Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԻՐ ՈՒՂԵԾՐԻՑ

Հուլիս 31,2004 00:00

Ինչպես
«Առավոտի» աշխատակիցները հակիրճ կշարադրեին Շեքսպիրի «Համլետը»
Հասմիկ Բուդաղյան. Ամեն ինչ սկսվեց այն պահին, երբ Համլետի հորեղբայրն ու մայրը թողեցին իրենց որդու դաստիարակությունը ինքնահոսի, անգամ, կարելի է ասել` ինչ-որ ստվերային ուրվականի հույսին: Իսկ քանի որ Համլետը ժամանակին ուսանել էր պետական նմուշի իրավունք չունեցող մասնավոր բուհում, որի հավատարմագրման ժամկետը վաղուց արդեն լրացել է, իսկ մեր ԿԳ նախարարությունը, ինչպես միշտ, անտարբեր էր այդ փաստի նկատմամբ, կատարվեց անխուսափելին: Սակայն նախագահականի վերահսկողականին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ արդեն իսկ ձեռք են առնվում բոլոր միջոցառումները, որպեսզի Համլետի դաստիարակությունը հանձնվի ավելի հուսալի անձանց: Իր հերթին նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը տեղեկացրեց, որ Կլավդիոսի շրջապատը կասկածելի կապերի մեջ է ԿԳ նախարար Սերգո Երիցյանի հետ, ինչը հղի է կոռուպցիոն ռիսկերով:

Աննա Իսրայելյան. 50 հազար կրոն՝ այսքան է Դանիայի արքայազնին «հոգեպես անհավասարակշիռ» ճանաչելու գինը: Հետեւաբար այսուհետ ցանկացած մեկին, ում այցելել է հոր ուրվականը, հնարավոր կլինի 50 հազար կրոնի դիմաց մեղադրել «հոգեգարության» մեջ: Սակայն արքայազնի առողջական վիճակը միակ խնդիրը չէ: Դանիական արքունիքում ընթացող խմորումները չէին կարող չանդրադառնալ երկրի քաղաքական վարկի վրա. արքայազն Համլետի ծանր հոգեկան վիճակը կբարդացնի Դանիա-Եվրամիություն հարաբերությունները: Հետաքրքիր է՝ եթե նման իրավիճակ ստեղծվեր Հայաստանում, որեւէ մեկը կիմանա՞ր դրա մասին: Երբ այս հարցով դիմեցինք ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին, նա խուսանավեց պատասխանից՝ ասելով, թե միայն «Ա1+»-ը չէ, որ օբյեկտիվ ինֆորմացիա էր հասցնում մեր քաղաքացիներին: Իսկ երբ նկատեցինք, որ «Ա1+»-ի եթերազրկումից հետո Հայաստանում գրանցվեց ընդդիմության վարկանիշի լուրջ անկում, պարոն Ամալյանը միայն քմծիծաղեց:

Արամ Աբրահամյան. Քանի որ Աստված ինձ այնքան խելք չի տվել, որ ես լուրջ քաղաքական վերլուծություններ կատարեմ արքայազն Համլետի եւ նրա արքունական խաղերի մասին, այդ գործը թողնում եմ քաղաքագիտության թեկնածու Տիգրան Կարապետյանին: Ես կփորձեմ այդ բարդ տրամաբանական կոնստրուկցիան բաժանել ավելի պարզ հարցերի.

ա/ եթե ուրվականը հայտնվում է եւ զրուցում իր որդու հետ՝ դա լա՞վ է, թե՞ վատ, բ/ եթե լավ է, ապա ինչո՞ւ է Համլետը հարցնում՝ «լինե՞լ, թե՞ չլինել» եւ ոչ թե՝ «ի՞նչ անել», գ/ արդյո՞ք ճիշտ վարվեց Համլետը՝ դեմ գնալով իր հարազատ մորը, եւ վերջապես՝ դ/ ինչո՞ւ են Շեքսպիրի մոտ բոլորը վերջում մահանում: Քանի մեր հասարակությունը չի գտել այդ հարցերի պատասխանը, մենք քաղաքակիրթ երկիր չենք դառնա:

Սամվել Դանիելյան. Համլետի դժբախտության մասին տեղեկությունները ստանալով՝ «Առավոտն» անմիջապես մեկնեց «Արամ Խաչատրյան» համերգասրահ: Մենք զրուցեցինք այնտեղ գտնված բոլոր դիրիժորների հետ, եւ ոչ միայն: «Ճի՞շտ է, որ Համլետի խելագարության մասին լուրերը տարածում են նրան նախանձողները, եւ ոչ միայն»՝ «Առավոտի» այս խիստ արժեքավոր դիտարկմանը նրանք պատասխանեցին, որ իրենք ամբողջ աշխարհով մեկ տարածում էին հայոց բարձր մշակույթը, իսկ Դանիայում ընտանեկան ինտրիգներով էին զբաղվում:

Մարգարիտ Եսայան. Օրերս ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը մեկնեց Դանիա, որտեղ հանդիպումներ ունեցավ Դանիայում բնակվող Հայաստանի քաղաքացիների հետ, որոնք վերջին նախագահական ընտրություններում նրան էին տվել ձայների 160 տոկոսը: Ընդդիմության առաջնորդի ելույթներն ընդհատվում էին բուռն ծափահարություններով եւ «Կեցցե մեր թագավորը» վանկարկումներով: Սակայն պարզվեց, որ այնտեղ բնակվող հայերի առաջնորդը՝ գիժ Համլետ անունով, հակասությունների մեջ է տեղի թագավորի հետ: Ճիշտ է, այնտեղ շատ շոգ էր եւ ոչ մի կոնդիցիոներ չէր աշխատում, ինչի մասին մեր դիտողությունը գիժ Համլետը ընդունեց սառնարյունությամբ: Այնինչ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե նա անմիջապես միջոցառումներ ձեռնարկեր:

Ռուզան Մինասյան. «Առավոտի» աղբյուրների համաձայն, թունավորել է թագավորին նրա եղբայրը մի քանի ամիս առաջ: Գաղտնի փականով դանակ, 100 ԱՄՆ դոլար եւ բջջային հեռախոս է հայտնաբերվել գրպանում նրա: Առայժմ ոչ մի պարզաբանում չի տալիս Շիրինյանը Սայադ: Սակայն շրջանառվող լուրերի համաձայն, ինքն էր ուզում թագավոր դառնար Կլավդիոսը: Տեղազննման ժամանակ ուրիշ դիակներ էլ հայտնաբերեցի: Քրեական գործ է հարուցվել, վերադարձվել է գողոնը:

Աշոտ Հակոբյան. Արքայազն Համլետի ցավալի պարտությունը Լաերտին (լրացուցիչ ժամանակում՝ թունավոր հարվածներով) եւս մեկ անգամ վեր հանեց Դանիայի արքունիքում զանգվածային սպորտի լուրջ թերացումներն ու բացթողումները: Պատճառն ակնհայտ է. Դանիայի մարզական կառույցը (առայժմ) չի ղեկավարվում Իշխան Զաքարյանի նման բարձր պրոֆեսիոնալն ու հմուտ կազմակերպիչը: Լիներ Իշխան Զաքարյանը Դանիայում, Համլետը կսպաներ Կլավդիոսին առաջին իսկ գործողության ժամանակ, եւ ոչ մի ողբերգություն էլ տեղի չէր ունենա: Մնում է միայն շահագրգիռ մարմինների ցանկությունը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել