Լրահոս
Օրվա լրահոսը

Քննություններ՝ ըստ ավանդույթների

Հուլիս 31,2004 00:00

Հանրապետական ընդունող հանձնաժողովի փոխնախագահ Արա Ավետիսյանի գնահատմամբ՝ այս տարվա ընդունելության քննությունները «բարձր կազմակերպական մակարդակով են անցնում»:

Նասառնասրտորեն է նայում մի քանի օր առաջ մեր աղբյուրի ներկայացրած փաստերին՝ քննությունների ընթացքում հանդիպող խախտումների վերաբերյալ: «Ես ձեր գրածին նայեցի իբրեւ լրագրողական հնարք, որ խոսակցության դաշտ է հրավիրում մարդկանց»,- ասում է Ա. Ավետիսյանը՝ ավելացնելով, որ դրանց կհավատա, երբ լինեն համապատասխան արձանագրությունները՝ փաստաթղթով: Միաժամանակ փոխնախագահը մեր «հնարքն» առանձին-առանձին դրվագներով չի հերքում. «Երբ ասացի, որ կազմակերպված են անցել ե՛ւ մեր, ե՛ւ դիտորդների կարծիքով, դա նաեւ քննություններին հատուկ խախտումների արձանագրումն է, հուշելը մեկը մյուսին: Նախորդ տարիների համեմատ պասիվ են հանձնաժողովի անդամները, նրանց կողմից հուշումներ, ծածկագրեր հանդիպում են, բայց քիչ: Եթե մենք հանձնաժողովների անդամների միտումնավոր հուշման դեպք արձանագրենք, այս հարցը կանոնակարգված է, եւ նախարարի կողմից ուղղակի կզրկվեն այդ մարդիկ քննություններին հետագայում մասնակցելուց»:

Քննություններում ցուցաբերված արդյունքները կապելով նաեւ հանձնաժողովականների մասնագիտական ունակությունների հետ՝ պրն Ավետիսյանը նշում է. «Հանձնաժողովները աշխատում են իրենց մասնագիտական բարձրության վրա գտնվելով, եւ արձանագրված գնահատականները խիստ շեղումներ չունեն մյուս տարիներից»: Իսկ աշխարհագրությունից ու հայ ժող. պատմությունից գրանցվող անսովոր ցածր գնահատականները, Ա. Ավետիսյանի կարծիքով, արդեն «ավանդական են դարձել», եւ դրա պատճառը նա տեսնում է դիմորդների՝ նկարագրական մասի ոչ ամբողջական գիտելիքների մեջ: Այստեղից հարց է առաջանում: Եթե խոսք է գնում ավանդույթների մասին, ապա մի՞թե ավելի շատ գնահատման ավանդույթի մասին չէ, եւ ոչ թե դիմորդի գիտելիքների: Այլապես, մենք գիտենք, որ դիմորդների 80-90 տոկոսը քննություններին պատրաստվում է կրկնուսույց-դասախոսների օգնությամբ. ինչպե՞ս է պատահում, որ այս էլ քանի տարի դասախոսները չեն կարողանում ճիշտ պարապել սեփական ճակատագրերն իրենց վստահած դիմորդների հետ: Մնում է եզրակացնել, որ պարզապես «նկարագրական մաս» ասվածը շատ լայն հասկացություն է, եւ գնահատելիս սուբյեկտիվիզմի դրսեւորումների լայն հնարավորություն է տալիս, ինչն էլ օգնում է՝ ցանկալի կամ անցանկալի դիմորդների մեջ ընտրություն կատարել:

«Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, այս տարվա ցածր գնահատականները գրեթե չեն տարբերվում»,- ավելացնում է Ա. Ավետիսյանը: Իսկ անցյալ տարվա նույն օրերի բացասական արդյունքները հետեւյալն են. աշխարհագրություն՝ 10 տոկոս, այս տարի՝ 14, հայ ժող. պատմություն՝ համապատասխանաբար 22 եւ 28, հայոց լեզու եւ գրակ.՝ 18 եւ 40:

Պրն Ավետիսյանը ոչ մի կերպ չհամաձայնեց այն մտքին, որ հաշվիչ կենտրոնից պահանջենք տվյալներ՝ մրցութային ծանրաբեռնվածության բեռնաթափման մասին: Ինչի միջոցով կարելի է որոշել, թե այսինչ մասնագիտության համար դիմածներից ովքեր են բացասական միավորներ ստացել եւ արդեն մրցույթից դուրս են (խոսքն, իհարկե, առաջին հայտի մրցույթի մասին է): Փոխնախագահի կածիքով, այդպիսի տվյալները ոչ ոքի չեն հետաքրքրում, եւ միաժամանակ ավելացրեց. «Դա կարող է սուբյեկտիվ ազդեցություն ունենալ. օրինակ՝ մի մասնագիտության գծով, ենթադրենք, առաջին հայտով դիմել են 30 հոգի՝ 20 տեղի համար: Հանկարծ պարզվի, որ 10-ն արդեն կտրվել է, եւ մենք հայտարարենք, որ՝ գիտեք, այս 20 տեղին արդեն մնացել է 20 հոգի: Քննությունն անցկացնող դասախոսը (ես տեսականորեն եմ ասում) կմտածի՝ որպեսզի ժամերի կրճատում չլինի, ես ու իմ գործընկերը գործազուրկ չմնանք՝ եկեք ոչ մեկին էլ չկրճատենք»:

Եթե հանձնաժողովներում նստած են իսկապես ամենաօբյեկտիվ անդամները եւ նրանց ժամանակ առ ժամանակ չի հետաքրքրում մրցույթի վիճակը, ապա ինչո՞ւ են, ըստ մեկ այլ ավանդույթի, վերոնշյալ «դժվար» քննությունների դեպքում առավելագույն գնահատականներ հայտնվում միայն վերջին օրերին:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել