Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթերում հեղինակային իրավունքը վտանգված է

Հուլիս 31,2004 00:00

Եթերում հեղինակային իրավունքը վտանգված է Սակայն դա առայժմ հետաքրքրում է միայն հասարակական կազմակերպությանը 2001թ. հունվարից գործող «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության նպատակը ՀՀ տարածքում գործող թատրոնների, համերգային կազմակերպությունների, հեռարձակողների եւ ձայնագրման ստուդիաների հետ լիցենզիոն պայմանագրեր կնքելն է եւ հեղինակների իրավունքների պաշտպանությունը։ «Գրականության եւ արվեստի ստեղծագործությունների օգտագործման որոշ տեսակների համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերի մասին» կառավարության 251 որոշումը, որը 2000թ. փոխվեց կառավարության 554 որոշման, սահմանել է վճարման որոշ դրույքաչափեր՝ ռեստորաններում եւ գիշերային ակումբներում հնչող երաժշտության համար տարեկան 10 հազար դրամ (անվճար մուտքի դեպքում) եւ 20 հազար դրամ (վճարովիի դեպքում), իսկ հեռարձակող կազմակերպությունների համար՝ առեւտրային եկամտի ամսական 2 տոկոսի չափով։ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ «Ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտն օգտագործողները պարտավոր են կազմակերպության պահանջով նրան ներկայացնել օգտագործման վերաբերյալ բոլոր նյութերը, ներառյալ վճարվող գումարի հավաքման եւ բաշխման համար անհրաժեշտ ճշգրիտ տվյալներ պարունակող փաստաթղթերը»։ «Հայհեղինակ» հ/կ-ի փոխտնօրեն Սոնա Վարդանյանի հավաստմամբ, սակայն մինչ այժմ ոչ մի հեռուստահեռարձակող ֆինանսական փաստաթղթեր չի ներկայացրել իր առեւտրային եկամուտների մասին։ Հեղինակային ստեղծագործություններն օգտագործողներից «Հայհեղինակի» հետ օրինապահ աշխատում են միայն թատրոնները, համերգային կազմակերպությունները եւ ձայնագրման ստուդիաները։ Հեռուստաընկերություններից ամենամսյա 55 հազար դրամ վճարում են «Պրոմեթեւս»-ը, «Ար»-ը, «Շողակաթ»-ը, ԱԼՄ-ն։ «Արմենիա» հեռուստաընկերությունը թեեւ պայմանագիր է կնքել, սակայն փոխանցումներն ուշացնում է։ «Դար 21» եւ «TV5» հեռուստաընկերությունները երբեւէ ոչինչ չեն վճարել։ Դեռեւս 2000թ. սկզբին «105,5FM» ռադիոկայանը դատարանի վճռով Հեղինակային իրավունքների ազգային գործակալությանը երկու եռամսյակի համար վճարել է 45 հազար դրամ։ Սակայն նույն «105,5FM»-ը եւ «Ռադիոհայը» շարունակում են պայմանագիր չկնքել եւ չվճարել։ Հեռուստաընկերություններ կան, որ պայմանագիր չկնքելը փորձում են հիմնավորել առեւտրային եկամուտ չունենալով (օրինակ՝ «Հայրենիքը»), սակայն հեղինակային ստեղծագործություններ են եթեր հեռարձակում։ Բարդ են փոխհարաբերությունները նաեւ Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոյի հետ։ Վերջիններիս հետ «Հայհեղինակին» հաջողվել է միայն այս տարվա հուլիսի 1-ից պայմանագիր կնքել։ «Հեռուստաընկերությունները ամենաշատ հեղինակային ստեղծագործություններ օգտագործողներն են եւ հեղինակային իրավունքի ամենաշատ խախտողները»,- կարծում է Ս. Վարդանյանը։ ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել