Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱՆԴՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԿՔԱՅՔԱՅԻ ԿՈԱԼԻՑԻԱՆ

Հուլիս 31,2004 00:00

ԱՎԱՆԴՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԿՔԱՅՔԱՅԻ ԿՈԱԼԻՑԻԱՆ Կարծում է ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը – Պարոն Սարգսյան, ի՞նչ եք կարծում՝ ընդդիմությունն աշնանը պե՞տք է վերադառնա խորհրդարան: – Մենք քաղաքական բոյկոտ ենք հայտարարել այն պատճառով, որ խորհրդարանը չի կատարել Սահմանադրական դատարանի որոշումը: ՍԴ-ն որոշել էր, որ հանրաքվեի մասին օրենքը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը եւ այն պետք է համապատասխանեցնել երկրի հիմնական օրենքին: Խորհրդարանական մեծամասնությունն ինքը ձեռնպահ մնաց այդ անելուց, «Արդարություն» դաշինքի նախաձեռնությունն էլ տապալեց՝ կանոնակարգի խախտումով: Հիմա այդ հարցը դարձյալ օրակարգում է: ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին իսկ եռօրյային նրանք պարտավոր են հարցը դնել: Եթե սեպտեմբերին այդ հարցն օրակարգ մտնի եւ սկսվի քննարկումը՝ ընդդիմությունը պատճառ չունի խորհրդարան չվերադառնալու: Ինչ վերաբերում է դրանից հետո բխող քայլերին՝ կլինի՞ վստահության հանրաքվե, թե՞ ոչ, ոչ ոք չի կարող ասել: Դրա համար անհրաժեշտ կլինի առնվազն 200 հազար ստորագրություն հավաքել. թող իշխանություններն այնքան լավը լինեն, որ 200 հազար մարդ չգտնվի, որոնք ստորագրեն հօգուտ հանրաքվեի: – Փաստորեն, ընդդիմության գործողությունները կախված կլինեն իշխանությա՞ն գործողություններից: – Միայն: Այսինքն՝ մենք ուրիշ պայման չենք դնում: Ես ուզում եմ հիշեցնել նաեւ Եվրախորհրդի վերջին բանաձեւը, որտեղ իշխանություններին առաջադրված ոչ մի մեղադրանք գործնական լուծում չգտավ: Ավելին, բռնությունները շարունակվեցին: Քոչարյանն էլ գնահատական տալով կատարվածին, ասաց՝ որ դրանք համաչափ քայլեր էին: Նա իր վրա վերցրեց գլխավոր դատավորի դերը: – Հիմա եթե հրաշք կատարվի եւ Քոչարյանը վերանայի իր մոտեցումները՝ ընդդիմությունը կգնա՞ համագործակցության: – Եթե այդ հրաշքը կատարվի, մենք կարող ենք պատկերացնել, որ երկրում սկսվում է օրինականության հաստատման գործընթացը: Այդ պարագայում, իհարկե, պատրաստ ենք աջակից լինել օրինականության հաստատմանը: Բայց ես մնում եմ իմ կարծիքին՝ իշխանությունը որդեգրել է «բեզպրեդելի» քաղաքականություն: Հույս ունենալ, որ նրանք կփոխեն իրենց վարքագիծը, շատ դժվար է: Բայց անգամ այս պարագայում, եթե ԱԺ վերադարձի խոչընդոտը վերացվի՝ կվերադառնանք խորհրդարան: Քանզի մենք շատ շահագրգռված ենք, որպեսզի սահմանադրական փոփոխություններն անցկացվեն իրականում եւ ոչ թե ձեւականորեն, ինչպես նախորդ տարիներին փորձ արվեց: Ընտրական օրենսգրքի հետ կապված լուրջ խնդիրներ էլ կան, որոնք լուծում են պահանջում: Ես կարծում եմ, որ կոալիցիայի կազմում էլ լուրջ խնդիրներ են առաջացել, հատկապես՝ ավանդների վերադարձման հետ կապված: Հանձնաժողովը սեպտեմբերին պետք է իր եզրակացությունը ներկայացնի, դա հենց ներսում լուրջ բարդությունների կհանգեցնի: ՕԵ-ն համարվում է այն հիմնական քաղաքական ուժը, որը ժողովրդին խոստացել է վերադարձնել ավանդները: Կառավարությունն ասում է, որ ինքն այդ հնարավորությունը չունի: Հիմա, եթե ՕԵ-ն համակերպվի այդ իրավիճակին, ուրեմն կորցնելու է իր ողջ հեղինակությունը: Եթե չի համակերպվում՝ չեմ բացառում այնպիսի լուրջ հակասություններ առաջանան, որ սեպտեմբեր-հոկտեմբերին կոալիցիան փլուզվի եւ առաջանա նոր քաղաքական իրավիճակ: Այսինքն ընդդիմությունը կարող է ոչինչ չանել: Միեւնույն է, տարվող քաղաքականությամբ առկա խնդիրները չեն լուծվի: Օրինակ, դոլարի վայրիվերում առաջացավ, որովհետեւ երկիրը կառավարման մեխանիզմ չունի՝ պետական շահը պահելու համար: Այդ սպեկուլյացիայի հաշվին հարստացան մի խումբ գործարարներ, մի խումբն էլ տուժեց՝ կուտակելով միայն դժգոհություն: Այսպիսի իրավիճակում ցանկացած կատակլիզմ հնարավոր է: Գնալով ավելանալու է նաեւ արտաքին գործոնների ազդեցությունը: Կախյալ իշխանությանը միշտ էլ հեշտ է պարտադրելը: Ուստի իշխանության վերնախավը եթե կարծում է, թե կարող է գլուխը դնել բարձին ու հանգիստ քնել՝ սխալվում է: Ինձ համար պարզ է, թե այս իշխանության ավարտն ինչպիսին է լինելու: – Ինչպիսի՞ն է լինելու: – Նրանք շատ անփառունակ են հեռանալու՝ շատ ավելի ցավալի հետեւանքներ են լինելու, քան նախորդների պարագայում եղավ: Նախորդները դեռ կարողացան երաշխիքներ ստանալ այսօրվա իշխանություններից եւ կարծես թե գլուխները պրծացրին: Այժմ իշխանության կրիմինալիզացիան աներեւակայելի չափերի է հասել, ուստի ավելի բարդ վիճակներ են առաջանալու: Հույս դնել, որ հասարակությունն այնքան անզոր է եւ ոչինչ չի կարող անել՝ թույլ իշխանության դրսեւորում է: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել