, որը սահմանում եւ տրամադրում են հովանավորները: Գուցե վերջինների հնարավորություններն իրո՞ք սուղ են, սակայն պարզ հաշվարկն էլ հուշում է, որ տեղացի կադրերին վճարվող գումարներից նկատելիորեն ավելի բարձր աշխատավարձով երրորդական, չորրորդական կարգի մի քանի ֆուտբոլիստ պահելու փոխարեն նպատակահարմար կարող է լինել ավելի բարձրակարգ մեկ-երկու լեգեոներական ձեռք բերելը, որոնք ի վիճակի լինեն խաղը վերցնել իրենց վրա, թիմակիցներին տանել իրենց հետեւից եւ, վերջապես, դաշտում ստեղծագործել: Ու մի շատ կարեւոր հանգամանք էլ. անհրաժեշտ է, որպեսզի իրենց ակումբների ընդհանուր մակարդակը բարձրացնելու, լավ մարզիչներ ու ֆուտբոլիստներ ճիշտ ընտրելու հարցում ակումբների բոլոր հովանավորները խնայողության հետեւից քիչ ընկնեն: Այդ ժամանակ կբարձրանա ներքին առաջնության մակարդակը: Ու, համոզված ենք, փոխհատուցումն էլ իրեն շատ երկար սպասել չի տա: Հակառակ դեպքում՝ ֆուտբոլի զարգացումը Հայաստանում շատ դանդաղ ու տարերայնորեն կընթանա, այսպիսի ճգնաժամերն էլ հաճախ կհետապնդեն մեզ ու դեռ երկար ստիպված կլինենք բավարարվել, լավագույն դեպքում՝ ուրախանալ Եվրոգավաթների խաղարկություններում ընտրական առաջին փուլը հաղթահարելով եւ երազել մեկ քայլ էլ առաջ գնալու մասին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել